17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սասուն Միքայելյանը մատնեց Նիկոլ Փաշինյանին.Հայելի

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը գնալով սպառնալիք է դառնում իշխանության, այն միահեծան կառավարող Նիկոլ Փաշինյանի գլխին: Փաշինյանը խորհրդարան է գործուղել այնպիսի մանկամիտների, պոպուլիստների, որոնք օրեցօր պատուհաս են դառնում իշխանության գլխին: Օրինակ մեկի մտքով կանցներ, որ պատգամավորը հարց կտար կառավարությանն այն մասին, թե ինչու Մանվել Գրիգորյանի դեմ բողոքի ակցիաներ չանցկացվեցին, երբ նրան ազատ արձակեցին:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ, երբ դատարանը փոխել էր Գրիգորյանի խափանման միջոցը, օրեր շարունակ Էջմիածնում բողոքի ակցիաներ անցկացրեցին, այն ժամանակ շատերի համոզմաբ այդ ակցիաները կազմակերպվում էր իշխանության կողմից, կազմակերպիչներն էլ հազար թելերով կապված էին իշխանության բարձրաստիճանների հետ:

«Իմ Քայլի» պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը հենց այդ հարցը բարձրաձայնեց․«Ինչո՞ւ Մանվել Գրիգորյանի դեմ բողոքի ալիք չեղավ այս անգամ։ Մեղմվե՞լ է արդյոք հասարակության վերաբերմունքը նրա նկատմամբ եւ որքանով է առողջական խնդիրների մասին մամուլում զետեղված լուրերը համապատասխանում իրականությանը»,- հարցրեց նա, մատնելով, որ իշխանությունն է նախկինում նման այդ ակցիաների հետեւում կանգնած եղել ու հիմա պատգամավորը զարմացած է, թե ինչու նույնը չի անում:

Ստեփանյանը ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի հովանավորյալն է, նա Հրազդանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն էր ու Միքայելյանն է բերել խորհրդարան: Հասկանալի է, թե որտեղից ու ինչու է նա այդպիսի հարց բարձրացնում, Գրիգորյանի ազատությունն, ըստ ամենայնի, որոշ շրջանակների մոտ մտահոգություններ ու վախեր է առաջացրել, բայց դա արդյոք ծանրակշիռ պատճառ է փուռը տալու թիմին:

Հարցին պատասխանեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը․«Առողջական խնդրի մասով կար տեղեկություն, որ դրանք խորացել են։ Իհարկե, դա մեր տիրույթում չէ եւ իրավապահ մարմինները որոշում են կայացրել, որ նման դեպքում կալանքի հետագա կրումն անհամատեղելի է եւ կայացվել է այդ որոշումը։ Իսկ հասարակական վերաբերմունքի մասով դժվարանում եմ մեկնաբանել, բայց փաստ է, որ եթե մարդն այնպիսի առողջական վիճակ ունի, որը չի համապատասխանում կալանքի հետ, նման միջոցներ չպետք է կիրառվեն»։ Նախարարն էլ իր տեղում փուռը տվեց իշխանությանը՝ ասելով, որ քանի որ Մանվել Գրիգորյանը հիվանդ է, դրա համար էլ ակցիաներ չեն անում:

Հարցուպատասխանի մյուս ուշագրավ դրվագը ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանի մահվան վերաբերյալ հայտարարություններն են: «Նախորդ իշխանության որոշ շրջանակներ աղմուկ են բարձրացրել, թե կառավարությունը պատշաճ վերաբերմունք չի ցուցաբերել Կուտոյանի մահվան կապակցությամբ։ Վարչապետին ենթական ԱԱԾ պատվո պահակախումբն իր ներկայությամբ պատվել է հոգեհանգիստը, հուղարկավորությունը, ԱԱԾ-ն ողջ ղեկավար կազմով մասնակցել է այդ արարողությանը, մասնակցել է Անվտանգության խորհրդի քարտուղարը որպես կառավարության ներկայացուցիչ, ես լրատվամիջոցի հարցին ի պատասխան ցավակցություն եմ հայտնել սգակիր ընտանիքին։ Իսկ էլ ի՞նչ պետք է աներ կառավարությունը։ Իսկ ինչու այդ նույն մարդիկ այդ հարցերը չէին բարձրացնում, երբ Հայկ Հարությունյանի հետ էր դեպքը կատարվել, այսինքն նրանք էլ վերաբերմունքի տարբերություն ունեն։ Մեզ համար նախկին պաշտոնյաներ են եղել, ընդ որում պաշտոնավարել են բավականին վիճահարույց շրջաններում։ Կարծում եմ՝ ինչ որ պիտի արվեր, արվել է»,- հայտարարեց Փաշինյանը:

Ինչպես դասականը կասեր՝ իյա իրո՞ք: Բա ասեք պարոն վարչապետ, որ այսուհետ ձեր նշած բոլոր մարդկան հայտարարություններն ու քայլերը վերագրենք ձեզ: Ի դեպ, Փաշինյանն ասաց, որ այս հարցում պետք է Կուտոյանի ընտանիքը շահագրգռված լինի եւ համագործակցի իրավապահների հետ գործի բացահայտման նպատակով: Հետաքրքիր է՝ իսկ ինչի համար է ԱԱԾ-ն, ընդհանրապես պետությունը: Պետությունը պարտավոր է պահպանել նաեւ նախկինների անվտանգությունը, ի վերջո, նրանք ահռելի ինֆորմացիայի կրող են եւ նրանց անվտանգությունից է բխում թե պետության, թե իշխանության անվտանգությունը:

Անի Սահակյան

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ