31 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Պոպուլիզմն այլևս չի աշխատում։ Նպատակները այդպես էլ կմնան դատարկ խոսքեր, եթե չունես գոնե 3 ամսվա ծրագիր․ Փաստ

Աշխարհը փորձում է համակերպվել կորոնավիրուսի պայմաններում ապրելուն։ Կանոններ են մշակվում աշխատանքային գործընթացի արդյունավետությունը համավարակի պայմաններում պահպանելու, մրցունակ արտադրանք թողարկելու, դրանք արտահանելու և ներդրումներ ներգրավելու ուղղությամբ։ Այն պետությունները, որոնք կկարողանան մշակել համապատասխան գործիքակազմ համավարակի պայմաններում զարգացում ապրելու համար, հետկորոնավիրուսային աշխարհում ավելի մրցունակ կդառնան։ Իսկ այն երկրները, որոնք ի վիճակի չեն լինի արդյունավետ կառավարման միջոցով դուրս գալ ստեղծված ծանր պայմաններից, ավելի կմխրճվեն ճգնաժամի ճահճում։ Հայաստանում համավարակի ամբողջական հաղթահարման մասին խոսելը դեռևս անիմաստ է, քանի որ վարակի տարածման թվերի կտրուկ նվազում նկատելի չէ։

Բացի այդ, աշխարհում գրանցված փորձը ցույց է տալիս, որ կորոնավիրուսի տարածման տեմպերի նվազումը կարող է խաբուսիկ լինել, և ինչ-որ պահի թվերը սկսեն շեշտակի աճել։ Բայց այսպիսի իրավիճակը չի ենթադրում, որ իշխանությունները չպետք է օր առաջ քայլեր ձեռնարկեն ճգնաժամի ազդեցությունը թոթափելու ուղղությամբ։ Ու ընդհանրապես, ապագայի տեսլական կամ ռազմավարություն ունենալն այս դեպքում ուղղակի անհրաժեշտություն է։ Այլ հարց է, որ այդ ռազմավարությունը պետք է լինի իրատեսական, իսկ դրա հիմքում ընկած լինեն փաստական տվյալները և իրավիճակի համակողմանի վերլուծությունը։ Իսկ հիմա դիտարկենք, թե մեր իշխանություններն ինչպիսի ռազմավարություն են առաջարկում, որում արտացոլված դրույթներից էլ պարզ կդառնա դրա իրատեսական լինելու աստիճանը։

Հայաստանի Անկախության 29-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակում վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050թ. ռազմավարությունը։ Նախ՝ հարց է առաջանում, թե ինչո՞ւ է ռազմավարության մեջ ընտրվել կառավարման տեսանկյունից շատ մեծ՝ 30 տարվա միջակայք։ Եթե այդպիսի ժամանակային կտրվածքով նպատակադրումներ են արվում, ապա գոնե ռազմավարության մեջ պետք է տեղ գտնեն նաև կարճաժամկետ և միջնաժամկետ նպատակադրումներ։ Չէ՞ որ մեծ արդյունքներն ի վերջո փոքր նվաճումների համախումբ են։ Նախ՝ պետք է պատկերացնել, թե ինչ ճանապարհ է անցնելու երկիրը և որ ժամանակահատվածում ինչ իրավիճակում է գտնվելու, հետո միայն խոսել ճանապարհի վերջնակետին հասնելու մասին։

Բացի այդ, ռազմավարության մեջ ամրագրված նպատակներին հասնելու համար պետք է գործուն մեխանիզմներ առաջարկված լինեն, որպեսզի հնարավոր լինի պատկերացում կազմել, թե ինչպիսի քայլերի և միջոցառումների հաջորդականություն է գործելու, ինչ նպաստող և խանգարող գործոններ գոյություն ունեն։ Սակայն սրա փոխարեն մենք տեսնում ենք միայն մինչև 2050 թվականի համար նախատեսված անորոշ նշաձող, իսկ ավելի կոնկրետ՝ ճոխ բաժակաճառերի հավաքածու։ Այս երևույթը նոր չէ մեր իրականության մեջ։ Հիշում ենք, որ 2019 թվականի օգոստոսի 5-ին էլ Ստեփանակետի Վերածննդի հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ վարչապետ Փաշինյանը դարձյալ հայտարարում էր մինչև 2050 թվականը իրականացվելիք ռազմավարական նպատակների մասին։

Բայց այս նպատակները այդպես էլ կմնան դատարկ խոսքերի կամ սպիտակ թղթի վրա չորացած թանաքի մակարդակի, եթե չկա ռազմավարական նպատակին հասնելու մարտավարությունը, ավելին, եթե չունես նույնիսկ առաջիկա գոնե երեք ամսվա զարգացման ծրագիր ու տեսլական: Իշխանությունները պետք է արդեն գիտակցեն, որ պոպուլիզմն այլևս չի աշխատում, քաղաքացիներին սին հույսերով կերակրելու փոխարեն ավելի նախընտրելի կլինի բնակչությանը ներկայացնել իրականությունը, ինչքան էլ այն «գույնզգույն» չլինի։ Այդ դեպքում միայն հանրությունը կզգա, որ իշխանություններն ազնիվ են իրենց դիրքորոշումներում։

Թե չէ, բոլորն էլ գիտակցում են, որ 30 տարվա կտրվածքով խոստում տալն ամենահեշտն է. այն ժամանակ ո՞վ ումից պիտի հաշիվ պահանջի: Իսկ ահա կարճաժամկետ ապագայի համար խոստումներ տալը սարսափեցնող է, քանզի իշխանություններն էլ հասկանում են, որ կյանքի կոչել չեն կարողանալու, և հասարակությունը պահանջներ է ներկայացնելու:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ