24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Եկե՛ք այսօր խնդրենք ամոթի զգացում ունենալու շնորհը՝ մեր գործած մեղքերի համար. Հռոմի Պապը ուղիղ եթերով Սուրբ Պատարագ մատուցեց` կորոնավիրուսով հիվանդների համար

«Ամոթը կորցրած մարդը զրկվում է բարոյական հեղինակությունից, կորցնում է իր հանդեպ ունեցած հարգանքը, դառնում է անբարեխիղճ»

Մարտի 9-ի առավոտյան Ն. Ս. Ֆրանցիսկոս Քահանայապետը մատուցեց Սուրբ Պատարագ Սուրբ Մարթայի մատուռում, որը հեռարձակվեց Vatican Media-յի և այլ համացանցային հարթակների միջոցով, նաև հեռուստաալիքներով: Սրբազան Քահանայապետը ցանկանում է, որ մոտակա այս մի քանի օրերին նրա առավոտյան Պատարագները հեռարձակվեն ուղիղ եթերով՝ հենց այսպես ցուցաբերելով ամենօրյա մոտիկություն այն մարդկանց հանդեպ, ովքեր տառապում են COVID-19-ի տարածման պատճառով, հաղորդում է , armenianchurchco.com-ը:

«Այս օրերին ես Սուրբ Պատարագ կմատուցեմ կորոնավիրուսով վարակված մարդկանց, բժիշկների, բուժքույրերի, ծերերի, բանտարկյալների և կամավորների համար, ովքեր նրանց օգնում են: Այս շաբաթ բոլորս միասին ջերմեռանդ աղոթք կբարձացնենք առ Աստված:

Իր քարոզում Նորին Սրբությունը խորհրդածեց առաջին ծիսական ընթերցման մասին, որը վերցված էր Դանիել մարգարեի գրքից՝ հիշեցնելով, որ յուրաքանչյուր հավատացյալ պետք է իրեն մեղավոր ճանաչի:

«Դանիել մարգարեի գրքից քաղված առաջին ընթերցումը վերաբերում է մեղքերի խոստովանությանը, – ընդգծեց Ֆրանցիսկոս Պապը: – Մարդիկ խոստովանում են, որ մեղք են գործել. «Ամենակարող Տեր Աստվա՛ծ, որ պահպանում ես  Քեզ սիրողների և Քո պատվիրաններին հետևողների ուխտն ու ողորմությունը, մենք մեղք են գործել, անօրենություն ենք արել, անարդար ենք եղել, համառել և նահանջել ենք Քո պատվիրաններից, չենք լսել Քո ծառաների՝ մարգարեների ձայնը, ովքեր Քո անունով խոսում էին մեր թագավորների, մեր ազնվականների, մեր հայրերի և երկրի ողջ ժողովրդի հետ»: Այսպիսին պետք է լինի մեղքերի խոստովանությունը, պետք է ընդունենք, որ մեղք ենք գործել: Խոստովանության Խորհրդին պատրաստվելիս մենք պետք է իրականացնենք խղճի քննություն և տեսնենք, թե ինչ մեղք ենք գործել Աստծո առաջ: Անհրաժեշտ է խոստովանել մեղքերը»:

Սակայն մեղքերի իրական խոստովանությունը պետք է մնա ապաշխարողի սրտում. խոստովանանքի գնալ՝ չի նշանակում հոգևորականին պարզապես ներկայացնել քո գործած մեղքերի ցանկը, իսկ հետո քեզ հետ տանել ներումը: Դա չէ խնդիրը, անհրաժեշտ է ևս մեկ քայլ՝ խոստովանել Աստծո առաջ մեր փոքրությունը: Դանիել մարգարեն ասում է. «Քոնն է, Տե՛ր, արդարությունը, իսկ մեր երեսին ամոթն է»:

Երբ մենք անկեղծորեն խոստովանում և զղջում ենք մեր գործած մեղքերի համար, ապա մեր սրտում ամոթի զգացողություն պետք է առաջանա, և դա շնորհ է, որը միշտ պետք խնդրել Աստծուց, ընդգծեց Նորին Սրբությունը: «Ամոթը կորցրած մարդը զրկվում է բարոյական հեղինակությունից, կորցնում է իր հանդեպ ունեցած հարգանքը, դառնում է անբարեխիղճ»: Նույն բանը տեղի է ունենում Աստծո հետ մեր փոխհարաբերություններում. մեղքը պետք է մեր դեմքին արտացոլվի ամոթի գույնով, երանգով: «Տե՛ր, – բացականչում է Դանիելը, – Մերն է ամոթն այսօր մեր երեսին, մեր թագավորների, մեր իշխանների և մեր հայրերի, քանզի մենք մեղք ենք գործել Քո առաջ»: Սակայն հետո մարգարեն խոսում է Աստծո ողորմածության մասին, ընդգծեց Սրբազան Քահանայապետը:

«Երբ մենք ոչ միայն խոստովանում ենք մեր մեղքերը, այլ նաև ամոթ ենք զգում, դա հուզում է Աստծո սիրտը, և Նա մեզ պատասխանում է ողորմությամբ: Դեպի Աստծո ողորմություն տանող ուղին դա ամոթի զգացողությունն է՝ այն զազրելի արարքների համար, որոնք մենք գործել ենք: Հետևաբար, երբ մենք գնանք խոստովանանքի, պետք է ոչ միայն թվարկենք մեր գործած մեղքերը, այլև պետք է խոսենք մեր զղջման և ամոթի մասին, որ այդպես ենք վարվել Աստծո հետ, Ով անսահման բարի է, գթասիրտ ու արդար: Եկե՛ք, ուրեմն, այսօր խնդրենք ամոթի զգացում ունենալու շնորհը՝ մեր գործած մեղքերի համար: Թող Աստված բոլորին պարգևի այդ շնորհը»:

 

Vatican News, հայկական բաժին,

Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ