26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Համանախագահների լռությունը փուլայինի շուրջ Լավրովի հետ համաձայնության նշան է. Արտակ Զաքարյան

«Հրապարակի» հարցազրույցն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի հետ։

– Պարոն Զաքարյան, Սերգեյ Լավրովը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի արտգործնախարարը հայտարարում է փուլային տարբերակի՝ սեղանին լինելու մասին, Երևանը հերքում է, Բաքուն` հաստատում, համանախագահները` լռում։ Ինչպե՞ս հասկանալ համանախագահներ Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի լռությունը։ 

– Իմ համոզմամբ՝ ՌԴ արտգործնախարարն արտահայտել է ոչ միայն ռուսական կողմի դիրքորոշումը, այլ նաև ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահների: Հակառակ դեպքում Ֆրանսիայի կամ ԱՄՆ-ի ներկայացուցիչները հանդես կգային այլ հայտարարությամբ: Դա, ցավոք, ոչ թե լռություն է, այլ համաձայնության նշան: Որովհետև ինչ պայմանավորվածություն էլ որ եղած լիներ 2019թ.-ին, ինչպես նշել է նախարար Լավրովը, դրա մասին, անշուշտ, գիտեն նաև ԱՄՆ և ֆրանսիական համանախագահները: 

 
 – Եթե Երևանը շարունակի հերքել, հնարավո՞ր է ԱՄՆ-ն ու Ֆրանսիան ևս հանդես գան հայտարարությամբ։ 

– Չեմ բացառում: Դա կախված կլինի հետագա զարգացումների ընթացքից: Շատ հնարավոր է, որ պաշտոնական Երևանը ներքին լսարանի համար հերքում է, այսպես կոչված, փուլային տարբերակը, բայց բանակցային գործընթացում շարունակում է քննարկումները՝ պահպանելով գաղտնիության սկզբունքը:

– Դիվանագիտության  պատմության մեջ հիշու՞մ եք նման դեպքեր, երբ միջնորդները կամ կողմերը հայտնվել են նման անհարմար դրության մեջ։ 

– Բնականաբար, Բաքուն շարունակաբար խեղաթյուրել է բանակցային գործընթացը, ոչ կառուցողական մոտեցումներ է ցուցաբերել ձեռք բերված պայմանավորվածությունների շուրջ: Նման օրինակներ կարելի է շատ թվարկել: Այդ իսկ պատճառով հայկական կողմը միշտ առանձնացել է իր կառուցողականությամբ և երբեք չի հայտնվել համանախագահների հետ հակադիր հայտարարությունների կամ խուսափողական դիրքերում: Մենք միշտ պարզ ու հստակ ենք եղել մեր բոլոր դիրքորոշումների մեջ՝ հիմնավորելով դրանք մեր երկրի կենսական շահերով: Ինչպես բանակցային գործընթացում, այնպես էլ հրապարակային արված մեր հայտարարությունները եղել են միանշանակ ու շատ հստակ:

– Ձեզ չի՞ զարմացնում կուսակցությունների հիմնական մասի քար լռությունը, այն դեպքում, երբ ՀՀՇ-ի, ՀՀԿ-ի օրոք ամենակատաղի շահարկումների տեղիք է տվել «հողերի վերադարձի» հարցը։

 – Որոշ կուսակցությունների լռությունն իրոք տարօրինակ է: Դժվարանում եմ բացատրել դա: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի հասցեին արված շահարկումներին, ապա դա առնվազն քաղաքական դեմագոգիա է: Մենք քննադատել ենք իշխանությունների՝ նախկինում բանակցված խնդիրների շուրջ կեղծ ու երեսպաշտ հայտարարությունները: Մենք մերժել ենք և մերժում ենք փուլային լուծման ցանկացած հնարավորություն: 

– Թեև ՀՀԿ-ն հերքում է, որ փուլային տարբերակ քննարկել են, վերլուծաբանները, այդ թվում՝ ռուսաստանյան, միաբերան նշում են, որ այսքան տարի Երևանն ու Բաքուն բլեֆ են արել ու խաբել իրենց ժողովուրդներին, քանի որ այդ տարբերակը՝ տարբեր անվանումներով, մշտապես եղել է բանակցային սեղանին։

– Վերլուծաբաններն ամենատարբեր կարծիքներ են հնչեցրել, և դա նրանց իրավունքն է: Ե՛վ Արևմուտքում, և՛ Ռուսաստանում, և Հայաստանում, և՛ Ադրբեջանում վերլուծաբանները կոնֆլիկտի ողջ ընթացքում ամենատարբեր հրապարակային տեսակետներ են հայտնել: Դրանում եղել են ինչպես իրականությանը մոտ, այնպես էլ իրականությունից շատ հեռու մտքեր: Բաքուն բանակցային բլեֆի իր շահերն ունի, և դա արտահայտվել է ինչպես սեփական ժողովրդից թաքցնելու, այնպես էլ միջազգային հանրության հետ առևտուր անելու հարցերում: Հայաստանը մեկ հիմնական նպատակ ունի, և դա անբեկանելի է. Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի, և դրանից է սկսվում կարգավորման գործընթացը: Մնացյալ ոչ մի հարց չի կարող առաջնային լինել: Մենք հիմա հետամուտ ենք լինելու, որ մեր իշխանությունները չշեղվեն այս առանցքային հարցից և ոչ մի կերպ չներքաշվեն փուլային լուծման որևէ տարբերակի մեջ: Դա անդառնալի ու անթույլատրելի ծուղակ է: Բոլոր հարցերը պետք է լուծվեն մեկ ընդհանուր համաձայնությամբ ու միջազգային հստակ երաշխիքներով: Այս հարցում իշխանության հայտարարությունները պետք է միանշանակ լինեն: 

Անուշ Դաշտենց

hraparak.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ