23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Համավարակի հոգեհան հոգեբանությունը․ 168.am

168.am-ը գրում է․ «Համավարակն ընդգծեց մեր հոգեբանական առանձնահատկությունները: Բոլորս համարյա նույն սպասումների դաշտում ենք: Ապրիլի սկզբին սպասումը էինք, թե երբ վարակակիրների քանակը կհասնի 1 մլն-ի (արձանագրվեց ապրիլի 2-ին): Ամիսը կիսվելու պահին 2 մլն-ի սպասումն էր (արձանագրվեց 15-ին): Հետո արդեն հիվանդացողների 3 մլն ցուցանիշի սպասումն էր (արձանագրվեց ապրիլի 27-ին): Փոխարենը՝ ոչ ոք չի հիշում, թե այդ օրերին առողջացածների ինչ թիվ էր հրապարակվում:

3 մլն-ը գերազանցող վարակվածների առիթով ձևավորված տիեզերական ողբի օրերին չենք նկատում՝ նույն միջազգային կիսապաշտոնական բժշկական վիճակագրությունն արձանագրում է, որ այդ թվի առնվազն 30 տոկոսին արդեն ակտիվ վարակակիր կամ հիվանդ չի համարում:

Հավանաբար մարդու բնույթն է այդպիսին՝ նկատել ու հիշել միշտ վատը: Նույն, մեղմ ասած, ընկճված հաշվարկն է արվում նաև մեր երկրում:

«Վարակվածների ընդհանուր թիվը հասավ 1932-ի»: Այսպես է սկսվում կորոնավիրուսի մասին տեղեկացնող լուրը:

Միայն ուշադիր ընթերցելուց ես նկատում, որ նրանցից 1000-ն է ակտիվ հիվանդ: Վարակվածների մոտ 47 տոկոսին առողջապահության համակարգն արդեն ակտիվ հիվանդ չի համարում: Բայց դա ոչ ոք չի նկատում:

Ճիշտ այնպես, ինչպես ուշադրության չի արժանանում այն փաստը, որ աշխարհում վարակված մոտ 3.170 մլն մարդկանց 30 տոկոսից ավելին ակտիվ հիվանդ չէ: Նրանց թիվը շուտով կգերազանցի 1 մլն-ի ցուցանիշը: Բայց մենք հակված ենք միայն դառը թվեր լսել: Պատճառը, հավանաբար, այս նոր կորոնավարակի անհայտ բնույթն է ու անհասկանալի հայտարարությունները: Վերջին 4 ամսում աբսուրդ ու անհասկանալի հայտարարություն ով ասես՝ չի արել, մեր վարչապետից՝ մինչև Բրիտանիայի վարչապետ:

Տնտեսագիտության ոլորտի Նոբելյան մրցանակակրից՝ մինչև նույն մրցանակի արժանացած վարակաբան: Պարզ բժշկից՝ մինչև առողջապահության համաշխարհային մասշտաբի կառավարիչ:

Հավանաբար վախենալու լուրջ պատճառներ կան: Ու այդ վախը բոլորիս դարձրել է վարակաբան: Սկզբում ավելի անհայտ էր, բայց՝ ավելի հեշտ: Ասում էին, որ մահացության շատ ցածր՝ 3-4 տոկոսանոց ցուցանիշ է արձանագրվում:

Համաճարակի «չինական» էտապն ավարտվեց 5.6 տոկոսով: Հետո շարունակեց աճել (մոտ 7 տոկոս): Ու հիմա մենք կարող ենք թվարկել ամենաշատ վարակակիրներ ունեցող երկրների ցանկը: Կարող ենք թվարկել ամենամեծ մահացության դեպքերն արձանագրած երկրների ցանկը: Բայց համաշխարհային վարակի այս օրերին չենք նկատում այն երկրները, որոնց վիճակագրությունն էապես տարբերվում  մյուսներից: Օրինակ, վարակակիրների թվի կտրուկ աճը Ռուսաստանում չի ուղեկցվում մահացությունների աճով (1 տոկոսից ցածր է):

Իհարկե, կարելի է ասել, որ ռուսաստանյան վիճակագրությունն արժանահավատ չի: Բայց նման պնդում անել Իսրայելի պարագային՝ ծիծաղելի կլինի (մահացության տոկոսը համարյա նույնն է՝ 1.3 տոկոս):

Վախը մեզ ստիպում է կենտրոնանալ իտալաիսպանական «թվաբանության» վրա: Սակայն կա նաև Գերմանիայի օրինակը: Վարակվածների բացարձակ թվով 6-րդ երկրի շուրջբոլորը Եվրամիության անդամ երկրներ են: Բնականաբար: Ու դրանց մեծ մասը մահացության երկնիշ ցուցանիշ ունեն՝ Իտալիա, Իսպանիա, Ֆրանսիա, Միացյալ Թագավորություն, Բելգիա, Նիդեռլանդներ, Շվեդիա, Հունգարիա: Իսկ Գերմանիայում 3.9 տոկոս է: Կփորձե՞նք հասկանալ նույն կենսամակարդակ ունեցող երկրների դեպքում տարբերությունների պատճառը: Թե՞ մեզ սովորել պետք չէ:

Մենք կբավարարվենք խորհրդարանում ու համացանցում ասել-խոսելով: Կարծեմ, Սարտրի հերոսներից էր, որ՝ «Ձեր մասնագիտությո՞ւնը» հարցին պատասխանեց. «Խոսող»:

Բոլորս խոսում ենք: Լսելու ու մտածելու ժամանակ չկա: Անգամ  տոտալ մեկուսացման այս օրերին: Մխիթարվենք՝ կարծելով, որ համավարակի հոգեբանական ազդեցությունն է»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ