ԱԺ-ում ծեծկռտուքը Փաշինյանի փողոցային ելույթների արդյունքն էր.Կարինե Աճեմյան
Երկրում ծավալված ներքաղաքական իրադարձությունների, մայիսի 8-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի և այլ հարցերի մասին Iravunk.com-ը զրուցեց ԱԺ 4-րդ, 5-րդ և 6-րդ գումարումների պատգամավոր Կարինե Աճեմյանի հետ:
– Տիկին Աճեմյան, մայիսի 8-ին երկրի բարձրադիր ամբիոնում, ԱԺ-ում Սասուն Միաքայելյանի և Էդմոն Մարուքյանի միջև թեժ ծեծկռտուք տեղի ունեցավ: Դուք որպես նախկին պատգամավոր երբևէ նմանատիպ վեճերի, ծեծկռտուքների ականատես եղե՞լ եք:
– Մեր խորհրդարանում երբևէ նման բան չի եղել, երբեմն ինչ-որ լեզվակռիվներ եղել են, սակայն այս մասշտաբի կռիվ, որ բանը ծեծկռտուքին հասնի երբեք չի եղել, այն էլ երկրի առաջին դեմքի և ԱԺ նախագահի ներկայությամբ: Այդ ամենը խոսում է այն մասին, որ այդ մարդկանցից և որևէ մեկն իրավունք չունի լինել խորհրդարանում, որովհետև չեն հարգում խորհրդարանական ամբիոնն ու ինստիտուտը, և ոչ էլ միմյանց են հարգում: Նմանատիպ մթնոլորտում անհնար է աշխատել: Բնականաբար այս ամենն ունենալու է հետևանքներ և արդեն իսկ ունի այն է՝ թշնամանաքի և ատելության այս մթնոլորտը, որ մենք ունենք:
– Շատ հաճախ հենց Փաշինյանի ֆեյսբուքյան լայվերի ժամանակ կարելի է ականատես լինել բռնության և ինչպես ինքն է ասում «սամասուդ» անելու կոչերի: Ըստ ձեզ այն ագրեսիվ արտահայտությունները, որոնք պարբերաբար կարելի է լսել Նիկոլ Փաշինյանի շուրթերից նպաստո՞ւմ են ատելության խոսքին, և այս ծեծկռտուքն արդյո՞ք հենց «սամասուդ» անելու կոչերի արդյունքը չէր:
– Մարդկանց միջև այդ բաժանարար գիծը, մեծ թշնամանքն ու ատելությունը հենց Նիկոլ Փաշինյանն է ներդրել, ոչ միայն իր ֆեյսբուքյան լայվերով, այլև այն փողոցային ելույթներով, որով հանդես է գալիս: Երկրի ղեկավարից շատ բան է կախված: Այն մարդն, ով չի տիրապետում ոչ իրավիճակին, և չի կարողանում անգամ իր էմոցիաները վերահսկել և ամեն բան կառուցում է ստի վրա, պետք է որ հենց այսպիսի իրավիճակների հանգեցնի: Մենք բոլորս շատ լավ ենք տեսնում,թե Փաշինյանն ինչպես է ատելություն տարածում, և հետո այդ ամենում փորձում է մեղադրել կամ նախկիններին, կամ այն մարդկանց, ովքեր առհասարակ կապ էլ չունեն այդ ամենի հետ: Սա մի իրավիճակ է, որն արդեն դուրս է վերահսկողությունից և ակնհայտ է, որ Փաշինյանն առհասարակ երկիր կառավարել չի կարողանում, թե մեր երկիրն այս ամենի արդյունքում ինչ վտանգների առաջ կկանգնի և ինչպես կհաղթահարի տնտեսական, սոցիալական և հոգեբանականա այս ճգնաժամը,միայն Աատծուն է հայտնի:
– Տիկին Աճեմյան, վերջերս Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցման ակումբի անդամների հետ տեսակապի միջոցով հանդիպմանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ 2019 թ․ ապրիլին Մոսկվայում ղարաբաղյան հակամարտության կողմերին ներկայացվել են կարգավորման փուլային տարբերակ ենթադրող նախագծեր։ Սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որևէ կերպ չհակադարձեց, կամ չհաստատեց Լավրովի հայտարարությունը: Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ։
– Ամենակարևոր, սկզունքային հարցերի համար Փաշինյանն ուղղակի պատասխան չի կարողանում տալ, մնացած հետևությունները թողնում եմ հանրությանը: Փաշինյանն ամբիոնից էլ հայտարարեց, որ ում հետ կուզի կբանակցի և ինչ կուզի կանի, առանց որևէ մեկի կարծիքը հաշվի առնելու: Սա մի մարդու արարք է, ով ընդհանրապես չունի պատասխանատվության զգացում: Ես միշտ ասել եմ, որ այն մարդիկ, ովքեր իրենց ձայնը տվել են նրան պետք է որ հիմա հասկանան, թե այս մարդն ուր է տանում մեր երկիրը, իսկ նա Հայաստանն ուղիղ դեպի անդունդ է տանում: Փաշինյանն Ազգային ժողովն ու կառավարությունն իջեցրել է ամենացածր նշաձողից ներքև: Ես կարծում եմ, այս ամենն ուղղակի պատահականություն չէ:
– Ըստ տարածվող լուրերի Նիկոլ Փաշինյանի վարկանիշն էլ ավելի է նվազում: Ի՞նչ եք կարծում ի վերջո Փաշինյանը կգիտակցի, որ երկիր ղեկավարել ինչնպես դուք նշեցիք, չի կարողանում, և արդյո՞ք նա կհեռանա:
– Միամիտ են այն մարդիկ, ովքեր կարծում են, թե Փաշինյանն իր կամքով հրաժեշտ կտա վարչապետի աթոռին: Նա ամեն գնով պաշտպանելու է իր պաշտոնը, քանի որ նրա համար գերխնդիր եղել է հենց վարչապետ դառնալը: Նման մարդիկ ամեն ինչի ընդունակ են:
Հայկ Գևորգյան
iravunk.com