18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Միջազգային կառույցների հարցումների համաձայն՝ Տեր-Պետրոսյանը 2008-ին նախագահ ընտրվելու շանս չուներ

Մարտի 1-ի գործի մասին խոսելիս հիմնական շահարկումն այն է, թե 2008 թվականի ընտրությունները հերթական անգամ կեղծվել են. «հաղթող» թեկնածուն իրականում Լևոն Տեր-Պետրոսյանն է: Իսկ այդ ժամանակվա գործող իշխանությունները բռնությամբ հեռացրել են իրական «հաղթողին» և «ապօրինաբար» շարունակել կառավարել երկիրը:

2008 թվականի նախագահական ընտրությունների հաջորդ օրվանից սկսած՝ ընտրությունների կեղծված լինելու թեզն է առաջ մղել ընդդիմությունը, ինչի արդյունքում, առ այսօր ունենք թելադրված օրակարգ, թյուր պատկերացումներ: Նաև հե՛նց այդ կեղծ, թելադրված օրակարգի պատճառով է, որ հանրությունը, որպես մարտի 1-ի միակ պատասխանատու, տեսնում է նախկին իշխանություններին: Սակայն, այս տարիների ընթացքում բավական հետաքրքիր փաստեր են ի հայտ եկել, որոնք օգնում են իրականությունը տեսնել նաև այլ դիտանկյուններից, ըստ այդմ նաև վերլուծել, հասկանալ տեղի ունեցածը:

Այս ընթացքում ամենախոշոր և բեկումնային բացահայտումը Վիկիլիքսինն է, ինչը տարիներ շարունակ քարոզչամիջոցների կողմից այլ թեմաներով հնարավորինս շեղվել կամ անտեսվել է: Խոսքը 2008 թվականի նախագահական ընտրությունների և «մարտի 1»-ի իրադարձությունների մասով Վիկիլիքսյան գաղտնազերծված փաստաթղթերի մասին է, որոնցում ներկայացված են ամերիկյան դիվանագիտական աղբյուրների որոշ տեսակետներ և գնահատականներ:

Գաղտնազերծված փաստաթղթերից պարզ է դառնում, որ 2008 թվականի ընտրություններում նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի հավաքած ձայներն ամենևին էլ կասկած չեն հարուցել ամերիկյան դիվանագետների մոտ: Ավելին, նրանք կանխատեսել են նման արդյունք՝ հիմնվելով միջազգային հեղինակավոր կառույցների սոցհարցումների վրա: Այն, որ ԱՄՆ դիվանագիտական կորպուսի համար Սերժ Սարգսյանի հավաքած ձայներն արժանահավատ են, մենք տեղեկանում ենք տարբեր առիթներով նրանց կողմից գրված նամակներից: Օրինակ՝ 2008 թվականին փետրվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փեննինգթոնի՝ դեպի ԱՄՆ պետդեպարտամենտ, ԱԽ, Թուրքիա (հավանաբար՝ Անկարայում ԱՄՆ դեսպանատանը) հասցեագրված նամակից տեղեկանում ենք, որ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը ընտրությունները որակել է որպես «հիմնականում միջազգային ստանդարտներին համապատասխան»:

Իսկ 2008 թվականի փետրվարի 26-ին ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը և դեսպանատան մեկ այլ աշխատակից հանդիպում են ունեցել Սերժ Սարգսյանի գլխավոր օգնականի և խորհրդականի հետ, որտեղ ԱՄՆ ներկայացուցիչները հայտնել են՝ իրենք հավատում են, որ Ս. Սարգսյանն ավելի շատ ձայն է հավաքել, քան մյուս թեկնածուները, և պատրաստ են աշխատել նախագահի հետ մի շարք ուղղություններով, երբ ճգնաժամը կհանգուցալուծվի։ Նրանք նաև կարծիք են հայտնել, որ թեև Սերժ Սարգսյանը, հնարավոր է, հաղթել է փետրվարի ընտրություններում, սակայն դրանից հետո պարտվում է մարտը հասարակական կարծիքի համար։

Նամակի վերջում Փեննինգթոնը որպես եզրակացություն նշել է, որ իրենք կարողացել են վարչապետի մերձավորներին վստահեցնել, որ ԱՄՆ դեսպանատունը չի աշխատում վերջինիս դեմ, պատրաստ է աշխատել Սարգսյանի հետ, և միայն փորձում են բարձրացնել ընտրությունների հետ կապված խնդիրները ու լուծումներ գտնել, որպեսզի Սարգսյանը դառնա ավելի լեգիտիմ նախագահ:

Դեռ մինչև ընտրությունները՝ 2007 թվականի նոյեմբերին գրված նամակներում ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը նշում է՝ Տեր-Պետրոսյանը հաղթելու շատ քիչ շանսեր ունի, լինի դա ընտրությունների, թե փողոցային ցույցերի միջոցով։

Նոյեմբեր ամսվա մեկ այլ նամակով էլ ներկայացված է Փեննինգթոնի՝ ընտրություններում նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի հետ հանդիպման արդյունքները: Հանդիպման ընթացքում Բաղդասարյանը բողոքել է USAID-ի ֆինանսավորմամբ IRI-ին կազմակերպած սոցհարցումներից՝ դրանք համարելով անարդար և նշելով, որ այն միայն նպաստում է վարչապետի կողմից իրականացվող քարոզչությանը։ ԱՄՆ ներկայացուցիչը ուշագրավ է համարում, որ չնայած նախորդ 6 հարցումները ցույց են տվել, որ վարչապետը 1-ինն է, իսկ Բաղդասարյանը՝ 2-րդը, վերջինս, այնուամենայնիվ, դժգոհ է դրանցից։ Փեննինգթոնն այս զրույցի վերաբերյալ իր մեկնաբանությունում նշում է, որ Բաղդասարյանի բողոքը IRI-ի կազմակերպած հարցումների վերաբերյալ իրենք լուրջ չեն համարում։

ԱՄՆ ներկայացուցիչը նշում է, որ ընդդիմության արձագանքը հարցումների վերաբերյալ իր համար զարմանալի է, քանի որ սովորաբար ընդդիմությունը գոհունակությամբ է ընդունում միջազգային հանրության աջակցությունը ընտրական գործընթացներին։

Ընդհանուր առմամբ՝ ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչը դրական է ներկայացնում հարցումները: Իսկ ըստ այդ նույն IRI- հարցումների, որը ներկայացված է 2007 թվականի օգոստոսին ՀՀ ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Պերինայի կողմից, Լևոն Տեր-Պետրոսյանի աջակցությունը 2007թ․-ի հուլիսի դրությամբ 20% է, իսկ նրա նկատմամբ բացասական վերաբերմունք ունի 76%-ը։ 2007թ.-ի մարտին այդ ցուցանիշները համապատասխանաբար 13 և 81 տոկոս էին կազմում, իսկ 2006թ.-ի նոյեմբերին՝ համապատասխանաբար 14 և 82 տոկոս։ Փաստացի, ամերիկյան դիվանագետները՝ և՛ Պերինան և՛ Փեննինգթոնը, վստահ են եղել սոցհարցումների տվյալների վրա, համաձայն Լ. Տեր-Պետրոսյանը որևէ շանս չուներ հաղթելու։ Վիկիլիքսի գաղտնազերծված փաստաթղթերը ամերիկյան ներկայացուցիչների գրագրության վերաբերյալ, ԵԱՀԿ դիտորդական առաքելության դրական գնահատականը, միջազգային հեղինակավոր կառույցների սոցհարցումները, ըստ էության, վկայում են, որ Լևոն Տեր-Պետրոսյանն իրականում պարտվել էր նախագահական ընտրություններում:

Եվ այս կոնտեքստում, միանգամայն տրամաբանական է, որ գործող իշխանությունները պետք է օրենքի սահմաններում անեին հնարավոր ամեն ինչ ռազմական հեղաշրջում թույլ չտալու և սահմանադրական կարգը չտապալելու համար: Այլապես, ընտրության մասնակից ցանկացած թեկնածու վաղը կարող է հայտարարել, թե ընտրությունները հերթական անգամ կեղծվել են և եթե վերջինիս հաջողվի 40-50 հազար քաղաքացի փողոց դուրս բերել, մի քանի դժգոհ գեներալի աջակցություն ստանալ, կկարողանա հասնել հեղաշրջման և ոչ ոք իրավունք չի ունենա երկրում օրինականություն հաստատելու:

Արման Պետրոսյան

«Իմ Ձայնը» նախագիծ

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ