Վռազողը տղա չի բերում. Շարմազանովը` ԲՀԿ-ականներին
Ազգային ժողովում այսօր քվեարկության դրվեց ”Արտոնագրային վճարումների մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Տեխնիկական խնդիրների պատճառով ԱԺ մեծամասնության 6 պատգամավորներ կողմ քվեարկեցին նախագծին, որով արդեն նախագիծն ընդունվում էր: Երբ նախագիծը կրկին դրվեց քվեարկության, ԲՀԿ խմբակցության պատգամավորները, ովքեր ևս սխալ էին քվեարկել, պահանջեցին կրկին քվեարկության չդնել: Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ տեխնիկական խնդիրներ կային, կոճակները չեն աշխատել:
Վարման կարով ձայն խնդրեց ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը. ”Հարգելի նիստը նախագահող, խնդրում եմ հիմնավորեք կրկնակի քվեարկությունը”: Շարմազանովը հիմնավորեց. ”Ձեր խմբակցության երկու հոգի սխալ է քվեարկել, մեր խմբակցությունից վեց հոգի, դրա համար վերաքվեարկություն դրվեց”: ԲՀԿ-ական պատգամավոր Էլինար Վարդանյանը պահանջեց հղում անել ԱԺ կանոնակարգին, թե որտեղ կա սխալ քվեարկություն տերմինը: ԱԺ նախագահը նշեց, թե կարող է ինքը հղում անել և հավելեց` նիստը նախագահողը պետք է ապահովի ԱԺ բնականոն աշխատանքը:
”Իսկ քանի որ չի աշխատել սարքավորումը՝ մենք նորից ենք քվեարկում: Եվ հետո նախագիծն այսպես թե այնպես չէր անցել, ինչումն է խնդիրը, չեմ հասկանում”,-ասաց նա: Կողմ 39 , դեմ 62, 3 ձեռնպահ քվեներով որոշումը չանցավ:
Երբ քվեարկության դրվեց հաջորդ նախագիծը, ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը կրկին շտապեց խոսել: ”Վռազոտը տղա չի բերում”,-ի պատասխան ԲՀԿ-ականների` ասաց Շարմազանովը: ”Հազիվ մեկ անգամ ակամայից մի լավ բան արեցիք, անմիջապես չեզոքացրեցիք, ուզում եմ պարզաբանեք”,-ասաց Ուրիխանյանը: Էդուրադ Շարմազանովը պատասխանց, թե սխալը տեխնիկական էր: