՛՛Ռոբոտներն առօրյայում՛՛ փառատոն՝ ԴիջիԹեք Էքսպո 2014-ում
Հոկտեմբերի 3-5-ը կայանալիք ԴիջիԹեք Էքսպո 2014 ամենամյա միջազգային տեխնոլոգիական 10-րդ հոբելյանական ցուցահանդեսի շրջանակներում անցկացվելու է ՛՛Ռոբոտներն առօրյայում՛՛ փառատոնը:
Փառատոնի մասնակիցները ինժեներական խմբակների սաներն են: Այդ խմբակները ձեւավորվել են
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության «ԱրմՌոբոտիկս» ծրագրի շրջանակներում՝ նապատակ ունենալով դպրոցահասակ երեխաների շրջանում զարգացնել տեխնոլոգիական մտածելակերպը եւ ուղղորդել նրանց հետագա կողմնորոշումը դեպի ՏՏ ոլորտի մասնագիտությունները:
Այսօր արդեն Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախում գործում է 60 ինժեներական խմբակ, որոնց համար պարբերաբար անցկացնում են իրեր տարբերակող, գծին հետեւող, եւ այլ ռոբոտների մրցույթներ:
Այս տարի փառատոնի շրջանակներում անցկացվելու է նաեւ էկոռոբոտների մրցույթ, որի նպատակը բնապահպանական քարոզչությունը եւ թափոնների վերամշակման կամ այլ նպատակներով օգտագործման վրա հասարակության ուշադրությունը հրավիրելն է:
՛՛Տեխնոլոգիաների զարգացումը չպետք է բերի շրջակա միջավայրի աղտոտմանը, այդ պատճառով ուշադրություն ենք հրավիրում էկոլոգիական խնդիրներին՛՛,- ասում է ծրագրի ղեկավար Աննա Բարոյանը:
՛՛Ռոբոտներն առօրյայում՛՛ փառատոնի այցելու պատանիները հնարավորություն կունենան ծանոթանալ իրենց հասակակիցների հաջողություններին, կիսվել տպավորություններով, իսկ նրանց ծնողները կարող են ակնառու գնահատել ինժեներական խմբակների հնարավորությունները, աշխատանքների կազմակերպման ձեւաչափերը եւ որոշում կայացնել իրենց երեխաների ապագա մասնագիտական կողմնորոշման վերաբերյալ:
՛՛Փառատոնը լավ առիթ է, որպեսզի պատանիները ծանոթանան եւ շփվեն միմյանց հետ, փոխանակեն իրենց փորձը, համատեղ նախագծեր ստեղծեն եւ թիմեր ձեւավորեն՛՛,- ասում է ԻՏՁՄ գործ. տնօրեն Կարեն Վարդանյանը: