«Գրականություն» առանց «հայ»-ի, հաջորդը՝ «լեզու» առանց «հայոց»-ի․ Վահան Իշխանյան
Հրապարակախոս Վահան Իշխանյանը գրում է․
«Եթե անհարաժեշտ է դպրոցական ծրագրերի նոր չափորոշիչներին անվանում տալ ապա՝ գյորմամիշություն։ Դպրոցի նոր չափորոշիչում ավագ դպրոցի «Հայ գրականություն» առարկայից հանվել է հայ բառը, մնացել է «գրականություն»֊ը։ Մի հարց է ուղղակի դեռ անպատասխան՝ ինչո՞ւ «հայոց լեզու» առարկայից էլ չեն հանել «հայոց»ը, մնա «լեզու»֊ն։ Այո, ինչպես չկա ընդհանրապես լեզու, այնպես էլ չկա ընդհանրապես գրականություն, լեզուն հայոցն է, ռուսացն է, անգլերենն է, գրականությունն էլ այդ լեզուներով գրվածն է, հայ գրականություն, ռուս գրականություն, անգլոամերիկյան գրականություն և այլն։ Խնդրեմ, հնարավոր է լայնացնել տվյալ ժողովրդի գրականության սահմանները, ներառելով հայրենակից օտարալեզու հեղինակների գործերը, մանավանդ այն ժողովուրդներինը որոնք ճակատագրով օտարալեզու շատ հեղինակներ ունեն, բայց իհարկե շեշտելով որ գրականությունը առաջին հերթին լեզվով է որոշվում։
Այնպիսի տպավորություն է որ չափորոշիչները կազմել է մեկը ում ձեռքը մի օր պատահաբար Կաֆկայի ինչ որ գիրք է ընկել, կարդացել ու խենթացել է ՝ վախ էս ինչ թույն գրող է, հետո ինքը կամ ընկերը 2018-ին քայլել են ու իրեն հասցրել հանձնաժողով՝ հայ֊ս ո՞րն է, մի առարկա կսարքենք, որի մեջ ինչքան գիրք կարդացել եմ՝ կլցնենք՝ վերջ, հայը հանում ենք, մնում է գրականություն։ Թե՞ պատահակնություն չկա, հեղափոխական Իմ քայլի կրթական քաղաքականությունն է որտեղ ամեն ինչ իրենց կետից է սկսվում։
Յուրաքանչյուր ժողովրդի դպրոցում գրականության ցանկը ինչ որ լուսնի վրա նստած գրքամոլի ճաշակով չի կազմվում, այլ ընտրվում են այն հեղինակները որոնք ձևավորել են այդ ժողովրդի մշակույթն ու ինքնությունը, ինչո՞ւ, քանի որ դպրոցը աշակերտի գլուխը օդից քաղած գիտելիքներ լցնելու համար չի, այլ ինքնություն ու ժառանգություն է հաղորդում, գրականությունն էլ իր ժողովրդի գրականության ուղին է հաղորդում։ Խորենացին սոսկ պատմի չի, Րաֆֆին ու Պռոշայանն էլ սոսկ վիպասաններ չեն, նրանք հայ ժողովրդի հայրերն են, նրանց գործերում մեր հոգևոր ենսագրությունն է։ Հարպեր Լի ես ուզո՞ւմ, խնդրեմ ծրագրում մտցրեք անգլոամրիկյան գրականություն, կամ համաշխարհային գրականություն, անցեք, կամ հանձնարարեք կարդան արձակուրդներին, տեսեք Հարպեր Լին ինչ նման է Րաֆֆուն գրում(Րաֆֆու խենթը ու Լիի «Ծաղրասարյակ սպանելը» մի ցանկում են) և ոչ թե վիրահատեք «հայ գրականություն»ը՝ որ «հայ»ը հանեք ու Հարպեր Լի խցկելու տեղ բացեք։ Իսկ եթե օտար տեքստի կողքը հայերեն տեքստ դնելով համեմատություն են ուզում անել՝ խնդրեմ առարկայի անունը դրեք «համեմատական գրականություն», բայց սա գիտական կրթանք է, որ ԲՈւՀ֊ի գրականության բարձր կուրսերում են անցնում, ապա գիտական թեզեր պաշտպանում։ Չգիտեմ թե Հայաստնում կա՞ն համեմատական գրականության մասնագետներ, բայց եթե կան էլ, չեմ կարծում թե նրանք են այս ծրագիրը կազմել»։