16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Այդ գնահատականը վաղ թե ուշ լինելու է. Նախագահ Սերժ Սարգսյանը Վենետիկում է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով մեկնել է Սուրբ Աթոռ (Վատիկան): Հանրապետության Նախագահը Հռոմում՝ Վիտտորիանո թանգարանային համալիրում մասնակցել է ”Արևելքի առակ. Քրիստոնեությունը նոր հազարամյակի մարտահրավերների առջև” խորագրով լուսանկարների ցուցահանդեսի բացմանը:

Այն նպատակ է հետապնդում միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Մերձավոր Արևելքի` հազարամյա արմատներ ունեցող` այժմ վտանգված քրիստոնյա համայնքների վիճակի, ինչպես նաև` տարածաշրջանում քրիստոնեական մշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտության վրա: Ցուցահանդեսում ընդգրկված են Մերձավոր Արևելքի ինը երկրներում արված լուսանկարներ, առանձին բաժին է կազմում Ջուղայի հայկական խաչքարերի ոչնչացումը փաստող վավերագրական ֆիլմը:

Ցուցահանդեսը, որ ս.թ. օգոստոսի 24-ին Իտալիայի Ռիմինի քաղաքում Ժողովուրդների բարեկամության ամենամյա փառատոնի շրջանակներում, կազմակերպվել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ և նրա հովանու ներքո, Հռոմից բացի, կշրջի այլ քաղաքներում ևս:

Ցուցահանդեսի բացմանը ելույթով հանդես է եկել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Ցուցահանդեսի թեմայի կարևորության, նպատակի, Մերձավոր Արևելքի քրիստոնյաների վիճակի և առհասարակ քրիստոնեության գոյության, սոցիալական, մշակութային արժեքների պահպանման նկատմամբ խորը մտահոգության մասին իրենց ելույթներում խոսել են նաև Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը, Սանտ Էջիդիո համայնքի նախագահ Մարկո Իմպալիացցո, Սուրբ Աթոռի մշակույթի հարցերով քահանայապետական խորհրդի նախագահ կարդինալ Ջանֆրանկո Ռավազին

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Հռոմում ”Արևելքի առակ. Քրիստոնեությունը նոր հազարամյակի մարտահրավերների առջև” խորագրով լուսանկարների ցուցահանդեսի բացմանը

Բարձրաստիճա՛ն հոգևոր հայրեր,
Հարգելի՛ հյուրեր,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ուշադիր և անխոս դիտեցի այս բացառիկ ցուցահանդեսի յուրաքանչյուր ցուցանմուշը: Այս պահին էլ ես այդ այրող ազդեցության տակ եմ: Եթե ինձ ելույթով հանդես գալու պատիվն ընձեռված չլիներ, գուցե և դեռ երկար կլռեի: Դիտածս լուսանկարների պես: Պատմելով այս ցուցահանդեսի մասին՝ մեր դեսպանն այն բնորոշում էր որպես լուռ ճիչ. ճիչ Քրիստոնեության հայրենիք Միջին Արևելքում Քրիստոնեության կրած ու դեռ կրելիք հարվածների մասին: Այո՛, լուռ ճիչ. շատ դիպուկ է ասված:

Կարծում եմ` այսօր այս սրահում հարցերն ավելի շատ են, քան պատասխանները:

Արդյո՞ք ամեն ինչը ճիշտ ենք անում:

Արդյո՞ք այս ամենը մեր նախկին չարած քայլերի կամ կիսաքայլերի հետևանքը չէ:

Արդյո՞ք միշտ և ամենուր հավուր պատշաճի գնահատականներ ենք տվել արմատից մերժման ենթակա իրողություններին` դրանց կրկնությունները բացառելու համար:

Արդյո՞ք հանդուրժողականության և համակեցության խրախուսման մեր ջանքերում մենք միշտ և բավարար կամային ենք եղել:

Արդյո՞ք միահամուռ ենք այլատյացության ու մոլեռանդության ցանկացած դրսևորման դեմ:

Չգիտեմ. չունեմ այս և այս դահլիճում ցուցադրվող լուսանկարներից հորդող մյուս բոլոր հարցերի համապարփակ պատասխանները:

Ես մի բանում եմ վստահ. ցեղասպանություններին, այլատյացության սերմանմանը, մշակութային արժեքների բարբարոսաբար ոչնչացմանը և նմանօրինակ մյուս բոլոր երևույթներին ժամանակին չտրված հստակ, առանց երկիմաստության գնահատականները հանգեցնում են այդ ամենի կրկնությանը: Օրինակնե՞ր: Որքան ուզեք:

Միայն մեկը կասեմ: Քիչ առաջ մենք հնարավորություն ունեցանք դիտելու, թե ինչպես նպատակաուղղված կերպով ոչնչացվեցին Ջուղայի միջնադարյան հայկական խաչքարերը՝ հայ ժողովրդի ինքնության, մշակույթի և հավատքի ակնառու կոթողները։ Ջուղայի դարավոր գերեզմանոցի ոչնչացումը` իր 9-ից 16-րդ դարեր թվագրվող հազարավոր նրբատաշ, եզակի խաչքարերով, վերջին երկու տասնամյակում Նախիջևանի և Ադրբեջանի ողջ տարածքի հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության իսպառ ոչնչացման քաղաքականության վայրագ դրսևորումն էր, որն այդպես էլ չստացավ միջազգային հանրության պատշաճ գնահատականը:

Ի՞նչ եք կարծում, որքան մարդ տարածաշրջանում ու ողջ աշխարհում եզրակացրեց, որ փաստորեն կարելի է քլունգներով հիմնահատակ փշրել մի ողջ ժողովրդի՝ դարերով ամբարած մշակութային ժառանգության կոթողները և պարզապես անպատիժ մնալ: Իհարկե՛, շատ շատերը: Այդ դեպքում ինչու՞ չպետք է Նախիջևանում այդպես հեշտորեն իրականացվածը չկրկնեն Իրաքում, Սիրիայում կամ մեկ այլ վայրում: Եվ կրկնում են, ինչպես ակնառու վկայում է այս ցուցահանդեսը:

Ուրեմն այս ցուցահանդեսը լռելու կամ թևաթափ լինելու մասին չէ: Ճիշտ հակառակը: Համախմբվելու ու կրկնակի եռանդով գործելու անհրաժեշտության մասին է: Վստահ եմ՝ այս ցուցահանդեսի հակառակ ուղերձը պարունակող ցուցահանդես էլ այսօր կարող ենք հավաքել: Այն մասին, թե ինչպես է, ասենք, Լիբանանը՝ լուռ, առանց բարձր հնչեցումների ընդունում, պատսպարում, պաշտպանում ու կեցություն ապահովում միլիոնավոր քրիստոնյաների համար: Շնորհակալության ցուցահանդես կարող է լինել դա, իհարկե:

Մի բան հաստատ է. հանդուրժողականության, այդ թվում և կրոնական հանդուրժողականության արմատավորման համար մենք պահ անգամ հապաղելու իրավունքը չունենք: Անհստակ լինելու իրավունքը չունենք. արդյունքները մենք տեսնում ենք լուսանկարներում:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Այսօր ապրողներս անմիջականորեն պատասխանատու ենք ապագայի ու անցյալի կապի անխախտելիության համար: Մեր արժեքների հարատևության համար:

Ժամանակակից աշխարհը գլխապտույտ արագությամբ դեպի ապագա է սլանում: Տեխնոլոգիական առաջընթացի ժամանակակից հանճարներն անընդհատ մոտեցնում են ապագան. այսօր, օրինակ, բոլորս կարող ենք գերորակյալ տեսագրություններ դիտել հենց մեր հեռախոսների էկրանների վրա: Այո՛, ժամանակակից ինժեներներն իրենց գործը փայլուն են անում: Իսկ մե՞նք:

Մենք բոլորս, որ պատասխանատու ենք ամեն ժամանակակիցը մեր արժեքային համակարգով ամրապնդելու համար: Միթե՞ ստեղծողներն այդ հեռախոսները չեն մշակել նրա համար, որ մարդիկ մշտապես կարողանան երջանկության պահեր վերապրել՝ ասենք, իրենց զավակների մկրտության արարողության կամ առաջին քայլերի տեսագրությունները պարբերաբար վերադիտելով: Եթե այո, ապա ինչու՞ այս օրերին այդքան հաճախ են այդ հեռախոսներն օգտագործվում գլխատվող քրիստոնյա լրագրողների մասին ահասարսուռ կադրերը դիտելու համար:

Ինչու՞ նման տեսարանները մեր օրերում դեռ հնարավոր են: Այստեղ խզում կա, համաձայն չե՞ք. ժամանակների, արժեքների ու գործադրվող ջանքերի միջև գոյություն ունեցող խզում:

Նավթագործները մեր օրերում աշխարհամասեր են կապում գերժամանակակից խողովակաշարերով՝ փոքրացնելով տարածությունն ու ժամանակը: Իսկ մե՞նք… մենք՝ բոլորս, որ պարտավոր ենք հոգ տանել բնական ռեսուրսները խաղաղությանը, զարգացմանը, հանդուժողականությանն ու համակեցությանը ծառայեցնելու համար, արդյո՞ք համաչափ հետևողական ենք մեր պարտականություններում:

Կարողանու՞մ ենք նավթամուղների խողովակների վրայո՛վ նայել և հաստատակամ մատնացույց անել բռնապետին, որ ստրկության շղթաներին է գամել իր ողջ ժողովրդին ու ամեն օր արյամբ է սպառնում հարևանին: Պարտավո՛ր ենք անել՝ ապագա այսօրինակ, բայց ավելի խոշոր ցուցահանդեսներից խուսափելու համար:

Հարգարժա՛ն հյուրեր,

Մի քանի ամսից մենք խնկարկելու ենք Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը՝ մարդկության դեմ գործված մի հանցագործության, որը, ավաղ, մինչ օրս պատշաճ գնահատականի չի արժանացել: Բայց այլընտրանք պարզապես չկա. այդ գնահատականը վաղ թե ուշ լինելու է, լինելու է ամբողջական, համապարփակ և միարժեք:

Ճշմարտությունն այն է, որ առանց անցյալի հանցանքների դատապարտման չի կարող լինել խաղաղություն և չի կարող լինել անվտանգ ապագա։ Հենց այս նպատակի համար՝ մենք չենք կարող թույլ տալ օգտագործել հավատքը հանուն այլատյացության կամ ընդդեմ այլ կրոնների: Չենք կարող թույլ տալ ծառայեցնել կրոնը հանուն պատերազմի և բռնության, այլ պետք է կրոնի ուժն ու զորությունն ի գործ դնենք աշխարհի բոլոր անկյուններում երկխոսության և հանդուրժողականության հաստատման ու պահպանման նպատակին։

Լիահույս եմ, որ կրոնների համերաշխությանն ու հանդուրժողականությանը միտված քրիստոնեական ուղերձն ի վերջո կգերիշխի, և հավատը, հույսն ու սերը զորավիգ կլինեն մեզ՝ պաշտպանելու մեր արժեքները և պաշտպանելու արդարությունը:

Աստված բոլորիս պահապան:
Շնորհակալ եմ ուշադրության համար:

Նախագահն այցելել է նաև Սան Բարտոլոմեո (Սուրբ Բարդուղիմեոս) եկեղեցի, որի մատուռներում տեղ են գտել քրիստոնյա նահատակների՝ այդ թվում Հայոց ցեղասպանության նահատակների վերաբերյալ հիշատակումներ: Եկեղեցու գլխավոր խորանի առջև Սերժ Սարգսյանը ծաղկեպսակ է դրել և հարգանքի տուրք մատուցել նահատակների հիշատակին:

Հանրապետության Նախագահը դիմելով եկեղեցում հավաքված հավատացյալ ժողովրդին՝ նշել է, որ հայ ժողովրդի պատմության մեջ եկեղեցին առանձնահատուկ նշանակություն և դերակատարություն է ունեցել: Ընդգծելով, որ հայ ժողովուրդը տևական ժամանակ պետականություն չի ունեցել. վերջին հայկական թագավորությունը մարել է 600 տարի առաջ՝ Սերժ Սարգսյանն ասել է, որ պետականության բացակայության պայմաններում եկեղեցին պետության շատ գործառույթներ վերցրել է իր վրա:

Նախագահի խոսքով, Հայաստանում համարում են, որ նաև դրա շնորհիվ է, որ մեր ժողովուրդը կարողացել է անցնել պատմության քառուղիներով և հասնել 21-րդ դար: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Սուրբ Բարդուղիմեոսը, ում անունով կոչվում է Հռոմում՝ Տիբեր կղզու վրա գտնվող այս եկեղեցին, համարվում է Հայ եկեղեցու հիմնադիրներից մեկը: «Թող Աստված մեզ բոլորիս ուժ ու կարողություն տա, որպեսզի մենք մեր քրիստոնեական արժեքները կարողանանք փոխանցել մեր սերունդներին»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Ի պատիվ Հայաստանի Նախագահի՝ այսօր Սան Էջիդիո քրիստոնեական համայնքի անունից տրվել է ճաշ:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ