25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտում 42․6% անկում է գրանցվել

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է 2019-2020թթ.-ի հունվար-hունիս ամիսներին ծառայությունների ծավալին: Նշենք, որ ծառայությունների ճյուղը ներառում է կացության և հանրային սննդի կազմակերպման, տեղեկատվական տեխնոլոգիաների, առողջապահության, կրթության, ֆինանսական և ապահովագրական  գործունեության, ինչպես նաև սպասարկման այլ ծառայությունների ոլորտները և այլն:

2020թ.-ի առաջին կիսամյակում ծառայությունների ծավալի անկումը 2019թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ եղել է 6.4%՝ կազմելով շուրջ 861.69 մլրդ ՀՀ դրամ: 2020թ.-ի երկրորդ եռամսյակում կիրառվող սահմանափակումների և զբոսաշրջիկների բացակայության հետևանքով ծառայությունների ծավալի անկումը կազմել է 17.1%՝ 2019թ. նույն ժամանակահատվածի նկատմամբ: 2020թ.-ի առաջին եռամսյակում 2019թ.-ի նույն եռամսյակի համեմատ ծառայությունների ծավալի 6% աճ էր արձանագրել, որի շնորհիվ էլ հնարավոր է եղել մեղմել 2020թ.-ի երկրորդ եռամսյակի 17.1% անկումը՝ 2019թ. նույն ժամանակահատվածի նկատմամբ (տե՛ս գծապատկեր 1):  

Գծապատկեր 1. Ծառայությունների ծավալի աճի տեմպը (%) 2020թ.-ի հունվար-հունիսին՝ նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ

Դիտարկվող ժամանակահատվածում ֆինանսական և ապահովագրական գործունեության մասնաբաժինը կազմել է շուրջ 26.5%, մշակույթի, զվարճությունների և  հանգստինը՝ 25.7%, իսկ  տեղեկատվության և կապի դեպքում՝ շուրջ 15.8%: Վերոնշյալ երեք ոլորտիների ծավալների տեսակարար կշիռը կազմել է ընդհանուր ծավալի 68%-ը: 2020թ.-ի առաջին կիսամյակում 2019թ.-ի նույն կիսամյակի համեմատ այս երեք ոլորտների համապատասխանաբար՝ 11.7, 1.6 և 7.1% աճի շնորհիվ է մեղմվել ծառայությունների ճյուղի մնացած ոլորտների կտրվածքով արձանագրված անկումը:

2019թ.-ի հունիսի համեմատ 2020.թ-ի հունիս ամսին, երբ ծառայությունների ճյուղը ներկայացնող տնտեսական գործունեությունների վրա տարածվող գրեթե բոլոր սահմանափակումները հանվել էին, սակայն սահմանները դեռ մնում էին փակ, միջազգային կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացնելու տեսանկյունից, ծառայությունների ծավալը զգալի անկում արձանագրեց՝ 15.9%: Այս անկումը բացատրվում է մի քանի հանգամանքով: Առաջին և հիմնական պատճառը այն է, որ 2019թ.-ի հունիսին 2018թ.-ի նույն ամսվա համեմատ ծառայությունների ծավալի շուրջ 10.2% աճ է արձանագրվել, և տրանսպորտի, ինչպես նաև կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտների կտրվածքով 2020թ.-ի հունիսին 2019թ.-ի նույն ամսվա համեմատ ծավալների կրճատումը կազմել է համապատասխանաբար  41.4 և 65.2%:

Ծառայությունների ծավալում 5 և ավել տոկոս մասնաբաժին ունեցող ոլորտների կատարողականը դիտարկելիս ամենամեծ անկումը 2020թ.-ի առաջին կիսամյակում 2019թ.-ի նույն կիսամյակի համեմատ արձանագրվել է կացության և հանրային սննդի կազմակերպման, ինչպես նաև տրանսպորտի դեպքում՝ համապատասխանաբար 42.6 և 25.8%, ինչը բացատրվում է սահմանափակումներով, սահմանների փակ լինելով և տնային տնտեսությունների իրական եկամուտների կրճատումով:  Կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտի ծավալների 42.6% անկումը հիմնականում բացատրվում է կացության կազմակերպման ենթաոլորտի ծավալների 61.2% անկմամբ, ինչպես նաև հանրային սննդի կազմակերպման կտրվածքով արձանագրված ծավալների 37.3% կրճատմամբ: Տրանսպորտի դեպքում ծավալների 25.8% անկումը բացատրվում է հատկապես ցամաքային տրանսպորտի գծով արձանագրված ծավալների 31.3% կրճատմամբ: Մշակույթի, զվարճությունների և հանգստի կատարողականը (ծավալների 1.6% աճ) պայմանավորված է հիմնականում «վիճակախաղերի, տեսախաղային տերմինալների, վիրտուալ մոլեխաղերի և բուքմեքերական գործունեության կազմակերպում» ենթաոլորտի կատարողականով (ծավալների 20.8% աճ)՝ առցանց մատուցվող ծառայությունների նկատմամբ պահանջարկի զգալի աճով, որի շնորհիվ կոմպենսացվել է այլ ենթաոլորտների գծով արձանագրված անկումը: Ֆինանսական և ապահովագրական գործունեությունը միակ ոլորտն է, որի ծավալների կտրվածքով 2020թ.-ի առաջին կիսամյակում 2019թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ երկնիշ աճ է արձանագրվել՝ 11.7%, որը բացատրվում է բանկերի գործունեության կատարողկանով (ծավալների 19.3% աճ), իսկ ապահովագրության կտրվածքով 9% աճ է գրանցվել:  Իր հերթին  բանկերի   գործունեության ընդլայնումը բացատրվում է նաև բանկերի կողմից տրված վարկային պորտֆելի ընդլայնմամբ:

Այսպիսով՝ դիտարկվող ժամանակահատվածում ծառայությունների ծավալների կրճատումը պայմանավորված է եղել հատկապես ծառայությունների ճյուղի ոլորտներին առընչվող սահմանափակումներով, միջազգային, կանոնավոր ուղևորափոխադրումների բացակայությամբ, ինչպես նաև տնային տնտեսությունների իրական եկամուտների փոփոխությամբ: 2020թ.-ի 2-րդ կեսին ծառայությունների ճյուղի կատարողականն արտացոլելու է ներգնա զբոսաշրջիկների թվաքանակի դինամիկան, տնային տնտեսությունների իրական եկամուտների փոփոխությունը, ինչպես նաև տնային տնտեսությունների կողմից ստացվող վարկերի ծավալների փոփոխությունը, որը կուղղվի ծառայությունների ձեռք բերման վրա (հանգիստ ՀՀ տարածքում, ուսման վարկ և այլն):

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ