ԲՀԿ-ՀԱԿ միասնական թեկնածուի հնարավորությունը
Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին հաջորդած ավանդական ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով լրագրողների դիտարկմանը, թե ՀՀ վարչապետը իր նախորդ ճեպազրույցում չէր բացառել ԲՀԿ-ի հետ նոր կոալիցիոն հուշագրի ստորագրման հնարավորությունը, մինչդեռ այսօր ԲՀԿ-ն տարբեր քաղաքական ուժերի հետ փակ քննարկումներ է անցկացնում, իսկ ԲՀԿ-ական պատգամավորներն անգամ հայտնի հայտարարությունը համեմատում են Սեւրի պայմանագրի հետ, Տիգրան Սարգսյանը նախ զարմանքով արձագանքեց.”Իսկ ի՞նչ է, Սեւրի պայմանագիրն ուժի մեջ չէ՞”:
Այնուհետ վարչապետը նշեց.”Ես ասացի, որ քաղաքական դաշտում ես ոչինչն չեմ բացառում եւ մեր կուսակցության դիրքորոշումը միշտ եղել է բաց եւ հրապարակային` մենք պատրաստ ենք համագործակցության այն քաղաքական ուժի հետ, որոնք ուզում են մեզ հետ համագործակցելով երկրում իրականացնել բարեփոխումներ: Մի քանի անգամ դա մեզ հաջողվել է եւ հռչակագրերում արտացոլվել են այն քաղաքական սկզբունքները, որոնց շուրջ ձեւավորվել են դաշինքներ եւ մենք մեր այդ դիրքորոշումից չենք հրաժարվում”:
Անդրադառնալով ՀԱԿ-ԲՀԿ միասնական թեկնածուի հավանականության մասին հարցին, Տիգրան Սարգսյանն ասաց.”Քաղաքական դաշտում ես ոչինչ չեմ բացառում, բայց դրա հավանականությունը համարում եմ շատ փոքր”:
Վարչապետն ասաց, որ իր այն տեսակետը, որ հնարավոր է ԲՀԿ-ՀՀԿ նոր փաստաթուղթ ստորագրվի, այժմ էլ ուժի մեջ է համարում, իսկ թե ինչու, Տիգրան Սարգսյանը նշեց.”Իսկ նախորդ հարցազրույցից մինչեւ հիմա ինչ է փոխվել”,-այնուհետ հավելեց.”Մենք միասին քաղաքական ճանապարհ ենք անցել, գիտենք, թե ինչ արժեքների շուրջ է տեղի ունենում այդ համախմբումը, ովքեր են այդ գաղափարների կրողները եւ քաղաքականության մեջ այդպիսի կտրուկ շրջադարձը ավելի քիչ հավանական է, քան նախկին գործելաոճը, իհարկե, չբացառելով , որ կարող են նաեւ այլ սցենարներ զարգանալ”:
Տիգրան Սարգսյանը նշեց, որ ՀՀԿ-ն ԲՀԿ-ի հետ համախմբված է եղել մի հայտարարությամբ, որտեղ հստակ ֆիքսված է, որ այն երեք կուսակցությունները, որոնք ստորագրել են այդ հայտարարությունը, պաշտպանելու են ՀՀ նախագահի թեկնածությունը 2013 թվականի ընտրությունների ժամանակ: “Եղել է արդյո՞ք պաշտոնական հերքում այդ կուսակցությունների կողմից, որ նրանք հրաժարվում են այդ հայտարարությունից: Ես այդպիսի հերքման ծանոթ չեմ”:
Ինչ վերաբերվում է ԲՀԿ-ի ընդդիմադիր կեցվածքին, Տիգրան Սարգսյանն ասաց.”Բնականաբար, եթե ԲՀԿ-ն կոալիցիայի անդամ չէ, պետք է փոխվի նաեւ նրա գործելաոճը, ինչը մենք ձեզ հետ միասին տեսնում ենք”: