Կորոնավիրուսի 9 կասկածելի դեպք ունենք. Փաշինյան /տեսանյութ/
Այս մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով հիվանդացության նոր դեպք չունենք, այս ընթացքում մի քանի կասկածելի դեպքեր ախտորոշվել են, պատասխանը բացասական է: Այս մասին մարտի 2-ին, կառավարությունում կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքային խմբի ընդլայնված կազմով նիստի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այս պահի դրությամբ սպասում ենք 9 թեստերի պատասխանների եւ պատասխանները լինելուն պետս հանրությանը կտեղեկացնենք: Հույս ունենք, որ չեն հաստատվի, բայց եթե Աստված մի արասցե, հաստատվեն, մենք այդ մասին կտեղեկացնենք: Եթե հաստատվեն, դա որեւէ խուճապի առիթ չպետք է լինի: Սա հաղթահարելի հիվանդություն է եւ նույնիսկ առայժմ մեր միակ ախտորոշման դեպքի համար նույնիսկ այնպիսի ընթացք ունի, որ փաստորեն նա չի բուժվում, որովհետեւ ոչ մի ախտանշան չունի, անգամ ջերմություն չունի: Կարճ ջերմություն է ունեցել, հետո ջերմությունն ինքն իրեն իջել է: Հիմա ուղղակի մարդը սուր վարակիչ հիվանդությունների բժշկական կենտրոնում, ուղղակի հեռուստացույց է նայում»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը խորհուրդ տվեց քաղաքացիներին ապրել բնականոն կյանքով, նշելով, որ լավ է, որ սոցցանցերում մարդիկ հումորով են վերաբերվում կորոնավիրուսին, սակայն պետք է նաեւ գիտակցել, որ սա լուրջ եւ վտանգավոր հիվանդություն է, որի պես տասնյակ հիվանդություններ կան, որոնք սովորական են: Ավելի հաճախ լվացվել, փռշտալիս թույլ չտալ, որպեսզի բակտերիաները տարածվեն, խորհուրդ է տալիս Նիկոլ Փաշինյանը: