Անհանգստանո՞ւմ են…
՛՛Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին՛՛ քաղաքացիական նախաձեռնությունը ստեղծվել է մեկ ամիս առաջ: Նախաձեռնության անդամները իրենց առաջ կոնկրետ նպատակ ունենալով ընտրել են Տավուշի մարզը և փորձում են այստեղ օգնության ձևով աշխատանքներ իրականացնել:
Այսօր իրենց նպատակների և ծրագրերի մասին նախաձեռնության անդամները կիսվեցին լրագրողների հետ:
՛՛Մեր նպատակն էր գնալ ու աջակցություն ցուցաբերել Տավուշի մարզի բնակիչներին: Մենք որպես անհատներ կարողացանք միայն հավաքել գումար և գրենական պիտույքներ գնել մանկապարտեզի և նոր դպրոց գնացող աշակերտների համար: Սակայն տեղում մենք հասկացանք, որ մարդիկ դրա կարիքը չունեն: Մարդիկ նախ կարիք ունեն պաշտպանվածության: Քանի որ գյուղերը գտնվում են անմիջապես կրակադաշտում և ծնողները չեն ցանկանում երեխաներին դպրոց ուղարկել՛՛,-տեղեկացրեց նախաձեռնության անդամ Սոֆյա Հովսեփյանը:
Բանախոսը արձանագրեց նաև, որ դպրոցների սեղան-աթոռները գտնվում են շատ վատ վիճակում.՛՛ Կան դպրոցներ, որտեղ սեղան-աթոռները պահպանվել են դեռևս 70-ական թվականներից՛՛:
Նախաձեռնության անդամները նշեցին, որ Տավուշի գյուղերում հիմնական եկամտի աղբյուրներ չկան , միակ կայուն աշխատատեղերը մանկապարտեզներում ու դպրոցներում են:
Նշվեց նաև, որ դպրոցներում կա ջեռուցման խնդիր, որը սակայն չի բարձրաձայնվում:
՛՛Անդրադառնալով կրթության որակին ասեմ, որ կա այսպես կոչված կոմպլեկտավորման հարցը, որտեղ դպրոցում ասենք իրար կողքի դաս են անցկացնում օրինակ 5-դ և 6-րդ դասարանի աշակերտներ: Սահմանամերձ գյուղում նման բան չպետք է լինի՛՛,-նշեց Շողեր Բաբայանը:
Նախաձեռնության անդամները տեղեկացրին, որ իրենք պատրաստվում են գրավոր առաջարկներով դիմել նաև կառավարությանը:
՛՛Մենք կարող ենք որպես մարդկային ռեսուրս աջակցել սահմանամերձ գյուղերին, բայց թե ո՞վ պետք է ֆինանսական օժանդակություն ցուցաբերի պարզ չէ՛՛,-նշեց Սոֆյա Հովսեփյանը:
Նախաձեռնության անդամները հիմնական շեշտը դրեցին այն հանգամանքի վրա, որ սահմանամերձ գյուղերի բնակիչները անհանգստանում են իրենց երեխաների անվտանգության համար: