Ոստիկանությունն անցնում է նոր համազգեստի

Սեպտեմբերի 4-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, ծառայությունների եւ մարզային վաչությունների ղեկավարներ:
Անդրադառնալով ընթացիկ եւ ծրագրային խնդիրներին՝ ոստիկանության պետը նշեց, որ ծառայության անհրաժեշտ մակարդակ հնարավոր է ապահովել միայն աշխատանքային գրաֆիկներով նախատեսված խնդիրները ողջ ծավալով եւ նախատեսված ժամկետներում կատարելու դեպքում:
Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ ոստիկանության ստորաբաժանումներն ըստ նախնական գրաֆիկի փուլ առ փուլ անցնում են նոր համազգեստի կրման, եւ պատասխանատուներին հանձնարարեց անվերապահ պահանջկոտություն ու հետեւողականություն ցուցաբերել համազգեստի որակի, անձնակազմը նոր համազգեստով ապահովելու, ինչպես եւ ոստիկանների պահվածքի, վայելուչ տեսքի ու բարեկրթության հարցերում:
Ոստիկանության պետն անդրադարձավ պետական պահպանության գլխավոր վարչության խնդիրներին եւ ղեկավարությունից պահանջեց ավելի սերտ աշխատել տարածքային բաժինների հետ՝ նկատի ունենալով, որ պետական պահպանության ծառայողները տարածքներում ոչ միայն օբյեկտների պահպանություն են իրականացնում, այլեւ հավասարապես պատասխանատու են օպերատիվ իրավիճակի վերահսկման համար:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաեւ ձերբակալվածների պահման վայրերում պայմանների բարելավմանը, այս ոլորտում դիտարկումներ կատարող հասարակական կազմակերպությունների հետ աշխատանքի սերտացմանը վերաբերող եւ մի շարք այլ խնդիրներ:
Խորհրդակցության ավարտին Վլադիմիր Գասպարյանը կոնկրետ հանձնարարականներ տվեց քննարկված հարցերի վերաբերյալ: Տեղեկացնում են ոստիկանության մամլո ծառայությունից: