23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Վերջին մահացու մեղքը՝ բղջախոհություն

Ժէ օր Մեծ Պահքի. վերջին մահացու մեղքը՝ (բղջախոհություն)

Սա ախտավոր ցանկությունը կիզող հուր է ամեն տարիքի համար:
Մարմնական ցանկությունը միշտ մարտնչում է իմաստության հետ.
մեկը մյուսից ավելի է ջանք թափում նվաճելու մարդկանց սիրտը, և մարդիկ անդադար տարուբերվում են երկու հակառակ ուժերի կողմից:

Երանելի է նա, ով իմաստությամբ հաղթում է մարմնի ցանկությանը և ոչ թե հաղթվում կրքից: Բղջախոհը գուցե չի զգում դևերի պատճառած տանջանքները, որովհետև առավել իր ախտավոր կրքերից է չարչարվում, քան դևերից: Կրակը կա՛մ ջրով է մարում, կա՛մ հողով, կա՛մ նյութի պակասությամբ. բղջախոհությունը կա՛մ պահեցողությամբ է խափանվում, կա՛մ ծերությամբ, կա՛մ մահվամբ:

Բղջախոհությունը որկրամոլության ծնունդն է եւ մեղքի զարգացման ամենաբարդ ու դժվար հաղթահարելի աստիճանը: Այն մարդու ամոթալի կապվածությունն է մարմնի հետ, որ գործում է ոչ միայն զգայարանների, այլեւ հոգու զորությունների՝ մտքի եւ տրամաբանության, հիշողության ու երեւակայության, հույզերի եւ զգացմունքների ստորակարգ չարաշահումով:

Ոչ մի մեղք այնքան չի զարգացել ու սերտաճել ներկայիս քաղաքակրթության հետ՝ նրա մշակույթի բաղկացուցիչ մասը դառնալով, որքան բղջախոհությունը: Ավելին, այն, իբրեւ ժառանգական հատկանիշ, աճում եւ աղետալի չափերի է հասնում. սեռական ակտիվությունն ու հետաքրքրությունը աստիճանաբար սկսում են դրսեւորվել առավել ցածր տարիքում:

Մինչդեռ սեռական հեղափոխության ջատագովները շարունակում են հեղեղել ողջ աշխարհը հնարավոր բոլոր միջոցներով: Բղջախոհությունը, կոչվելով տարբեր անուններով, իբրեւ արտոնված եւ խրախուսվող երեւույթ, սպառնում է մուտք գործել յուրաքանչյուր ընտանիք եւ հաղթահարելով նախապաշարումներն ու ավելորդ ամոթը՝ համարվել օրինաչափ եւ օգտակար: Սատանան թերեւս երբեք մարդկության հանդեպ ավելի մեծ հաղթանակ չի տոնել եւ երբեք այնքան չի ստորացրել մարդուն, որքան այսօր:

Կարելի է ասել, որ մենք այժմ ապրում ենք բղջախոհության դարաշրջանում, որը, լինելով մահացու մեղքերից վերջինը, ասես խորհրդանշում է նաեւ այս դարաշրջանի վախճանական լինելը:

Բղջախոհությունը պոռնկական խորհուրդների միջոցով մշտապես ծառայել է չարին իբրեւ հզորագույն միջոց՝ քրիստոնյաներին փորձության ենթարկելու համար: Քանզի սատանան լավ գիտե, թե այն որքան է տկարացնում աստվածպաշտության ընթացքը, պղտորում ու պղծում սիրտը՝ խավարեցնելով մտքի պայծառությունը եւ մարդուն հեռացնելով Աստծուց: Ուստի ճշմարիտ քրիստոնյան պարտավոր է մշտապես պայքարել բղջախոհության, ինչպես նաեւ բոլոր մյուս մահացու մեղքերի դեմ՝ ձգտելով ամբասիր լինել այս բազմաշերտ փորձությունների հորձանուտում եւ անմասն մնալ սատանայի գործերին:

«Իսկ եթե մեկը շնանում է խելքի պակասության պատճառով, նա կորստի է մատնում ինքն իրեն, և երբեք չի ջնջվելու նրա նախատինքը» (Առակ. 6: 32):

«Որդյա՛կ, անձնատուր մի՛ եղիր հեշտասիրության և թշնամիներից ոտնակոխ չես լինի» (Սիրաք 18 30)

Սուրբ վարդապետներն ուսուցանում են, որ յուրաքանչյուր մեղքի հաղթահարման լավագույն ճանապարհը նրան հակադիր առաքինությունը գործելն է: Հպարտության դեմ պետք է պայքարել խոնարհությամբ, նախանձի դեմ՝ կամեցողություն, բարկության դեմ՝ հեզություն եւ համբերություն, իսկ ծուլության դեմ՝ հոգեւոր ջանասիրություն եւ հնազանդություն: Ագահությունը պետք է մարել ողորմածությամբ, որկրամոլությունը՝ պահքով, իսկ բղջախոհությունը՝ ողջախոհությամբ:

Բարի օր բոլորիս՝ մեր հոգու զորությունների նկատմամբ ուշադիր լինենք, չլինի հանկարծ ցանկությունը իշխի մեր բանականությանը: Իսկ մեր հոգու զորությունները սրանք են՝ Բանական, ցասմնական և ցանկական:

Ծովիկ Դավթյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ