Տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը
Սեպտեմբերի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ, որը նվիրված էր զինված ուժերում սպառազինության եւ ռազմական տեխնիկայի պահպանման, շահագործման եւ զորքերի տեխնիկական ապահովման վիճակին: Նիստը վարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Հայաստանի եւ Արցախի զինված ուժերի համագործակցության շրջանակում նիստին մասնակցում էին նաեւ ՊԲ-ի ներկայացուցիչները:
Ողջունելով նիստի մասնակիցներին եւ ներկայացնելով օրակարգում ներառված խնդիրները` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի համալրման ծրագրերն էական նշանակություն ունեն զինված ուժերի մարտունակության հետագա բարձրացման համար: Պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքերով` աշխարհաքաղաքական ներկա լարված իրավիճակում չափազանց կարեւոր է ուշադրություն դարձնել անձնակազմի պատրաստության եւ սպառազինության, ինչպես նաեւ ռազմական տեխնիկայի ճիշտ շահագործման հարցերին, քանի որ հակառակորդը ոչ մի առիթ բաց չի թողնում սահմանին լարվածություն ստեղծելու համար:
Նախքան օրակարգում տեղ գտած հարցերի քննարկմանն անցնելը Սեյրան Օհանյանը շնորհավորեց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանին եւ ՀՀ ԶՈՒ ինժեներական զորքերի պետ, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանին` հանրապետության նախագահի հրամանագրերով զինվորական հերթական կոչումներ ստանալու կապակցությամբ:
Նիստի ընթացքում զեկույցով հանդես եկավ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը: Հանգամանալից ներկայացնելով սպառազինության եւ ռազմական տեխնիկայի պահպանման, շահագործման, զորքերի տեխնիկական ապահովման վիճակը, առկա խնդիրներն ու բարելավման ուղիները, գեներալ-լեյտենանտը փաստեց, որ հաշվետու ժամանակահատվածում ձեռքբերման եւ վերանորոֆման եղանակով ԶՈՒ-երը համալրվել են մարտունակության եւ անձնակազմի պաշտպանվածության բարձրացմանը միտված սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով:
Նշվեց, որ զգալի աշխատանք է տարվել դրանց հուսալի եւ անխափան աշխատանքի ապահովման, զինամթերքի ու ռազմատեխնիկական ունեցվածքի պաշարների կուտակման, ինչպես նաեւ շահագործող անձնակազմի գիտելիքների եւ մասնագիտական ունակությունների կատարելագործման ուղղությամբ: Այս ամենից զատ` կանոնակարգվել ու հստակեցվել են սպառազինության ու ռազմական տեխնիկայի օգտագործման, սպասարկման, նորոգման ու պահպանման պահանջները:
Հարակից զեկույցներով հանդես եկան նաեւ ՀՀ ՊՆ ՆՏԱԴ տեխնիկական ապահովման վարչության պետ, գնդապետ Սերոբ Աբրահամյանը եւ ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերական վարչության պետ Մուրադ Իսախանյանը, ովքեր ներկայացրին սպառազինության ու ռազմական արդյունաբերության ընդլայնման ուղղությամբ վերջին մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքները, զարգացման ծրագրերն ու համագործակցության խորացման հեռանկարները:
Կոլեգիայի նիստը եզրափակվեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ելույթով: Ամփոփելով նիստի աշխատանքները, ի մի բերելով զեկույցներում հնչած փաստերը, հետեւություններն ու առաջարկները, ինչպես նաեւ անդրադառնալով ձմեռվա նախապատրաստական աշխատանքներին` պաշտպանական գերատեսչության ղեկավարն ուղենշեց հետագա ծրագրերը եւ մի շարք հանձնարարականներ տվեց ոլորտի պատասխանատուներին:
Հավելենք նաեւ, որ կոլեգիայի նիստին ընդառաջ` պաշտպանության նախարարության վարչական համալիրում կազմակերպվել էր ռազմաարդյունաբերական համալիրի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների կողմից մշակված եւ թողարկված արտադրատեսակների ցուցադրություն: