10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Դպրոցներում ”Պատանի երկրապահներ

ՀՀ պաշտպանության, կրթության և գիտության նախարարությունների և “Երկրապահ կամավորականների միություն” հասարակական կազմակերպության միջև այսօր կնքվել է փոխըմբռնման հուշագիր` ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ”Պատանի երկրապահ” հայրենասիրական ակումբներ ստեղծելու և նրանց արդյունավետ գործունեությանն օժանդակելու վերաբերյալ:

Հուշագիրը ստորագրել են  ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և “Երկրապահ կամավորականների միություն” հասարակական կազմակերպության նախագահ Մանվել Գրիգորյանը: Նախարար Սեյրան Օհանյանն իր ողջույնի խոսքում նշել է, որ երիտասարդ սերնդի ռազմահայրնեասիրական դաստարակությունը պետք է սկսվի դպրոցներից. “Հատկապես մեր նորագույն պատմության մեջ շատ կարևոր է պատշաճ կերպով փոխանցել Արցախյան գոյամարտի, ազգային ազատագրական շարժման պատմությունը մեր մատաղ սերնդին:

Ռազմական դոկտրինայի մեջ ռազմահայրենասիրական դաստիարակության բացակայությունը սպառնալիք է, որովհետև եթե մեկ ընդհանուր գաղափարի ներքո չեն համախմբված բոլորը, մանավանդ երիտասարդները, ապա այն պատշաճ մակարդակով չի կարող իրականացվել: Ուզում եմ շեշտել, որ այս տարիների ընթացքում հատկապես պատանի և երիտասարդ երկրապահների ակումբների ստեղծումը բավականին լուրջ մակարդակի է դրված:

Ըստ այդմ` ՀՀ Նախագահի ցուցմամբ և մեր երեք կողմերի քննարկումների արդյունքում այս հուշագիրը ներդնելով մեր կրթական համակարգում` ավելի լուրջ հաջողությունների կհասնենք, առավել համակարգված կիրականացնենք ռազմահայրենասիրական դաստիարակությունը կրթօջախներում”,-նշել է Ս. Օհանյանը:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի խոսքով`  վերոնշյալ հուշագրով կյանքի է կոչվում հերթական ռազմավարական ծրագիրը, կառավարության տեսակետն առ այն, որ ռազմահայրենասիրական խնդիրները կրթական համակարգում արդիականացման, վերանայման և առավել համակարգված գործունեության կարիք ունեն: “ՊՆ-ի և այլ գերատեսչությունների հետ մեր նախարարությունն ամենամյա ռազմավարական ծրագիր է իրականացնում` ուղղված պատանիների ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ: Դրան զուգահեռ` հսկայական փորձ է կուտակել “Երկրապահ կամավորականների միությունը”` իր ակումբների գործունեությամբ և մեթոդաբանությամբ:

Դպրոցներում այս ամենը համակարգելու, նորանկախ Հայաստանում մանկապատանեկան կազմակերպությունների հետագա ստեղծման և համակարգման առումով բոլորիս ջանքերը մեկտեղելու գործընթացի հերթական հանգրվանն է սա, որն ունի նաև առավել լայն հանրային ընդգրկման կարիք:

Ուզում եմ նաև նշել, որ այս ծրագիրն իր կարևորությամբ ընդգրկվել է 2015 թվականի պետբյուջեի նախագծում, բացի այդ, որոշակի հատկացումներ կարվեն նաև  այս տարվա համար”,-նշել է Ա. Աշոտյանը` իր երախտագիտությունը հայտնելով ՀՀ ՊՆ-ին և “Երկրապահ կամավորականների միությանը”` կրթական համակարգի նկատմամբ ցուցաբերած  ուշադրության և իրենց օրինակով երիտասարդների մեջ հայրենասիրական ոգի սերմանելու ու տարածելու գործում աջակցության համար: 

“Երկրապահ կամավորականների միության” “նախագահ Մանվել Գրիգորյանն իր հերթին նշել է, որ այս նախաձեռնությամբ կարևոր օր է բացվում մեր նորաստեղծ պետության պատմության մեջ` կառավարության մակարդակով ռազմահայրենասիրական դաստիարակությանն ուղղված գործընթացները համատեղելու առումով: Վերջինիս խոսքով` պատանի և երիտասարդ երկրապահների ակումբը կայացած կառույց է, որը գործում է` միայն  ի նպաստ մեր երկրի և նրա անկախության պահպանման: 

Նշենք, որ համաձայն հուշագրի` կողմերը պարտավորվում են ՀՀ հանրակրթական հաստատություններում սովորողների հայրենասիրական դաստիարակությանը միտված միջոցառումներ իրականացնել` յուրաքանչյուր ուստարվա համար համատեղ մշակելով և հաստատելով միջոցառումների ցանկ ու ժամանակացույց, ինչպես նաև ընդլայնել հայրենաճանաչությանն ու հայրենագիտությանն առնչվող սովորողների հետաքրքրությունների ու նախասիրությունների բավարարման հնարավորությունները:

Մասնավորապես, ՀՀ ԿԳՆ-ն ապահովում է ակումբների սաների հայրենասիրական դաստիարակությանն ուղղված միջոցառումների արդյունավետ իրականացումը, տեխնիկական և կազմակերպական աջակցությունն ուսհաստատություններին` ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին, մասնագիտական բարձր մակարդակ և պատրաստվածություն ունեցող մասնագետների մասնակցությունը հուշագրով ամրագրված նպատակների իրականացմանը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ