”Արատավոր ավանդույթները շարունակվում են Ազգային ժողովում”
Ազգային ժողովում ”Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին” ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ քվեարկությանը վարման կարգով խոսեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
”Արատավոր ավանդույթները շարունակվում են Ազգային Ժողովում,-ասաց,-կառավարության ներկայացուցիչը ապատեղեկատվություն է տարածում, նշելով, որ այս հարցը քննարկվել է ՀԿ-ների հետ, ԲՀԿ-ն չի մասնակցի այդ օրենքի քվեարկությանը”:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նկատեց, որ թյուրըմբռնում չլինելու համար, ՀԿ-ները, որոնց հետ քննարկում է եղել, ցուցակը բաժանված է պատգամավորներին: ԱԺ նախագահը նշեց, որ ինքն էլ է դեմ, որ հապշտապ կերպով օրենքները քվեարկության դրվեն: ”Այս նախագծի քվեարկությունը հանձնաժողովում անցել է միաձայն, իսկ քանի որ ՀԿ-ները հազարավոր են, մի մասի հետ քննարկվել են, մյուսների հետ`ոչ”,-պարզաբանեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 72 կողմ, 10 դեմ, 5 ձեռնպահ ձայների քվեարկությամբ: