Նվիրված է Հովհաննես Չեքիջյանին
Այսօր ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցեց Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 85-ամյակին նվիրված գիտական նստաշրջանի բացման արարողությանը:
Պարոն Հարությունյանը շնորհավորեց սիրելի մաեստրոյին ծննդյան տարելիցի կապակցությամբ` մաղթելով առողջություն, ստեղծագործական նորանոր բարձունքներ եւ ամենայն բարիք.
“Թանկագին պարոն Չեքիջյան,
ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ` ծննդյան 85-ամյակի կապակցությամբ:
Դիրիժորական եւ մանկավարժական Ձեր բազմամյա գործունեությունը մեծ նպաստ է բերել մեր խմբերգային արվեստի զարգացմանը: Ձեր ղեկավարությամբ մեծ վարպետությամբ կատարվել են դասական եւ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները, հայկական ժողովրդական երգեր, օպերաներից հատվածներ, որոնք, հանդիսանալով համաշխարհային երաժշտության անկրկնելի գոհարներ, տասնյակ տարիներ ոգեւորել եւ կրթել են սերունդներ:
Անուրանալի է ինքնատիպ գեղարվեստական մտածողությամբ, կատարողական վարպետությամբ եւ արտիստիզմով աչքի ընկնող երաժշտական կյանքի հմուտ կազմակերպչի եւ մանկավարժի Ձեր վաստակը: Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը` հռչակավոր Կապելլան, եղել եւ մնում է մեր ժողովրդի կողմից ամենասիրված երաժշտական կոլեկտիվներից մեկը:
Այսօր էլ Դուք շարունակում եք ստեղծագործական եռանդուն գործունեությունը, ինչի արդյունքում, վստահ եմ, ծնվելու են նոր գլուխգործոցներ` ի շահ մեր մշակութային գանձարանի հարստացման:
Մեկ անգամ եւս շնորհավորելով ծննդյան տարելիցի կապակցությամբ` մաղթում եմ Ձեզ, սիրելի մաեստրո, առողջություն, ստեղծագործական նորանոր բարձունքներ եւ ամենայն բարիք”: