17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Խոշոր ներկրողներ կան, իրենց կախել են, մոստից գցել են․ ավտոներկրողները կառավարությունից քայլեր են պահանջում

Մենք ուզում ենք հասկանանք Կառավարության դիրքորոշումը, բայց  լռում են, Ղազախստանն ու Ռուսաստանը բոյկոտում են հայկական պետհամարանիշներով մեքենաները։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 14-ին, Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը։

«Ես ուզում եմ, որ մեր վարչապետը այս ամբողջ  գործընթացին տիրապետելու համար հարց ուղղի Ռուսաստանին, թե մեր մեղավորությունը ո՞րն է, ի՞նչ են ուզում, մշտական գրանցում են ուզո՞ւմ, կացության կարգավիճակ են ուզո՞ւմ։ Այս հարցերը թող մեր Կառավարությունն ուղղի։ Հարցն այն չէ, որ մենք եկել, ասում ենք՝ մեր կուտակված մեքենաները ո՞նց վաճառենք, հարցն այն է, որ Ռուսաստանն ու Ղազախստանը բոյկոտում են հայկական պետհամարանիշներով մեքենաները»,- ասաց Տիգրան Հովհաննիսյանը։

«Ասենք՝ խոշոր ներկրողներ կան, իրենց կախել են, մոստից գցել են, որովհետև բանկերի տակ են։ Էդ գումարը տարիներով հավաքած գումար է, բացի այդ բանկերից, դեսից դենից, տուն ենք գրավ դրել, էդ փողերը վերցրել ենք գործի մեջ դրել։  Եթե էդպիսի բան կար, թող ասեին՝ ժողովուրդ, էդքան մեքենա մի բերեք, որովհետև  չեք կարողանալու դրսում վաճառելու։ Մենք էլ կիմանայինք ու 50 մեքենա կբերեինք, ոչ թե 1000 հատ։ Անձամբ ես 1000 հատ մեքենա եմ բերել եմ, էդքան փող է բյուջե լցվել, ու հիմա իրենք ձեռքերը լվացել  ու քաշվել են մի կողմ»,- շարունակեց ավտոներկրողներից մյուսը։

Նա հավելեց, որ այս ընթացքում օնլայն մեքենա  է վաճառել, բայց ստիպված է եղել գումարը հետ ուղարկել։

«Ովքեր էլ որ առել են, զանգում են, լացում են սրտճամլիկ, ասում են՝ մեր վերջին գումարով եկել ենք էդ մեքենան առել են, հիմա ի՞նց անենք, չեն թողնում քշենք»,- ասաց նա։

Ավտոներկրողները ցանկություն հայտնեցին հանդիպել ՊԵԿ նախագահի, ԱԳ նախարարի և ոստիկանապետի հետ։

Հիշեցնենք, որ Ռուսաստանում հուլիսից հայկական պետհամարանիշ ունեցող ՌԴ քաղաքացիներին չեն թույլատրում երթևեկել։ Նրանց ստիպում են այնտեղ  ևս հաշվառման կանգնել, Ռուսաստանի մաքսային դրույքաչափերով մեքնենան նորից մաքսազերծել, այլապես այդ մեքենաները կառգրավվեն։ Հավելենք նաև, որ ավելի վաղ ՌԴ քաղաքացի գնորդը տեսաուղերձով դիմել էր  ՀՀ Կառավարությանը, ակնկալելով աջակցություն, քանի որ Ռուսաստանում նրանց ձայնը լսելի չէ։

«Հարգելի՛ Նիկոլ Փաշինյան, հավանաբար լսել եք այն մասին, թե ի՞նչ է կատարվում Ռուսաստանում՝ կապված հայկական համարանիշով մեքենաների հետ: ՀՀ-ից 2017 թվականից ՌԴ քաղաքացիները մեքենաներ են գնել, ոչ մի խնդիր չի առաջացել: Շատ ենք ուզում օգնել մեր քաղաքացիներին՝ ցանկանալով ունենալ նաև ձեր աջակցությունը: Եվ այն քաղաքացիներին, ովքեր ՀՀ-ից մեքենա են գնել, ստիպում են ՌԴ-ում ևս հաշվառման կանգնել: Սրա համար պետք է գումար վճարել: Խոսքը մեծ գումարների մասին է: Մոտ 300․000 ռուս մնալու է առանց ավտոմեքենայի, որովհետև ստիպում են կրկին մաքսազերծել մեքենաները, բայց ոչ ոք չի անելու դա: Մենք նաև այնքան գումար չունենք, որ նմանատիպ մեքենա գնենք Ռուսաստանում: Մենք չենք կարողանա նաև մեքենաների հարկերը վճարել, որը վնաս է լինելու ՀՀ տնտեսությանը: ՀՀ-ում վաճառքի ենթակա շատ մեքենա կա: Ձեր ավտոներկրողները հիմա այն չեն կարողանա վաճառել: Մենք երկխոսություն ենք ակնկալում ձեր ու մեր իշխանությունների միջև, քանի որ կարծում ենք՝ մեր իշխանությունները չեն հետևում ԵԱՏՄ կանոններին»,- ասված էր տեսաուղերձում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ