Սահմանամերձ գյուղերն՝ արտոնյալ
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց ”Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին” և մի շարք այլ օրենքների նախագծերի փաթեթեին: Լրագրողների հետ զրույցում Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը հայտնեց, այս փաթեթով սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող տնտեսվարող սուբյեկտներն ազատվում են հարկերից:
”Արտոնությունը վերաբերում է ինչպես ավելացված արժեքի հարկին, շահութահարկին, այնպես էլ եկամտահարկին: Բնականաբար, արտոնություն է սահմանված նաև այն բոլոր գործունեության տեսակների համար, որոնք հարկվում են այլընտրանքային հարկման դաշտում արտոնագրային վճարներով”,-բացատրեց նա:
Վ. Միրումյանը նշեց, որ օրենքը ունի նաև որոշակի կարգավորումներ, որպեսզի այդ արտոնությունները հասցեական լինեն և չստեղծվի այնպիսի վիճակ, որ արդեն իսկ գործող ձեռնարկատերերը իրենց բիզնեսը արհեստականորեն տեղափոխեն հանրապետության սահմանապահ գյուղեր՝ արհեստական հաշվառվելու եղանակով և խուսափեն հարկերից:
Փաթեթում, վարչապետի առաջարկով, կընդգրկվեն նաև ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նույն խնդրի վերաբերյալ ունեցած առաջարկները: