Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է «Վիլֆրիդ Մարտենս» եվրոպական հետազոտությունների կենտրոնում
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է «Վիլֆրիդ Մարտենս» եվրոպական հետազոտությունների կենտրոնում
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում այսօր Բրյուսելում հյուրընկալվել է «Վիլֆրիդ Մարտենս» եվրոպական հետազոտությունների կենտրոնում, որտեղ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել կենտրոնի նախագահ, Սլովակիայի նախկին վարչապետ Միկոլաշ Ձուրինդայի հետ:
Նախագահ Սարգսյանը հատկանշական է համարել, որ հանդիպումը կայանում է հենց Վիլֆրիդ Մարտենսի անունը կրող կենտրոնում, քանզի Մարտենսը Հայաստանի լավ բարեկամն էր, քրիստոնեադեմոկրատական արժեքների մեծ ջատագով, ով մի քանի անգամ այցելել է Հայաստան և ում անմիջական աջակցությամբ է սկիզբ դրվել Հայաստանի Հանրապետական կուսակցության համագործակցությանը Եվրոպայի ամենամեծ քաղաքական ընտանիքի՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) հետ:
Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել նաև Վիլֆրիդ Մարտենսի ներդրումը և համակողմանի աջակցությունը Հայաստանի՝ եվրոպական մերձեցման գործընթացում:
Միկոլաշ Ձուրինդայի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամի, որի համահիմնադիրը և հոգաբարձուների խորհրդի նախագահը Սերժ Սարգսյանն է, և «Վիլֆրիդ Մարտենս» եվրոպական հետազոտությունների կենտրոնի համագործակցության հեռանկարները:
Սերժ Սարգսյանը զրուցակցին ներկայացրել է հիմնադրամի առաքելությունն ու գործունեությունը, որն իրականացվում է բացարձակ թափանցիկության և հաշվետվողականության պայմաններում:
«Լույս» հիմնադրամը հայտ է ներկայացրել անդամակցելու «Վիլֆրիդ Մարտենս» եվրոպական հետազոտությունների կենտրոնին: Պարոն Ձուրինդան իր աջակցությունն է հայտնել այդ նախաձեռությանը:
Զրուցակիցների կողմից ընդգծվել է կրթական, վերլուծական, հետազոտական աշխատանքի կարևորությունը, այդ թվում` պոպուլիզմի դեմ պայքարի թեմայով:
Միկոլաշ Ձուրինդայի խնդրանքով Սերժ Սարգսյանն անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական և արտաքին քաղաքական զարգացումներին և մարտահրավերներին»: