23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Ալիևը Փաշինյանին ասում է, եթե խաղաղություն ես ուզում՝ սա է իմ պայմանը». Արտակ Զաքարյան

Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի հրապարակած հերթական տեսանյութը նոր բացահայտման խնդրի առաջ դրեց իշխանությանն ու իրավապահներին։ Միքայել Մինասյանը խոսեց այնպիսի լուրջ խնդրի՝ զենքի ապօրինի վաճառքի մասին, որը արտաքին քաղաքականության մեջ Հայաստանի համար կարող է ստեղծել լուրջ գլխացավանք, ու տարօրինակ է, որ ՀՀ վարչապետը որևէ գործողություն չի ձեռնարկում՝ պարզաբանելու համար այն ամբողջ սխեման, որը նկարագրվում է։ Այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ նշելով, որ որպես փոխնախարար իր պաշտոնավարման ժամանակաշրջանում երբևէ չի լսել նմանատիպ սխեմայի մասին։

Զաքարյանի փոխանցմամբ՝ Հայաստանը և Ռուսաստանն ունեն իրավապայմանագրային այնպիսի հարաբերություններ, ըստ որի՝ երկու երկրների միջև վաճառված զենքը երրորդ պետություն արտահանելու իրավունք չկա, իսկ զենքի մակնշման համարները երկու կողմերն իրավունք ունեն ստուգելու։

«Հիմա, եթե Ռուսաստանը Հայաստանին վաճառված զենք-զինամթերքի ստուգում պահանջի, ապա Հայաստանը կարող է հայտնվել մեծ սկանդալի մեջ, եթե այդ զենքերը ՀՀ գալու փոխարեն՝ հայտնվել են 3-րդ երկրում։ Ինչ վերաբերում է Դավիթ Գալստյան անուն-ազգանունով մարդուն, ապա պետք է նշեմ, որ ես երբևէ այդ անձի հետ որևէ շփում չեմ ունեցել, չեմ ճանաչում նրան, իսկ այլ մանրամասներին տեղյակ չեմ»,- ասաց Պաշտպանության նախկին փոխնախարարը։

Անդրադառնալով 27 միլիոն դոլարով OSA-AK-M զինատեսակի ձեռքբերման պայմանագրին՝ Արտակ Զաքարյանը նկատեց, որ իր համար այդ գնումը տարօրինակ է, քանի որ մեր բանակում դրանից արդեն կար, և հարց է առաջանում՝եթե կար՝ նպատակը ո՞րն է կրկին գնելու։ 

Պաշտպանության նախկին փոխնախարարից հետաքրքրվեցինք նաև՝ տեղյա՞կ է՝ արդյո՞ք նախկին իշխանությունը 15 միլարդ դրամ տվել է մեկին, որը պետք է բանակին զինամթերք մատակարարեր, բայց դա չի արել և պարտավորությունը կատարել է միայն թավշյա հեղափոխությունից հետո, ինչպես երեկ հայտնել էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։

Ի պատասխան՝ Զաքարյանն ասաց.

«Գուցե երիտասարդ պատգամավորը կոնկրետ ասի՝ թե ո՞ւմ է տրվել այդ 15 միլիարդ դրամը, կամ ո՞վ է տվել, կամ այդ ի՞նչ պայմանագրում է դա արձանագրվել, և, ի վերջո, ինչպե՞ս է նա այդ մասին տեղեկացել։ Եթե կար նման խնդիր, ապա դրա մասին ոչ թե պետք է խոսեին, այլ արդեն պետք է գործ արած լինեին, ներկայացնեին ապացույցը, հակառակ պարագայում՝ չի՛ կարելի մանկապատանեկան զրույցներ անել և իրական խնդիրների տակից փորձել դուրս գալ»։

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի ժամանակ զինվորին փչացած ռագու տալու մասին պատգամավորի հայտարարությանը, ապա Արտակ Զաքարյանը նշեց.

«Զարմանում եմ, որ այս նոր տեսակի անպատասխանատու քաղաքական երիտասարդները ինչ-որ բաներ են ասում այն դեպքում, երբ համեմատելու բան չունեն անցյալի հետ։ Իրենց թվում է, որ ինչ կա, իրենք են ստեղծել, սակայն ուզում եմ ասել, որ բանակում սննդի մատակարարման այդ նոր համակարգը մշակվել է դեռևս մեր ժամանակ, հիմա բա ի՞նչ պետք է անեին, որ այդ ծրագիրը կյանքի չկոչեին, մեր ժամանակ անգամ երկու հոսքագծային սննդի մատակարարման հիմքեր են դրվել։ Դա դրոշակ չէ, որը պետք է անընդհատ ծածանել, մինչդեռ բանակում ամեն օր տեսնում եմ խնդիրներ, որոնցից այս քաղաքական իշխանությունը գլուխ չի հանում։ Բանակը մնացել է միայնակ, որովհետև քաղաքական իշխանության կազմում չկան մարդիկ, որոնք հասկանում են զինվորական, ռազմական և անվտանգային խնդիրներից։ Մեր զինված ուժերը ցանկացած պահի պատրաստ են ամենաբարձր մակարդակով կատարել իրենց առջև դրված խնդիրը, բայց արդյո՞ք դրան պատրաստ է կառավարման համակարգը։ Կորոնավիրուսի դեմ պայքարն ինձ ցույց տվեց, որ տեսախցիկները և ինտերնետը երբ անջատեն, Նիկոլ Փաշինյանը և Կառավարությունը, ուղղակի բացի տուն գնալուց, որևէ այլ ցանկություն չեն ունենա»։

Պաշտպանության նախկին փոխնախարարն անդրադարձավ նաև վերջին օրերին Ադրբեջանի նախագահի և պաշտպանության նախարարի հայտարարություններին՝ ուժի գործոնը կարևորելու մասին, և նշեց, որ չնայած Պաշտպանության նախարարությունն արձագանքել է այդ հայտարարություններին խոսնակի մակարդակով, հուսով է, որ ԱԳՆ-ն գոնե կուլիսային աշխատանքներ է իրականացրել այդ ուղղությամբ միջազգային հանրության և համանախագահող երկրների հետ, սակայն տարօրինակ է, որ քաղաքական ղեկավարի մակարդակով չկա որևէ արձագանք։

«Նիկոլ Փաշինյանն ի՞նչ ասեց՝ հայտնվեց դրա հակառակ կողմում, ասաց՝ ժողովուրդներին պետք է նախապատրաստել խաղաղության, ստանում է Ալիևից այս հայտարարությունը, ասաց, որ հարցի լուծումը պետք է ընդունելի լինի 3 ժողովուրդներին, Ալիևն ասում է՝ մեր իրավունքն է ուժի կիրառումից օգտվելը, և մենք կօգտվենք, և դրանով ցույց է տալիս, որ բանակցային գործընթացը՝ որպես պատուհան, իրեն այլևս չի հետաքրքրում։ Այսօր մենք հայտնվել ենք մի վիճակում, որ բանակցությունները Նիկոլ Փաշինյանը չի կարողանում ծառայեցնել մեր շահերին, արտաքին քաղաքականության մեջ ևս չի կարողանում հավասարակշռել բոլոր գոյություն ունեցող շահերը, ներքին քաղաքական իրավիճակով էլ վտանգում է պետության ներքին կայունությունը։

Ադրբեջանի հայտարարությունները վտանգավոր են նրանով, որ Փաշինյանին դրել են մի շրջանակում, որ պետք է բանակցի ոչ թե՝ ինքնորոշման իրավունքի, այլ՝ պատերազմ չանելու համար։ Արդեն 3-րդ անգամ բացահայտ խոսվում է պատերազմի գործարկման մասին և չի խոսվում սկզբունքների, հավասարակշռված լուծումների մասին։ Ստացվում է՝ մենք կոտրել ենք մեր բանակցային գործիքները։ Եթե Ալիևը Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սագսյանի հետ սիրտը վախով էր գալիս բանակցելու, որովհետև գիտեր, որ անխուսափելի է ինքնորոշման իրավունքի մասին չխոսելը, և անգամ իր երկրի կառավարությանն է ասել, որ իրեն ճնշում են, որ ճանաչի ինքնորոշման իրավունքը, ապա հիմա Ալիևը հրամայողի դերում Փաշինյանին ասում է՝ խաղաղություն ես ուզում՝ սա է իմ պայմանը, չի խոսում ինքնորոշման իրավունքից։ Առհասարակ այդ մասին Հայաստանում, բացի ընդդիմությունից, որևէ մեկը չի խոսում»,- ասաց Զաքարյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Աղավնի Սուքիասյան 

168.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ