17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արդեն հրապարակա՞վ եք մահով սպառնում . Իրավունք

Գեորգի Կուտոյանի ողբերգական մահը բացահայտեց բարոյական բոլոր կարմիր գծերն անցածների առատությունը: Կային  հոգեհանգստի եւ հուղարկավորության տեսանյութերի տակ չարախնդացողներ, մահով ուրախացողներ, կային եւ նրանք, ովքեր  երիտասարդ սպայի  մարմինը դեռ չսառած, շտապում էին այդ  մահը ծառայեցնել քաղաքական դիվիդենտներ հավաքելուն:  Ապշեցրեց նաեւ Նիկոլի  մանրախնդրության աստիճանը` այդպես էլ չցավակցեց,  իսկ կառավարության ցավակցության տեքստը ոչ թե  պաշտոնապես է  հրապարակվել կամ տարածվել, այլ տրամադրվում էր «ըստ ցանկության»`  համապատասխան հարցումով  դիմած լրատվամիջոցներին:

ՊԱՏՎԵՐ ՑՈՒՑՄՈՒՆՔ ՏՎԵՔ, ՔԱՆԻ ՈՂՋ ԵՔ

Պատկերված նկարը ոչ այլ ինչ է, քան Նիկոլի սեւ քարոզչությունը սպասարկող յութուբյան ալիքներից մեկի տեսանյութի «սքրինշոթը»:  Այո, տեսանյութը հենց պատկերված վերնագիրն ունի, իսկ գլխավոր նկարում ուժայինների նախկին ղեկավարները պատկերված են հենց այնպես, ինչպես տեսնում եք: Ու դա դիտվել է շուրջ 40 հազար անգամ: Այսինքն` 40 հազար անգամ ցուցադրվել է, թե ովքեր են սպանվել/ինքնասպանվել, իսկ ում ենթադրաբար դա սպասվում է: Իսկ դիկտորի ձայնը վերարտադրել է նիկոլական ամենաագրեսիվ քարոզիչներից մեկի` Տարոն Չախոյանի գրառումը. «Նախորդ իշխանությունների ժամանակ ՀՀ ուժային կառույցների պետերն ու տնօրենները րոպե  առաջ պետք է սկսեն խոսել, հակառակ դեպքում վերջիններիս սպասվում է նույն ճակատագիրը, ինչ նախկին ԱԱԾ տնօրեն Գեորգի  Կուտոյանին, նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին եւ մնացածին…»: Եվ փորձելով մեղքը վերագրել «նախկիններին»`  սույն վատահամբավ քարոզիչը շարունակում է սպառնալ. «Շարունակելով չխոսել ու չխոստովանել նախկինների գործած հանցանքների  մասին, շատերը վտանգում են իրենց ու իրենց մերձավորների կյանքը»: Այսինքն` ուղղակի տեքստով ասվում է, որ եթե նախկին  իշխանությունների վրա ցուցմունք չտաք, ապա շարունակությունը ողբերգական կլինի, իսկ վերջաբանը հնչում է առանձնահատուկ  լպիրշ.

«Երգեք պարոնայք, քանի ձեր դուռն էլ մի oր չեն թակել, կամ ձեր անշնչացած մարմինը չեն հայտնաբերել որեւէ աղբամանում կամ  աղբավայրում…»:

Այսինքն` ստացվում է, որ մահերը դարձել են տեղեկատվական-հոգեբանական արդեն ոչ թե գրոհների, այլ տեռորի գործիք:  Ի դեպ, այդ վեց «թիրախների» հետ, որոնցից երեքը նշված են որպես «խոցված»` կարծես թե, խոսքը համակարգչային խաղի մասին է,  իրոք խաղ անողներ կան: Հանրային խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնող Սսյոպիկ Սաֆարյանը գրել էր, որ վաղուց է տեսնում  Արթուր Վանեցյանին սպառնացող վտանգները, «բայց գիշերով սեւերը  թիրախը փոխեցին»: 

Հետո նա սկսեց արդարանալ, որ ասելով «սեւեր», նկատի ուներ ոչ թե Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի կողմնակիցներին, այլ «այլաբանորեն» օգտագործել էր «Մաֆիա» խաղի տերմինաբանությունը: Սակայն այդ արդարացումները ոչինչ չեն փոխում, եւ սույն  պարոնը, որպես ենթադրաբար ծանր հանցագործության նախապատրաստման մասին տեղեկատվության տիրապետող, պետք է  հարցաքննվի իրավապահների կողմից: Նույնը վերաբերում է Տարոն Չախոյանին, ում խոսքը առերեւույթ պարունակում է  հրապարակավ մահով սպառնալու հանգամանք…

Ի դեպ, Վանեցյանի պահով միայն Ստյոպիկ Սաֆարյանը չէ, որ մտասեւեռումներ ունի: Ռազմական եւ անվտանգության գծով  փորձագետ Կարեն Վրթանեսյանը պատահմամբ հայտնաբերել է. «Եթե Գուգլում գրեք «նա ցանկացել է մտնել այն բնակարան, որտեղ  գտնվում էր Վանեցյանի դին», ապա որոնման արդյունքներում կտեսնեք ArmTimes.com-ի հոդվածների ցանկը»: 

Այսինքն` Նիկոլի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակի» անձնակազմը այնքան է կենտրոնացած Վանեցյանի վրա, որ  Կուտոյանի մահվան լուրին վերնագիր դնելիս ենթագիտակցաբար  վրիպել են, այնուհետ, ուղղելով այդ վրիպակը, սակայն Գուգլը  հետքերը պահպանել էր: Դժվար թե պատահական պետք է համարել եւ այն, որ հենց Կուտոյանի մահվան իրական օրը` հունվարի 16-ին, վանաձորյան ինչ-որ հասցեից փորձ էր արվել Վիքիպեդիայում ջնջել  նրա կենսագրությունը: 

Այսինքն` ըստ այդ ռեսուրսի խմբագրումների պատմության,  ինչ-որ մեկը ջնջել էր, իսկ մեկ այլ օգտատեր շատ արագ վերականգնել:  Էլի ստացվում է, որ մարդուն «ֆիզիկական պլանից» հեռացնելուց  հետո ինչ-որ մեկը նաեւ վիրտուալ տարածքո՞ւմ է ջնջում… Թերեւս,  Ռոբերտ Քոչարյանի ասած, «ուրիշ մասնագետները» պետք է ասեն, թե ինչ նկարագրի տեր անձնավորություն է դա:

ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ՃԻՎԱՂՆԵՐԸ ԻՐԱԿԱՆ ԿՅԱՆՔ ԵՆ ՆԵՐԽՈՒԺՈՒՄ»

Այն, որ Ֆեյսբուք սոցիալական ցանցը` շնորհիվ քայլասերվածների ֆեյքաբուծարանի, դարձել է ագրեսիայով գերհագեցած տարածք, ուր գտնվելը կարող է մեծ տհաճություն պատճառել, ակնհայտ է: Ու բնական է մեր քաղաքացիների մի մասի ցանկությունը` հեռու մնալ այդ  սոցիալական ցանցից: Սակայն փորձագետ Կարեն Վրթանեսյանը զգուշացնում է, որ. «Դադարել է լինել «վիրտուալ աշխարհ», այն  արդեն սերտորեն ներաճել է իրական կյանքին: Ֆեյքերի եւ զոմբիների գեերացրած ատելությունը միայն վիրտուալ տարածքում չէ, այն  իրական մարդկանց գլխում է արդեն: Ագրեսիվ զոմբիները նաեւ իրական կյանք ունեն: Ուրիշի մահվան լուրին ծափ տվողները ձեր  հարեւաններն են ու գործընկերները»:

Բայց շարունակությունը էլ ավելի զարհուրելի է, թե Ֆեյսբուքից դուրս պրծած ճիվաղների միջոցով ինչ համակարգ է կառուցվել դրսում.  «Հայաստանում օրենքներն արդեն չեն գործում, նույնիսկ` ձեւական: Սա գումարելով Նիկոլի գեներացրած ատելության մթնոլորտին` կարող ենք ասել, որ արդեն կա այն «բարոյական ենթակառուցվածքը», որի հիման վրա իշխանությունները հանգիստ կարող են  մարդկանց  ձեռքից գույք խլել, բանտ նետել,  ծեծել, նույնիսկ սպանել: Կրկնում եմ`  ենթակառուցվածքը պատրաստ է: 

Այն պահից, երբ ենթակառուցվածքը կսկսեն շահագործել, մեզ բաժանում է ընդամենը մեկ միջադեպ: Ընդ որում, եթե տեսնեն, որ  ընդդիմությունը սադրանքների չի տրվում, հենց իրենք էլ կարող են կազմակերպել նման մի բեմականացում` իրենց ոջիլներից մեկից էշ  նահատակ սարքեն: Կամ, ասենք` կեղծ  մահափորձ կազմակերպեն: Չմտածեք, որ դրա հետեւանքները վերաբերելու  են միայն  քաղաքական հակառակորդներին: Վաղ թե ուշ  գալու է բիզնեսներ խլելու ու ռեքետի ժամանակը,  ինչպես  Վրաստանում էր, Սահակաշվիլիի օրոք»:

Այսինքն` փորձագետն ահազանգում է, որ քայլասերվածներին մեկ քայլ է մնացել մինչեւ տոտալ տեռորի սանձազերծումը: Թե ինչո՞ւ`  դրա մասին փոքր-ինչ ուշ, բայց պարզվում է, որ նիկոլենք պատրաստվում են  ուժային կառույցներից խլել գաղտնալսման գործառույթը:  Ըստ արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանի. «Այսօր Կառավարության օրակարգում քննարկման առարկա է դարձել  նոր առաջարկ. առաջարկվում է առանձին կազմակերպությանը վերապահել գաղտնալսումների կազմակերպման ընթացքը եւ ստեղծել  հաշվետվողականության եւ վերահսկման մեխանիզմներ: Այսինքն` գաղտնալսման կազմակերպման հնարավորություն ունենան  անմիջականորեն ոչ թե ուժային մարմինները, այլ առանձին կազմակերպություն, որի անկախությունը երաշխավորված կլինի, եւ որը  կունենա հաշվետվողականության եւ վերահսկման մեխանիզմներ»: Դա նշանակում է, որ Նիկոլը չի ուզում գաղտնալսման գործառույթը  վստահել ԱԱԾ-ին եւ Ոստիկանությանը, այլ մտադիր է դա դարձնել անձնական գործիք: 

Երեւի թե, հենց այնպես չէ, որ Վանեցյանի անվան շուրջ նույն ՀԺ-ն պտտում էր «դավադրության» վարկած, որը  հետո կրկնեց  ամենայն հայոց աներձագ Հրաչ Հակոբյանը: Ու թեեւ ԱԱԾ-ն պաշտոնապես հերքել է Վանեցյանի մասնակցությամբ  որեւէ  դավադրության  առկայությունը, սակայն աներձագի խոսքում էլ չեն տեսնում հաղորդում հանցագործության մասին: Կարճ ասած,  բարեկիրթ ձեւով ասում են, որ աներձագի խոսքը, ինչպես նաեւ նրա վկայակոչած ՀԺ-ն, «բլթցնում» են: Երեւի թե, ԱԱԾ-ի  սպաները  արդեն զզվել են փաշինյանների ընտանեկան թերթի  դավադրության  տեսություններից: 

Ի դեպ, այդ թերթի անստորագիր  հոդվածները ոճով չափազանց նման են Նիկոլի ելույթներին, այնպես  որ, չենք  զարմանա,  եթե պարզվի, որ հենց Նիկոլն էլ գրում է:  Դրանով մարմնավորվում է նրա վախերը: Արդեն կա խոստովանություն  վարկանիշի     անկման մասին, եւ հնչեցվում է «հանճարեղ»  միտք, որ  վարկանիշը Քոչարյանի եւ Սարգսյանի ճամբարները իջեցնում են  այն նպատակով, որ երբ հեղաշրջում իրականացնեն,  ժողովուրդը փողոց դուրս չգա` պաշտպանելու Նիկոլին: Բայց արդեն  նրանք,  ովքեր  2018-ին «դըմփ-դըմփ հու» էին անում,  հանգում են հենց Նիկոլին մերժելու  գաղափարին:

Մասնավորապես, մսավաճառներն ու անասնապահները, գալով Հանրապետության հրապարակ, կարծես արդեն հասցրել են վախեցնել  «ժողովրդի կառավարությանը», քանզի այդ հրապարակը երբեք դեռ այդքան ոստիկան չէր տեսել: Իսկ այսօր նրանք մտադիր են  հանրապետության ճանապարհները փակել` ճիշտ նույն մեթոդով, ինչ 2018-ի ապրիլին:

Իսկ թե Նիկոլին պաշտպանող քանիսն են մնացել` բավական է դիտել Հաղթանակ զբոսայգում «Հեղափոխության պահապաններ»  հռչակվածների խառնաժողովի տեսագրությունը: Այդտեղ տեսնում ենք Բակո Սահակյանի գլուխը քարով ջարդող Ջիվանիկին, «Կիսաբաց լուսամուտներից» հայտնի դժբախտ Հայկազին, «Հայելի» ակումբի վրա հարձակված խուլիգանախմբին,  ինչպես նաեւ  տարատեսակ էկզոտիկ կերպարներ, զորօրինակ, ժամանակին Ադրբեջանից ապաստան խնդրած ոմն Թամելա: Դե, ինչպիսին  հեղափոխությունն էլ, այնպիսին էլ պահապաններն են,  ու վայը եկել-տարել է այդպիսի պահապաններ ունեցող հեղափոխությանը:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ