Լիճքում քաղցկեղի պատճառ է խմելու ջուրը

Սյունիքի մարզի Լիճք գյուղում /Մեղրիի տարածաշրջան/ մարդիկ օգտվում են մոտ 50 տարի առաջ կառուցված խմելու ջրագծից: Գյուղապետ Հովհաննես Միրզոյանի խոսքով, ենթադրություններ կան, որ վերջին տարիներին գյուղում արձանագրված քաղցկեղով հիվանդության, հիմնականում երիտասարդների շրջանում պատճառը ջրագծի ասբեստե խողովակներն են:
Վերջին հինգ տարում 26 հիվանդացության դեպք է արձանագրվել: Նման եզրակացություն տվել են մայրաքաղաքից գյուղ հրավիրված բժիշկները:
Նույն ջրագծից օգտվում է նաեւ գյուղում տեղակայված զորամասը: “Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ” ՓԲԸ-ն ջրագծի կառուցման համար գյուղին տրամադրել է 10 մլն դրամ: Մնացած գումարի հայթայթմանը խոստացել է աջակցել մարզպետարանը: Տրամադրված գումարով արդեն կատարվել է 6 մլն 200 հազ. դրամի աշխատանք: Ընդհանուր առմամբ, հարկավոր է 27 մլն դրամ: