24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«ԶՈՒ արդիականացումը միայն նոր զինատեսակ գնելն ու դրա ֆոնի վրա նկարվելը չէ». Պաշտպանության նախկին փոխնախարար

 

ՀՀ Պաշտպանության նախկին  փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ԶՈՒ արդիականացումը միայն նոր զինատեսակ գնելն ու դրա ֆոնի վրա նկարվելը չէ

Ընդհանրապես, եթե հավատանք Նիկոլ Փաշինյանին, Հայաստանն ամայի տարածք էր մինչև 2018թ մայիսը և միայն նորին պայծառափայլության հրաշափառ հայտնությամբ է հայ ժողովուրդը սկսել ապրել: Մինչ այդ Հայաստան կոչվող տարածքում ասպատակում էին գողերը, ավազակները, թալանչիները, դավաճանները, հող հանձնողները, կեղեքիչները, կեղծարարները, զրպարտիչները և այլն: Իսկ երկրում հայտնված զբոսաշրջիկներին ուղակի ողջակիզում էին: Հիմա եկել են սրբադասված փրկիչներն ու Հայաստանը հանրահռչակող առաքյալները, և ամեն ինչ OK-է:

Փաստ N 7: 20 տարի շարունակ ՀՀ ՊՆ բյուջեն ամեն տարի (բացառությամբ 2010թ.) ավելացել է, և դա նորմալ երևույթ է, այդպես էլ պետք է լինի: Օրինակ՝ 2018թ. բյուջեն 2017թ. համեմատ ավելացել է 18,1%-ով (38.1 մլրդ դրամ), 2009թ.-ին՝ 2008թ. համեմատ ավելացել է 19,2%-ով (24,1 մլրդ) ու այդ առիթով ոչ ոք ժամանակին գլուխ չի գովացել, ասուլիսներ չի հրավիրել, նախորդներին հաթաթա չի տվել:

Հիմա 80-ականների զենքի և դրա «ամոթալի էջ» լինելու մասով:

Հարգելի Նիկոլ Փաշինյան,
Հարգելի բարեկամ,

ՀՀ Զինված Ուժերում կան և՛ 80-ականների, և՛ 90-ականների, և՛ 2000-ականների զինատեսակներ ու դրանց մոդիֆիկացիաները: Դրանք դեռ երկար ժամանակ ծառայելու են Հայաստանի ու Արցախի պաշտպանությանը: Որպես ՊՆ նախկին փոխնախարար, խորհուրդ եմ տալիս ևս մեկ անգամ մանրամասն ընթերցիր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով հաստատված “ԶՈՒ արդիականացման 2018-24թթ ծրագիրը”: Ծանոթացիր ծրագրի բոլոր բաժիններին ու կտեսնես, որ ՀՀ ԶՈԻ արդիականացումը միայն նոր զինատեսակ գնելն ու դրա ֆոնի վրա նկարվելը չէ: Այն ռազմավարական բնույթի, երկարաժամկետ ուղենիշների, միջնաժամկետ և կարճաժամկետ ծրագրերի մանրամասն պլանավորում և հետևողական իրականացում է: Ծրագրում տեղ գտած ցանկացած նոր զինատեսակ տրամաբանական շարունակությունն է քո նշած 80-ականների զինատեսակների: Առաջիկայում ձեռքբերվելիք նոր զինտեխնիկանները 80-ականների հետ միասին են կռվելու, ապահովելու հակառակորդի զսպման, կանխման, թիրախավորման, խոցման, և ռազմական բնույթի սպառնալիքների չեզոքացման այլ անհրաժեշտ խնդիրները:

Շուտով նշելու ենք Հայոց Բանակի կազմավորման 28-րդ տարեդարձը և իհարկե Բանակի ու հաղթանակների մասին հուզիչ ելույթներ ես ունենալու: Ի՞նչ ես կարծում, իսկ եթե քո տրամաբանությանը հետևելով, Լևոն Տեր Պետրոսյանը ժամանակին խոսեր և մեղադրեր իր նախորդներին, որ ազգային բանակ չեն ստեղծել, և ամոթալի է ֆիդայական ջոկատներով կռվելը, ճիշտ կլինե՞ր արդյոք:

Ի՞նչ ես կարծում, ճիշտ կլինե՞ր արդյոք, եթե Ռոբերտ Քոչարյանը՝ օրինակ զրահատանկային և հակատանկային ստորաբաժանումները, տարբեր տիպի հրետանային բրիգադները, համազարկային կրակի համակարգերը, խոշոր տրամաչափի ականանետերը, «Ս 300 ՊՍ» զենիթահրթիռային համակարգերը, գրեթե ոչնչից զորամասեր ու մշտական տեղակայման վայրերը, ամբողջ առաջնագծի ահնրաժեշտ ինժիներական աշխատանքները իրակացնելուց և համալրելուց հետո հաթաթա տար իր նախորդին, որ, այլևս ՀՀ ԶՈՒ-ն նոր տեխնիկա, սպառազինություն, համազգեստ, քնելու մահճակալ, արկեր, հրթիռներ և այլ պարագաներ ունի:

Ճիշտ կլինե՞ր արդյոք, որ Սերժ Սարգսյանը` օրինակ «ԲՄ-30 Սմերչ» ՀԿՌՀ, «Տոչկա-ՈՒ» ՄՀՀ, «Իսկանդեր-Է» ՕՄՀՀ, «Բուկ» ԶՀՀ, տարատեսակ ԱԹՍ-ներ, Օդուժի, ՀՕՊ և այլ սպառազինություն ու տեխնիկա, առաջնագծի կահավորման համար հեռադիտարկման սարքավորումներ և այլ ժամանակակից պարագաներ ձեռք բերելուց հետո, հաթաթա տար իր նախորդին, որ իր ձեռքբերած զինատեսակները ավելի մեծ խնդիրներ են լուծում:

Իմ կարծիքով ճիշտ չէր լինի և որևէ պետության մեջ այդ տրամաբանությամբ առաջ չեն գնում (բացառությամբ պոպուլիստների):

Բայց ասեմ, որ բախտդ բերել է, որովհետև ԶՈՒ գեներալների և բարձրաստիճան սպայակազմի հետ միասին, 2018-24թթ. համար մենք այնպիսի արդիականացման ծրագիր ենք մշակել, որ ձեզ մնում է միայն հերթով իրականացնել դրանք: Վստահ եղիր, որ ձեզանից հետո եկողը չի քննադատելու:

Այնպես, որ զենքի հինն ու նորը արտադրության տարեթվով չի որոշվում, այլ իր գործածելիությամբ, օգտակարությամբ, դրանով լուծվող խնդրի մասշտաբով, ինչպես նաև ձեռքբերման ու սպասարկման արժեքով: Ռուսաստանն աշխարհում զենքի խոշոր արտադրողներից մեկն է, բայց իր զինված ուժերի սպառազինության մի զգայի մասը դեռևս 80-ականների զինատեսակներն են:

P.S./ հումորի կարգով.
Ս300-ը, Տոչկա-ՈՒ-ն, Բուկ-ը, Սմերչ-ը և այլ զինատեսակներ 1980-ականների են, հանկարծ չստիպես զինվորականներին, որ դեն նետեն: Դրանցից հակառակորդը վախենում է»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ