24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Այո, ես դիտավորյալ չեմ ներկայացել դատական նիստին, բայց այդտեղ չարամտություն չկա». Միհրան Պողոսյան

 

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, սանկցիա կիրառեց Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանի նկատմամբ:

Պատճառը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նախորդ՝ հունվարի 14-ի դատական նիստում Միհրան Պողոսյանի բացակայությունն էր, որի մասին վերջինս նախապես դատարանին տեղեկացրել էր: Պողոսյանի բացակայությունը դատախազությունը համարել էր չարամտորեն դատավարական պարտականությունները չկատարելու դրսևորում ու դատարանին միջնորդել էր փաստաբանի նկատմամբ սանկցիա կիրառել:

Միհրան Պողոսյանի խոսքով, եթե դատախազությունն իսկապես հանդիսանում է օրենքի պաշտպանը, ապա հենց հունվարի 9-ի դատական նիստում (երբ, ըստ Պողոսյանի, իր ու մյուս պաշտպանների հասցեին հնչել էր  մահացած հարազատ ունենալու սպառնալիքը) պետք է կատարեր անհրաժեշտ դատավարական գործողություններ, արձանագրեր այդ փաստը ու դրան տար քրեաիրավական հետևանք:

«Մենք տեսանք դատախազության լռությունը, մենք տեսանք դատարանի լռությունը և աջակցությունը, և դա մեկ օրում տեղի ունեցած պրոցեսի հետևանք չէ: Դա ամիսներ շարունակ այս մթնոլորտը դատական նիստերի դահլիճ բերելու, դատարանի շենքի շուրջբոլորը հավաքելու վերջնարդյունքն էր: Եթե ՀՀ-ն զոհված անձանց հարազատներին դրամական փոխհատուցում չտրամադրեր գոնե այդ գործի քննության փուլում, ինչն իմ պատկերացմամբ՝ քաջալերել է նաև նման վարքագիծը, համոզված եմ, որ նման գործողություններ տեղի չէին ունենա»,- լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան  Միհրան Պողոսյանը:

Ըստ Պողոսյանի՝ դատարանը հասկանում է, որ եղածում խնդիր կա, այլապես Էդիկ Հարությունյանից պարզաբանումներ չէր պահանջի: Բայց ըստ Պողոսյանի՝ դատարանի գործողություններն ուշացած էին:

Միհրան Պողոսյանը չի կիսում դատախազության կարծիքը, որի համաձայն՝ հունվարի 14-ի դատական նիստին փաստաբանն իր բացակայությամբ չարակամորեն չի կատարել դատավարական իր պարտականությունները:

«Այո, ես դիտավորյալ չեմ ներկայացել դատական նիստին, բայց այդտեղ չարամտություն չկա: Դրա պատճառները եղել են ոչ թե չներկայանալը, այլ ունեցել եմ իմ դրդապատճառները, առնվազն այն, որ պաշտպանությունը լրիվ ծավալով իրականացնելու հնարավորություն չունեմ»,- հավելեց Միհրան Պողոսյանը:

Պողոսյանը նաև վստահեցնում է՝ դատական նիստերը հետաձգելու կամ ձգձգելու  ոչ մի միտում չունեն, ու հորդորում է սպասել առաջիկա դատական նիստերին, որի ընթացքում, ըստ նրա, պարզ կլինի, որ քրեական հետապնդումն օրինական ոչ մի հիմք չունի:

Հաջորդ դատական նիստին մասնակցելու կամ չմասնակցելու որոշում Պողոսյանը դեռ չունի, չի վախենում, որ իրեն վարույթից կհեռացնեն, փոխարենը վստահեցնում է՝ կատարում է գործողություններ՝ լավագույնս ապահովելու Յուրի Խաչատուրովի պաշտպանության իրավունքը:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը այսօր կրկին հետաձգվեց, քանի որ նիստին ներկա չէին գործով ամբաստանյալներ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի փաստաբանները, իսկ  Ռ. Քոչարյանը և Ա. Գևորգյանը դատական այս նիստում այլ փաստաբան ներգրավել չէին կարող:

Բացակա փաստաբանների նկատմամբ ևս դատախազությունը միջնորդեց սանկցիա կիրառել՝ չարակամորեն դատավարական պարտականությունները չկատարելու համար:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ