24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Իրեն ողջունող մարդկանց Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ի՞նչ եք ծափ տալիս, քարեր և փայտեր հավաքեք». Հայկ Մամիջանյան

«Մենք տեսնում ենք, թե ոնց են Արցախի հարցի քննարկումները վերածվում «Կիսաբաց լուսամուտների». Մյունխենի շոուն «Կիսաբաց լուսամուտներ» էր, միայն հոգեբանն էր պակասում, որը պետք է վեր կենար և ասեր՝ գիտե՞ք ինչ, ես համարում եմ, որ դուք պետք է հաշտվեք»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ ընդգծելով՝ «չարժեր այդքան էժանացնել» այդ խնդիրը:

 «ՀՀԿ փոխնախագահն արդեն ասել է, որ մենք գիտեինք, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պատրաստվում է համաձայնագիր, որտեղ, մեղմ ասած՝ մեր շահերից բխող կետեր չեն Արցախի հարցով. գործ արեք, ժողովուրդ»,- նշեց նա:

Հայկ Մամիջանյանն ընդգծեց, որ թե՛ Սերժ Սարգսյանի, և թե՛ Ռոբերտ Քոչարյանի դատական գործերը միտված են իրական քաղաքական օրակարգից ուշադրությունը շեղելուն, և նույն կարծիքին է նաև Սերժ Սարգսյանը:

Անդրադառնալով դատարանի մոտ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի արած այն հայտարարությանը, թե՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, մեր զրուցակիցը նշեց.

«Ես ուզում եմ բոլորին հիշեցնել զագրեբյան ելույթը. նույնիսկ այդտեղ նա դա ասաց: Երբ դու ունես 3 րոպե՝ միջազգային ամբիոնից խոսելու համար, ապա դու չես խոսում այն մասին, թե ինչ խնդիրներ են առաջացնում քո և քո քաղաքական գործընկերների համար, այլ խոսում ես Արցախից: Երբ դու գնում ես դատարանի դահլիճ, որտեղ շինծու գործով փորձում են քո վրա գործ կարել, դու մեկ է՝ խոսում ես Արցախից, սա է մեր և նրանց տարբերությունը»:

 

Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 25-ին, Սերժ Սարգսյանը դիմելով դատարանի մոտ հավաքված իր աջակիցներին՝ մասնավորապես ասել էր. «Ես աշխարհի ամենաբարձր ամբիոններից պարբերաբար հայտարարել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ Լեռնային Ղարաբաղը չի լինելու Ադրբեջանի կազմում: Սա եղել է իմ կյանքի գերագույն նպատակը, այն ինձ ուղեկցելու է մինչև վերջ և ամենուր»:

Հետաքրքրվեցինք՝ նախապես գիտեի՞ն, թե ինչ է խոսելու Սերժ Սարգսյանը, քանի որ պաստառները նրա խոսքից մեջբերումներ էին պարունակում:

«Անհամեստություն չթվա, բայց տրամաբանությունը հակառակն էր: Մենք, բնականաբար, զրուցել էինք նախագահ Սարգսյանի հետ, և նա տեղյակ էր, թե ինչ է լինելու պաստառների վրա: Էական են մոտեցումները, թե մենք ինչի մասին ենք խոսում և երբ»,- ի պատասխան՝ ասաց նա:

Հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ հրավիրում է մարտի 1-ին տեղի ունենալիք երթին՝ նվիրված 2008 թվականի Մարտի 1-ի զոհերի հիշատակին. հնարավո՞ր է՝ ՀՀԿ-ն ևս միանա երթին, նա պատասխանեց. «Կան թեմաներ, որոնց վրա քաղաքական դիվիդենտների կառուցումը ես ստոր եմ համարում՝ անձամբ Նիկոլ Փաշինյանի պարագայում: Ես իր փոխարեն՝ քիչ կխոսեի, կամ ընդհանրապես չէի խոսի, որովհետև թող միշտ հիշի,  որ կան մարդիկ, որոնք գիտեն, թե ինչեր է արել այդ օրը, և ով է իրականում ամեն ինչի համար մեղավոր: Ինչ վերաբերում է Մարտի 1-ին, ապա, այո՛, դա շատ ցավալի և ծանր էջ է, ՀՀԿ որոշ անդամներ գուցե մասնակցեն, բայց մեր իշխանության օրոք 10 մահացության դեպքից 3-ը կամ 4-ը բացահայտվել են: Դե հիմա եկեք՝ համեմատենք այն պրոցեսը, որ տեղի է ունենում հիմա Ռոբերտ Քոչարյանի դեմ, երբ մահվան դեպքերի բացահայտման հետ կապված՝ ես որևէ բան, ցավոք, չեմ տեսել, և մենք, որ չենք խոսել, բայց փաստացի աշխատանք ենք կատարել»:

Ճշտող հարցին՝ ի՞նչ նկատի ունի, ինչե՞ր է արել Նիկոլ Փաշինյանը, նա պատասխանեց. «Այդտեղ որևէ գաղտնիք չկա, ես այնտեղ եմ եղել Մարտի 1-ին՝ որպես ցուցարար, և երբ Նիկոլ Փաշինյանն իջնում էր Հրապարակի կողմից, բոլորը ծափահարում էին, մենք էլ դպրոցական ընկերներով այնտեղ էինք: Բոլորս ծափահարում էինք, որովհետև նա այն ժամանակվա հարթակից խոսողներից միակն էր, որ վերջապես իջավ ժողովրդի մոտ, և պարոն Փաշինյանն իրեն բնորոշ ոճով՝ ագրեսիվ և կոպիտ, ասաց՝ ի՞նչ եք ծափ տալիս, քարեր և փայտեր հավաքեք: Սա բառացի եմ մեջբերում, ոչ մի տառ չեմ փոխում: Իրեն ողջունող մարդկանց Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ի՞նչ եք ծափ տալիս, քարեր և փայտեր հավաքեք: Դե, թող հիմա ինքը ինձ պատմի՝ ինչ երթ է անում Մարտի 1-ին»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Ռազմիկ Մարտիրոսյան

168.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ