ՀՀԿ-ականների հետ ամենաթարմ սուրճ խմածը ինքն է, լատենտ սուրճ խմող». Մարուքյանը պատմում է, թե ինչպես է Ռուբինյանը հյուրանոցում սրճել Աշոտյանի հետ ու նրան խնդրանքով դիմել
Այսօր հրավիրած ճեպազրույցում Aravot.am-ը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին հարցրեց՝ իշխանականները պարբերաբար ընդգծում են, որ դուք կարոտել եք ՀՀԿ-ականներին, կարոտն է ձեզ խեղդում, դրան նպաստել է այն, որ երեկ Գորգիսյանը հիշեց Աշոտյանին, դուք՝ Դավիթ Հարությունյանին, Հրայր Թովմասյանին, ակնարկում են, որ դուք սուրճ խմելու կարող եք գնալ ՀՀԿ-ականների հետ, ձեր կարոտն առնեք, գուցե ձեզ տեսե՞լ են մի սրճարանում ՀՀԿ-ականների հետ՝ Մարուքյանը պատասխանեց. «Նախ, մարդկային հարաբերությունների մակարդակում ոչ մի բարդույթ չունեմ որեւէ մեկի հետ սուրճ խմելու: Երկրորդը՝ երբ որ համեմատել ենք իրենց նախորդ իշխանությունների հետ, իշխանության ամենավատ ձեւակերպումներն իրենք են տալիս, բայց էդ նույն իշխանության, նույն Դավիթ Հարությունյանի տեքստերով երեկ նախագծեր էին մերժում: Դա է մեզ հիշեցրել: Ես կարող եմ կարոտել եթե մեկը լինի իմ հարազատ ընկերը»:
Այսօր իմքայլական Ռուբեն Ռուբինյանն էր առաջարկել «Լուսավոր Հայաստանին» սուրճ խմել ՀՀԿ-ականների հետ: Մարուքյանն արձագանքեց. «Ռուբենյանին ուզում եմ հիշեցնել, որ ինքը խնդրել էր Արմեն Աշոտյանին հանդիպում եւ հանդիպել էր Թուֆենկյան հյուրանոցում, սուրճ էր խմել Աշոտյանի հետ ու նրան խնդրել էր, որ աջակցի ու դեմ չլինի, որ ՀՀԿ-ականները դեմ չլինեն՝ իրենք EPP-ի անդամ դառնան: Էդ սուրճ խմողն ինքն է, լատենտ սուրճ խմող է: Սուրճ խմողն ինձ մեղադրում է սուրճ խմելու մեջ: Ես կարամ բոլորի հետ սուրճ խմեմ: Իր հետ սուրճ չեմ խմում, երեւի դրանից է նեղված, որովհետեւ անհետաքրքիր է իր հետ սուրճ խմելը: Ասենք, Ռուբինյանի հետ ի՞նչ խոսես, ինչի՞ց խոսես: Ի՞նչ քննարկեմ Ռուբինյանի հետ, որ հետը սուրճ խմեմ: Իսկ սուրճ խմողն ինքն է, ինքն է խնդրել, որ ՀՀԿ-ականները աջակցեն իրենց կապերով, որ ԵԱՀԿ-ում բանաձեւը տապալվի: Լավ է արել, ի դեպ, բայց երբ ինքը ուզում էդ սարքի քաղաքական զենք ու կիրառի իմ վրա, պետք է հիշի, որ ամենաթարմ սուրճ խմածը ինքն է: Այնպես որ, երբ որ էդ սուրճը բերում մտցնում են մեր աչքը, սուրճը գնացեք դուք խմեք ձեր սիրելի իշխանությունների հետ»: