Ծածկադմփոց են անում. ՁԻԱՀ կենտրոնի բժիշկները եւ հիվանդները կառավարությունից պահանջում են վերջ դնել միանձնյա որոշումներին /տեսանյութ/
«ՁԻԱՀ կանխարգելման կենտրոն»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են անում Կառավարության դիմաց՝ պահանջելով հանդիպում պատասխանատուների հետ:
Հիշեցնենք, կառավարությունը որոշել է «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ին պատկանող Ավանում գտնվող գլխավոր մասնաշենքը՝ իր օժանդակ շինություններով, եւ 0.618 հեկտար հողամասը հետ վերցնել կազմակերպությունից:
Նույն որոշմամբ այդ ՊՈԱԿ-ը վերակազմակերպվում է որպես 100 տոկոս պետական մասնակցությամբ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՓԲԸ, իսկ նոր ՓԲԸ-ն գրացվելուց հետո այն միանում է «ՆՈՐՔ» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց» ՓԲԸ-ին: Ըստ էության, այս որոշմամբ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը» փակվում է:
Կենտրոնի հիվանդներն ու աշխատակիցները պահանջում են հանդիպում վարչապետի, պատասխանատուների հետ, որպեսզի մեկ տարի շարունակ իրենց կողմից հնչեցվող հարցերին պատասխան ստանան:
«Եթե մի բան արվում է մասնագետներից թաքուն, մեկ տարի է պլանավորում են այս ծրագիրը,- նշեց բողոքավոր համաճարակաբանը, ովքեր պահանջում են կազմակերպել մասնագիտական քննարկում: Եթե արդյունավետ աշխատող համակարգ կա, ինչու պետք է աշխատող գործիքը փոխել,- հարցնում են բողոքավորները: Ինչո՞ւ է տարածաշրջանում բոլոր ցուցանիշներով առաջատար կենտրոնը փակվում: Կենտրոնի փակման վերաբերյալ բոլոր հիմնավորումները հիմնազուրկ են: Ծածկադմփոցի սկզբունքով փլուզվում է մի համակարգ, որը արդյունավետ չի կարող լինել»:
Կենտրոնի աշխատակիցները պահանջում են վերջ դնել առողջապահության նախարարության կողմից թելադրվող միանձնյա որոշումներին, ինչը չի կարող երկրի առաջ ծառացած խնդիրների լուծման ճանապարհ լինել: Նրանց խոսքով՝ պետք է կասեցնել կառավարության որոշումը եւ նստել մասնագիտական քննարկումների կլոր սեղանի շուրջ, այլ ոչ թե ծածկադմփոցով փակել հիմնակրկները: