23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կառավարությունն ամեն ինչ արեց, որպեսզի Հայաստանը հայտնվի ռիսկային գոտում. 168 Ժամ

Մինչ կառավարության ղեկավարը շրջում էր փողոցներով և սելֆիներ անում քաղաքացիների հետ, իսկ առողջապահության նախարարը հեգնանքով էր խոսում չինական վիրուսի մասին, այն անարգել մտավ Հայաստան։ Որ որևէ երկիր ապահովագրված չէ այդ վտանգից, այդպես էլ կա։ Բայց մի՞թե կարելի էր այդքան անփույթ վերաբերվել մի խնդրի, որն արդեն հասցրել է հազարավոր մարդկանց կյանքեր խլել։

Թեև խնդիրը միայն մարդկային կորուստները չեն։ Կորոնավիրուսը չարիք է դարձել՝ ինչպես մարդկության, այնպես էլ՝ համաշխարհային տնտեսության համար։

Հայաստանի դեպքում այդ ռիսկերն ավելի են մեծանում, երբ առանց այն էլ 4 հարևաններից 2-ի հետ ունենք փակ սահման։ Երրորդի հետ սահմանը մենք ենք փակել։ Ճիշտ է, ժամանակավոր, բայց փակել ենք։ Խոսքն Իրանի մասին է։ Մնացել է միայն մեկը՝ Վրաստանը։ Երբ այլևս ունենք կորոնավիրուսի հաստատված դեպք, մի քանի տասնյակ քաղաքացիներ էլ կասկածվում են, չի բացառվում, որ հիմա էլ Վրաստանը վերցնի ու փակի Հայաստանի հետ սահմանը։ Արդյունքում՝ կհայտնվենք բացարձակ շրջափակման մեջ։

Իրանի հետ 2 շաբաթով սահմանի փակման մասին կառավարությունը հայտարարեց փետրվարի 24-ին։ Թե ինչքանո՞վ էր դա արդյունավետ, արդեն տեսնում ենք։

Կորոնավիրուսը Հայաստան եկավ Իրանից։ Այստեղից ժամանած քաղաքացին, պարզվեց, վիրուսակիր է, բայց այն ժամանակ, երբ նա արդեն հասցրել էր շփվել շատերի հետ։ Ու հիմա նրանք ևս հայտնվել են ռիսկի գոտում։

Խնդիրը, իհարկե, այն չէ, թե ինչու են թույլ տվել վիրուսակիր քաղաքացուն վերադառնալ Հայաստան։ Խնդիրն այն էր, որ կառավարությունն ու պատկան կառույցները բացարձակ անպատրաստ դուրս եկան ստեղծված իրավիճակին։ Փոխարենը պոտենցիալ վիրուսակիրներին ժամանակին հայտնաբերելու և համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու՝ միայն տևական շփումներից հետո որոշվեց նրանց մեկուսացնել։ Ու հիմա վարակի տարածման հավանականությունը դարձել է շատ ավելի մեծ, քան կարող էր լինել, եթե ժամանակին կանխարգելիչ քայլեր արվեին։

Արդեն առաջին օրն այն հասցրեց խուճապի մատնել հասարակությանը։ Բազմաթիվ քաղաքացիներ շտապեցին սուպերմարկետներ՝ սննդի պաշար կուտակելու համար։ Շատերն էլ վերսկսեցին դեղատներում անհույս դիմակներ փնտրել։ Սրճարաններում ու այլ մասսայական հանգստի վայրերում նվազեցին այցելուները։ Բայց դա ամենը չէր։ Այն բանից հետո, երբ պարզվեց, որ կառավարությունը որոշել է կորոնավիրուսով վարակվածներին մեկուսացնել մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի կողմից պետությանը նվիրաբերած Ծաղաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրում, այստեղ հանգրվանած կամ նման մտադրություն ունեցող բազմաթիվ քաղաքացիներ սկսեցին չեղարկել պատվերները։

Սա, թերևս, առաջին հարվածն էր, որ կառավարությունն իր ձեռքով հասցրեց Հայաստանի զբոսաշրջությանը։ Զարմանալ կարելի է, թե ո՞ւմ մտքով է անցել վարակված քաղաքացիներին մեկուսացնել մի այնպիսի վայրում, որը հանդիսանում է զբոսաշրջային գոտի։ Հատկապես որ, կորոնավիրուսից ամենամեծ սպառնալիքի տակ է հայտնվել զբոսաշրջությունը։

Չհաշված, որ այլևս անհույս է «Գոլդեն Փելիսի» վաճառքը։ Առանց այդ էլ հյուրանոցային այդ համալիրի համար գնորդները հերթ չէին կանգնել։ Անցկացված 2 աճուրդում որևէ մեկը ցանկություն չհայտնեց այն ձեռք բերել։ Պատճառները հայտնի են՝ ոչ ոք չի ուզում գնել այնպիսի մի գույք, որը վաղը կարող է լուրջ գլխացավանք դառնալ իր համար։ Կառավարության հերթական չտրամաբանված քայլն է՛լ ավելի նվազեցրեց հյուրանոցային այս համալիրի վաճառքի հավանականությունը։

Այլևս միանշանակ է, որ Հայաստանն անմասն չի մնա համաշխարհային զբոսաշրջությանը սպառնացող վտանգներից։ Ու դա շատ շուտով զգալու ենք։

Իրանի հետ սահմանը Հայաստանը ստիպված եղավ փակել Նովրուզի տոների նախօրյակին։ Ճիշտ է, այն ժամանակավոր է, բայց հազիվ թե կարելի է կարծել, որ երկշաբաթյա ժամկետի ավարտից հետո  վտանգները վերանալու են, և սահմանափակումները շարունակելու անհրաժեշտություն չի լինելու։ Իրանում հիվանդությունը գնալով տարածվում է, ավելանում է վիրուսակիրների թիվը։ Իսկ դա նշանակում է, որ հայ-իրանական սահմանն առայժմ փակ է մնալու այցելությունների համար։ Արդեն հայտարարվել է նաև վիզային ռեժիմը վերականգնելու մասին։

Նովրուզի տոներից առաջ, երբ սովորաբար Հայաստան են գալիս տասնյակ-հազարավոր իրանցիները, դա փոքր կորուստ չի լինելու մեր երկրի տնտեսության ու հատկապես՝ զբոսաշրջության համար։ Այցերը մեկնարկում են մարտի կեսերից և շարունակվում մինչև ապրիլի սկիզբ։ Այդ ժամանակահատվածում Իրանից Հայաստան է գալիս 25 հազարից ընդհուպ մինչև 40-45 հազար մարդ։

Անիմաստ է կարծել, որ այս տարի կլինեն այդպիսի հոսքեր։ Եվ ոչ միայն Իրանից։

Կասկած չկա, որ առաջիկայում զբոսաշրջային հոսքերը կնվազեն նաև այլ երկրներից, եթե արդեն չեն նվազել։ Եվ դեռ հայտնի չէ, թե այս պրոցեսը մինչև ուր կարող է ձգվել։

Ոչ ոք հակված չէ այցելել այնպիսի մի երկիր, որտեղ կան չինական հիվանդությամբ վարակվելու նույնիսկ ամենաչնչին ռիսկերը։ Կառավարությունն իրենից կախված ամեն ինչ արեց, որպեսզի Հայաստանը հայտնվի այդպիսի երկրների շարքում։ Չի փրկի նույնիսկ վարչապետի այն «ինքնազոհողությունը», որ այցելուների մոտ ի հայտ եկած մտահոգությունները փարատելու նպատակով՝ շտապեց 1 օրով ընտանիքի հետ հանգրվանել Ծաղկաձորում։

Իհարկե, Հայաստանի տնտեսության ռիսկերը միայն տուրիզմին չեն առնչվում։ Կան բազմաթիվ այլ վտանգներ՝ կապված հանքահումքային ապրանքների միջազգային գների անկման և համաշխարհային տնտեսության մեջ տեղի ունեցող դրսևորումների հետ։ Դրանք արդեն տեսանելի են։

Հեռանկարում ևս սպասումները լավատեսական չեն։ Պատահական չէ, որ միջազգային ֆինանսական կառույցները սկսել են վերանայել գլոբալ տնտեսության աճի նախկին կանխատեսումները՝ նվազեցնելով դրանք։

Սրանք այն ակնհայտ ռիսկերն են, որոնք տարեսկզբին ի հայտ են եկել Հայաստանի տնտեսության համար։ Բայց դեռ վաղ է ասել, թե դրանք մինչև ուր կարող են ձգվել։ Որքան երկար շարունակվի այս ամենը, այնքան կորուստներն ավելի կմեծանան:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ