24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մեր հասարակությունը գնալով ավելի է աղքատանում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 7-ին իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ՀՀ առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի մեջ ժամկետանց վարկերի կշիռը նախորդ տարվա ընթացքում նվազել է և կազմել ռեկորդային ցածր՝ 0.85%. «Այս դինամիկան վկայում է Հայաստանի բանկային համակարգի կայունության ամրապնդման և մեր հայրենակիցների վճարունակության մակարդակի բարձրացման մասին»:

Այսօր ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը պնդել էր, որ Նիկոլ Փաշինյանը բանկերի կողմից տրամադրված վարկերի մեջ ժամկետանց վարկերի ցուցանիշի մասով իրականացրել է հերթական մանիպուլյացիան։

«Ցավալի է մտածել, որ այդ մանիպուլյացիայի մաս է կազմում նաև ՀՀ կենտրոնական բանկը, որը վստահաբար, տեղյակ է ժամկետանց վարկերի իրական ծավալի մասին, քանի որ ենթադրում եմ՝ թվերը իրենք են ներկայացրել։ Բանկիրները գիտեն, որ ժամկետանց վարկերը 270 օր անց դուրս են գրվում հաշվեկշռից և արդյունքում՝ արտացոլված չեն այս ցուցանիշում։ Պատկերավոր ասած՝ նոյեմբեր ամսվա 260 օր ժամկետանց վարկը դեկտեմբերին արդեն «ժամկետանց» չէ։ Իսկ իրականում ժամկետանց վարկերի ծավալը գրեթե տասն անգամ ավելի է, քան նշված է վարչապետի գրառման մեջ»,- ավելի վաղ «Ֆեյսբուքի» իր էջում գրառել էր Մանե Թանդիլյանը:

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը ասել է, որ վարչապետի հրապարակած թիվը վերացված է պաշտոնական վիճակագրությունից, իսկ Մանե Թանդիլյանի պնդումը, ըստ նրա՝ թեև տրամաբանական է, բայց դժվար ապացուցելի:

«Վարչապետի հրապարակած թիվն առկա է պաշտոնական վիճակագրության մեջ: Մանե Թանդիլյանի հայտարարությունը տրամաբանություն ունի, այդ 270 օրը, բայց ասածը հնարավոր չէ ճշտել, դրա հետ կապված պաշտոնական վիճակագրություն չկա: Չենք կարող հիմա ֆիքսել, որ Մանե Թանդիլյանի ասած տասնապատիկ ավելին ճիշտ է կամ սխալ, որովհետև պաշտոնական վիճակագրություն այդ մասով չկա»,- ասել է տնտեսագետը:

Սպառողական վարկերն ավելի արագ տեմպերով են ավելանում: Մասնավորապես, նախորդ տարի սպառողական վարկային բեռն ավելացել է 32 տոկոսով. «Այստեղ խնդիրն այն է, որ մարդիկ ավելի շատ վարկ են վերցնում, քան եկամուտ են ստանում: Սա վկայում է այն մասին, որ մեր հասարակությունը գնալով ավելի է աղքատանում»,- նկատեց նա:

Փոխարենը, նվազել են արդյունաբերության ֆինանսավորման և գյուղատնտեսական վարկերը. «Բացի սպառողականից, հիփոթեքային վարկերն են մոտ 27-28 տոկոսով աճել, բայց սրանք այն վարկերն են, որոնք տնտեսության համար չեն ապահովում երկարաժամկետ, կայուն, դինամիկ աճ: Սա զուտ սպառման նպատակ ունի, այս վարկերը ձեռքբերելով՝ մարդիկ չեն ստեղծում իրենց համար եկամտի աղբյուրներ: Մարդկանց սոցիալական վիճակն, ըստ էության, ավելի է ծանրանում, քանի որ դրան զուգահեռ նրանց եկամուտները չեն ավելացել: 2019թ. միջին անվանական աշխատավարձն ավելացել է 5.8 տոկոսի չափով, բայց վարկային բեռն ավելի արագ է աճել»,- նկատել է Սուրեն Պարսյանը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ