Ռուսաստանը կրկին դեմ է ՄԱԿ-ի` Սիրիայի վերաբերյալ ընդունած բանաձեւին
Ռուսաստանը չի աջակցի ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւը, որը Սիրիայի դեմ պատժամիջոցների սպառնալիքով է: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Ալեքսանդր Պանկինը, գրում է “Росбалт”-ը:
Նրա խոսքով` արեւմտյան երկրներն առաջարկում են ընդունել մի բանաձեւ, որը նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Սիրիայի դեմ, եթե այնտեղ չդադարի բռնությունը: Պանկինն ընդգծել է, որ Ռուսաստանը դեմ է պատժամիջոցներին, քանի որ նրանք հիմնականում ուղղված են Բաշար ալ-Ասադի կառավարության դեմ: Նա նաեւ հավելել է, որ Չինաստանը եւս դեմ է բանաձեւին:
Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ է ներկայացրել Սիրիայի վերաբերյալ իր բանաձեւը, որը նախատեսում է երկարացնել միջազգային դիտորդների` Սիրիայում կատարելիք առաքելության ժամկետը եւս 3 ամսով: Պանկինն ընդգծել է, որ բանաձեւի հիմնական շեշտը դրվում է Քոֆի Անանի ջանքերին աջակցելու եւ Ժնեւում կայացրած համաձայնությունների իրականացման վրա:
Հիշեցնենք, որ հունիսի 30-ին ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական 5 անդամ-երկրների ԱԳ նախարարները համաձայնության են եկել Սիրիայի իրավիճակի կարգավորման սկզբունքների շուրջ, ըստ որոնց պետք է ստեղծվեր կառավարություն` բոլոր կողմերի մասնակցությամբ եւ լիարժեք գործադիր իշխանությամբ` ՄԱԿ-ի եւ ԱԵԼ-ի հատուկ պատվիրակ Քոֆի Անանի ծրագրի համաձայն:
Ներկա պահին Սիրիայում շուրջ 300 միջազգային դիտորդներ են գտնվում, որոնց այնտեղ գտնվելու պաշտոնական ժամկետը լրանում է հուլիսի 21-ին: