Սակավաջրությունը ոչ միայն Հայաստանում է. նախարար
”Ընդհանրապես տարածաշրջանում սակավաջրություն կա և դա տեսանելի և շոշափելի է ոչ միայն Հայաստանի հանրապետությունում, այլ նաև հարևան երկրներում”,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը` պատասխանելով հարցին, որ չնայած ոռոգման նպատակով Սևանից բացթողնված ջրի ավելացմանը, կրկին Արարատյան դաշտում գյուղացիները դժգոհում են, որ ոռոգման ջուր չունեն և բերքը չորանում է։
Նախարարը նախ ընդգծեց, որ ելնելով սակավաջրությունից` պետք է գյուղացիները ջուրը խնայողաբար օգտագործեն։ ”Նույն գյուղացիներն այսօր ոռոգման խնդիր են դնում, իրենք պետք է կարողանան այնպես անել, որպեսզի կորուստներ քիչ ունենան և կարողանան նպատակային օգտագործել”: Նախարարը նշեց, որ Կառավարության որոշմամբ այն բոլոր հորերը, որոնք ինքաշատրվոնող և ապօրինի են եղել, լուծարել են հենց տեղում։ ”Ապօրինի հորերի հետ կապված մենք արդեն չորս ամսում ինքնաշատրվանող հորեր ենք փակել, լուծարվել է շուրջ 8-9 ինքնաշատրվանող հոր, իսկ փականային ռիժիմի են բերվել որոշակի քանակությամբ հորեր, որի ընդհանուր քանակը 1800 լիտր է։ Տարեկան կտրվածքով դա ստացվում է մոտ 60 մլն խմ”,-ասաց նա։ Ըստ Ա. Գրիգորյանի՝ Արարատյան դաշտում բացարձակապես նոր հորեր չեն բացվել։