24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մենաշնորհները վերացա՞ ն, դարձյալ սո՞ւտ. 168 Ժամ

Վարչապետ ընտրվելուց անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում այլևս մենաշնորհներ չկան, և, որ իրեն հաջողվել է հաշված րոպեների ընթացքում մենաշնորհներից ազատել շաքարավազի և բանանի շուկաները. «Ես 2017թ. ասացի, որ Հայաստանում շաքարավազի և բանանի մենաշնորհը վերացնելու համար հարկավոր է 15-45 րոպե։ Եվ այո, վարչապետ դառնալուց հետո 40 րոպեի ընթացքում վերացել է բանանի ու շաքարավազի մենաշնորհը, և ասում եմ` այսօր Հայաստանում չկա բանանի և շաքարավազի մենաշնորհ»։

Կա՞, թե՞ չկա Հայաստանում մենաշնորհ, դեռ կանդրադառնանք։ Մինչ այդ նշենք, որ մենաշնորհների վերացման նպատակն այն չէ, որպեսզի հայտարարվի, որ այլևս մենաշնորհներ չկան։ Դա պետք է կոնկրետ արդյունքներով արտահայտվի։ Իսկ այդ արդյունքներն այն չեն, ինչ ակնկալվում էր։

Հայաստանում մենաշնորհների վերացման մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից անցել է գրեթե 2 տարի։ Հիմա տեսնենք, թե ի՞նչ է փոխվել այդ ընթացքում։

Սկսենք վառելանյութի շուկայից։

Նախկինում այս շուկան եղել է խիստ կենտրոնացված։ Տարիներ շարունակ բենզինի ներմուծման ոլորտում գործել են 3 ընկերություններ, այսօր էլ շարունակում են գործել 3 ընկերություններ։ Խոսքը նույն ընկերությունների մասին է։

Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո այդ առումով ոչինչ չի փոխվել։ Եվ դա արձանագրել է Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։ Այն հանձնաժողովը, որին նախկինում ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն անարգանքի սյունին էր գամում, երբ ասում էր, թե վառելանյութի շուկայում մրցակցային դիրքի չարաշահումներ չկան։

Իշխանափոխությունից հետո հանձնաժողովի նախագահը փոխվեց։ Ու հիմա այդ նույն հանձնաժողովը մենաշնորհների վերացման մասին վարչապետի հայտարարությունից շուրջ երկու տարի հետո փաստում է, որ բենզինի շուկան բարձր կենտրոնացվածություն ունի։ Հիմնական ներկրողը «Ռոսնեվթ Արմենիա» ընկերությունն է, որի միջոցով ՌԴ-ից Հայաստան քվոտավորված բենզին է ներկրվում, որից էլ հայկական 3 ընկերությունները` «CPS»-ը, «Մաքս-պետրոլը» և «Ֆլեշը», ձեռք են բերում այդ բենզինը և Սադախլոյից տեղափոխում Երևան:

Վերջին տվյալներով՝ շուկայում ամենամեծ մասնաբաժինն ունի «CPS»-ը, բայց այնպես չէ, որ մյուս 2-ի մասնակցությունը փոքր է։ Հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքում 3 ընկերություններն էլ համարվել են գերիշխող դիրք ունեցող։

Այսինքն` ոչինչ չի փոխվել։ Ոչինչ չի փոխվել նաև գնային քաղաքականության առումով։ Ինչպես նախկինում էր հանձնաժողովը հայտարարում, որ չարաշահում չկա, այնպես էլ՝ հիմա. բենզինի վաճառքի գնի մեջ 95,5-95,7 տոկոսը կազմում են ուղղակի ծախսերը` տեղափոխում, ձեռքբերում և այլն։

Ի տարբերություն բենզինի, դիզելային վառելիքի շուկայում հանձնաժողովն առաջին հայացքից դրական երևույթներ է արձանագրել։ Մասնակիցների թիվը արտաքուստ ավելացել է, բայց դա շուկայում եղանակ չի փոխել։ Նրանց մասնակցությունը զուտ ձևական բնույթ է կրել։

«Շուկան շարունակում է մնալ բարձր կենտրոնացված, հիմնական խաղացողները դարձյալ վերոնշյալ 3 ընկերություններն են»,-արձանագրել է Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։

Գանք այն շուկաներին, որտեղ տարիներ շարունակ տեր ու տնօրեն է եղել նախկինում՝ օլիգարխ, «հեղափոխությունից» հետո՝ գործարար Սամվել Ալեքսանյանը։ Սկսենք շաքարավազի շուկայից։

Այս շուկայում հանձնաժողովն անցած տարի արձանագրել է ներմուծման ոլորտում գերիշխող դիրք ունեցող ընկերությունների մասնաբաժնի նվազում։ Խոսքը այն ընկերությունների մասին է, որոնք պատկանում են Սամվել Ալեքսանյանին։ Նախկին մեկի փոխարեն՝ Սամվել Ալեքսանյանը հիմա այստեղ հանդես է գալիս 2 ընկերության միջոցով` «Ալեքս հոլդինգին» միացել է նաև «Ալեքս ընդ հոլդինգը»։

Հիշեցնենք, որ վերջինս հայտնվեց իշխանափոխությունից անմիջապես հետո։ Արդյունքում՝ շուկայի մասնակիցներն ավելացան ևս մեկով, բայց պարզ է, որ դրանից մրցակցությունը չփոխվեց։ Եվ այսօր էլ Ս.Ալեքսանյանին պատկանող այդ երկու ընկերություններին է բաժին ընկնում շաքարավազի շուկայի գերակշիռ մասը։

Արտաքուստ այդ ընկերությունների մասնաբաժինը ներմուծման ոլորտում նվազել է։ Հանձնաժողովն արձանագրել է, որ նախկին 67 տոկոսից հիմա դրանք ներմուծում են շաքարավազի 49 տոկոսը։ Թվում է, թե լուրջ առաջընթաց ունենք։ Բայց երբ տեղափոխվում ենք իրացման շուկա, պատկերն անմիջապես փոխվում է։ Ներքին շուկայում շաքարավազի իրացման 88 տոկոսը բաժին է ընկնում Ս. Ալեքսանյանին պատկանող «Ալեքս հոլդինգին» և «Ալեքս ընդ հոլդինգին»։

Առաջին հայացքից կարծես անհամապատասխանություն կա։ Բայց ոչ, պարզապես Սամվել Ալեքսանյանը ոչ միայն ներմուծող է, այլև արտադրող։ Ներքին շուկայում իրացվող շաքարավազի մի մասն էլ արտադրվում է նրան պատկանող գործարանում։ Ընդ որում, ներքին արտադրության շաքարավազի ինքնարժեքն ավելի բարձր է եղել, քան ներմուծմանը։ Այսինքն՝ այն վնաս է կրել, բայց աշխատել է։

Ու այդ պայմաններում շաքարավազի իրացման գները ներքին շուկայում նվազել են։ Եվ դա մասամբ դուրս է եղել նաև շուկայական գնագոյացումից։

Այլ կերպ ասած, առկա են եղել գների արհեստական իջեցման տարրեր, որն ընդունված է անվանել դեմպինգ։ Այն հակասում է մրցակցային կանոններին և նույնքան վտանգավոր է շուկայի համար, որքան գների չհիմնավորված բարձրացումը։

Գների արձանագրված իջեցումը պայմանավորվել է Ռուսաստանից մեծ քանակությամբ էժան շաքարավազի ներմուծմամբ և ներքին շուկայում, որոշ առևտրային ցանցերի կողմից, գների արհեստական իջեցմամբ, քանի որ, ըստ հանձնաժողովի, շաքարավազը հանդիսանում է, այսպես կոչված, մարկերային ապրանք, և դրա համար ցածր գին սահմանելով՝ տնտեսվարողները գնորդներ են գրավում:

Թե առևտրային ցանցերը ինչ նպատակով են արհեստականորեն ավելի ցածր գին սահմանել, էական չէ (Հասկանալի է, որ դա, ըստ էության, վերաբերում է, առաջին հերթին՝ նույն Ս.Ալեքսանյանին պատկանող սիթիներին)։ Բայց փաստ է, որ դա խնդիր է ստեղծում շուկայի մյուս մասնակիցների համար։ Ու զարմանալի է, որ հանձնաժողովը ոչինչ չի ձեռնարկել նրանց պաշտպանելու համար։

Շատերին գուցե տարօրինակ թվա, բայց իշխանությունների սիրելի գործարար Ս.Ալեքսանյանը 2 ընկերություններով է հանդես գալիս ոչ միայն շաքարավազի, այլև կարագի շուկայում։ Խոսքը դարձյալ «Ալեքս հոլդինգի» և «Ալեքս ընդ հոլդինգի» մասին է։ Այստեղ ևս նրանք ոլորտի առաջատարներն են։ Ներմուծման դեպքում այդ ընկերությունների մասնակցությունը գրեթե նույնն է մնացել, եթե չհաշվենք այն 1 տոկոս կրճատումը, ինչը եղանակ չի փոխում։

Մենաշնորհային շուկաներում իրականում շատ բան չի փոխվել։ Իշխանափոխությունից հետո մուտքը այդ շուկաներ գուցե հեշտացել է, բայց միայն դա շատ քիչ է մասնակիցների ընդլայնման, առավել ևս՝ իրական մրցակցության համար։ Տարիներ շարունակ ձևավորված ենթակառուցվածքները խիստ դժվարացնում են նոր խաղացողների մուտքը։ Իսկ կառավարությունը վերջին մեկուկես-երկու տարում ոչինչ չի արել այդ խնդիրները հաղթահարելու ուղղությամբ։

Բնավ զարմանալի չէ, որ նախկին մենաշնորհները կամ գերիշխող դիրք ունեցողներն այսօր էլ շարունակում են տեր ու տնօրեն լինել բազմաթիվ ապրանքային շուկաներում։ Ու կարևոր չէ, թե ինչ կասի վարչապետը մենաշնորհների լինել-չլինելու մասին:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ