24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Պահանջատեր եմ լինելու այս գործի սպառիչ բացահայտմանը․Կոստանյան․ Հրապարակ

«ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի ողբերգական ու անհասկանալի պայմաններում մահվան լուրը կայծակնային արագությամբ տարածվեց համացանցում։ Նույն արագությամբ էլ սկսեցին վարկածներ շրջանառվել՝ ինքնասպանությո՞ւն էր, թե՞ սպանություն, ո՞ւմ էր ձեռնտու Սերժ Սարգսյանի կողմից 2016 թ․ ԱԱԾ տնօրեն նշանակված ու հեղափոխությունից հետո պաշտոնից զրկված Կուտոյանի մահը։ Նրա դին հայտնաբերել են Պարույր Սեւակի փողոցի շենքերից մեկում գտնվող իր բնակարանում, կողքին եղել են կոնյակի դատարկ շիշ եւ անձնական զենքը։ Նախնական տեղեկությամբ՝ կրակոցն արձակվել է հենց այդ զենքից եւ կրակվել է, սկզբում ասացին՝ բերանի խոռոչից, ապա պարզվեց՝ քունքին։ Այսինքն՝ շատ նման է ինքնասպանության։ Մյուս կողմից՝ պատերի վրա հայտնաբերվել են կրակոցի հետքեր, իսկ բնակարանում էլ՝ տասնյակ պարկուճներ, ինչից ենթադրություններ արվեցին, որ կատարվածը սպանություն է։

Թե ինչ է եղել իրականում, ցույց կտա քննությունը, եթե, իհարկե, կամք դրսեւորվի՝ ճշմարտությունը բացահայտելու։

Կուտոյանի մահվան թեմայով մենք երեկ զրուցեցինք ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հետ, որն այս պահին երկրում չէ՝ Մոսկվայում է, եւ գտնվում է հետախուզման մեջ։ Կոստանյանը Կուտոյանի հետ մտերիմ հարաբերություններ է ունեցել։ Ժամանակին ինքը, Գեորգի Կուտոյանը եւ Գեւորգ Մհերյանը եղել են Սերժ Սարգսյանի օգնականները։ Հետաքրքիր զուգադիպությամբ՝ Սերժ Սարգսյանի այս երեք օգնականներից միայն Կոստանյանն է այսօր ողջ․ 2009-ին Մհերյանը սպանվեց իր տան շքամուտքում, երեկ էլ Կուտոյանի կինը ամուսնուն հայտնաբերեց մահացած, իրենց բնակարանում։ 

«Ես խորապես վշտացած եմ, որովհետեւ մենք միայն մտերիմներ չէինք, մենք ընկերներ էինք եւ մենք շատ երկար տարիներ էինք ընկերություն անում։ Ես ապշահար վիճակում եմ եղել ամբողջ օրվա ընթացքում, որովհետեւ Կուտոյան Գեորգիին ես միշտ համարել եմ ու համարում եմ մեր երկրի լավագույն իրավաբաններից մեկը, նա շատ լավ գիտնական էր, լրջագույն պետական այր եւ պետական գործիչ»,- ասաց Գեւորգ Կոստանյանը։

– Պարոն Կոստանյան, արդեն իսկ տարբեր վարկածներ են առաջ քաշվում՝ արդյոք ինքնասպանությո՞ւն էր սա, թե՞ սպանություն, Դուք՝ որպես իրավաբան, ի՞նչ կարող եք ասել։

– Նախ քննության տվյալներին, բնականաբար, ես այս պահին դեռեւս չեմ տիրապետում, բայց համոզված եմ, որ նախաքննությունը պետք է ստուգի բոլոր հնարավոր վարկածները՝ անկախ քաղաքական նպատակահարմարության հանգամանքից՝ սպանությո՞ւն էր, ինքնասպանությո՞ւն էր, թե՞ ինքնասպանության հասցնել էր, կամ այլ վարկած կա գուցե։ Եվ գաղափարն այն է, որ նախաքննության մարմինը ոչ միայն պետք է հիմնավորի կոնկրետ վարկածը, այլեւ պետք է հիմնավոր եւ սպառիչ ձեւով հերքի բոլոր հնարավոր այլ վարկածները։ 

– Ըստ տեղեկությունների՝ նրա դիակի կողքը հայտնաբերվել է կոնյակի շիշ, որը, ենթադրաբար, դատարկ է եղել, նաեւ իր անձնական օգտագործման զենքը, որից արձակվել է կրակոցը։ Բացի այդ, արդեն պաշտոնապես հայտարարվել է, որ պատերի վրա եղել են կրակոցների հետքեր, եւ հայտնաբերվել են մի քանի տասնյակ պարկուճներ։ Ըստ Ձեզ՝ մի քանի կրակոցի ու պարկուճի առկայության դեպքում հնարավո՞ր է ինքնասպանության վարկածը։

– Նախ հնարավոր է ցանկացած վարկած, եւ այդ բոլոր վարկածները պետք է ստուգվեն, ինչպես նաեւ պետք է ստուգվեն դեպքի վայրում հայտնաբերված պարկուճները՝ արդյոք դրանք նույն հրազենի՞ց արձակված պարկուճներ են, թե՞ այլ զենքի պարկուճներ են։ Այդ ամենի սպառիչ պատասխանը, ես համոզված եմ, որ քննությունը պետք է տա եւ տալու է։

– Իսկ կա՞ նման պրակտիկա, որ ինքնասպանություն գործող անձը նախ մի քանի անկանոն կրակոց արձակի, հետո նոր իր վրա կրակի։

– Դա պայմանավորված է լինելու գործի հանգամանքներով, վկաներ, եթե այդպիսիք կան, իրենց դիրքորոշումը կհայտնեն, այդ պահին հնարավոր անձանց շրջանակը, որոնք կպարզվեն, ովքեր վերջին ժամանակներում առնվազն առնչություն են ունեցել կամ հանդիպումներ են ունեցել, դատահոգեբանական փորձաքննությունը եզրակացություն կտա՝ կախված նրանից, թե ինչ հանգամանքներ են հայտնաբերվել, որովհետեւ ինքնին պարկուճների առկայությունը, ինքնին կոնյակի շշի առկայությունը դեռեւս սպառիչ բավարարություն չունեն ինքնասպանության վարկածը հիմնավորելու համար։ Այդ ամենը քննարկման առարկա է։ Գուցե ինքնասպանության հասցնելու մասին է խոսքը, դա էլ պետք է ստուգվի, գուցե այլ վարկածեր կան, պարկուճների պատկանելությունը տվյալ զենքի եւ այլ զենքերի, այդ կոնյակի՝ տարբեր անձանց կողմից խմելու հանգամանքները, որովհետեւ դեռեւս որեւէ մեկը չգիտի՝ այդ կոնյակն ի՞նքն է խմել, այլ անձինք է՞լ են եղել, թե՞ այլ անձ է եղել։ Համենայնդեպս, Կուտոյան Գեորգիին բոլոր ճանաչողները կարող են վստահաբար պնդել, որ շատ ամուր բնավորություն, պինդ հոգեբանություն ունեցող մարդ է եղել միշտ եւ շատ խիստ ու հավասարակշռված։ 

– Պարոն Կոստանյան, ի՞նչ եք կարծում, ո՞ւմ կարող էր ձեռնտու լինել Կուտոյանի մահը։

– Ես չեմ կարող եւ չեմ ուզում որեւէ հետեւություն անել, ես հետեւություն կանեմ բացառապես այն ժամանակ, երբ տեսնեմ գործի հանգամանքները, որովհետեւ ես՝ ինքս էլ բազմաթիվ պարզելու հարցեր ունեմ ու վստահ եմ՝ կպարզեմ։ Համենայնդեպս, ես՝ որպես Գեւորգ Կոստանյան, պահանջատեր եմ լինելու այս գործի ամբողջական, հիմնավոր եւ սպառիչ բացահայտմանը, եւ եթե քննության արդյունքներն ինձ անձամբ չբավականացնեն, ես ապագայում էլ եմ լինելու պահանջատեր։ Եվ ես պահանջատեր եմ լինելու անկախ ամեն ինչից ու մինչեւ ես համոզված չլինեմ Գեորգի Կուտոյանի մահվան իրական պատճառների մեջ եւ համոզմունք չունենամ նրա մահվան հանգամանքների ամբողջականության հարցում, ամբողջ կյանքում հետեւողական եմ լինելու դրանց պարզման ուղղությամբ եւ ոչ միայն Կուտոյանի մասով, այլեւ Հայկ Հարությունյանի։

– Քանի որ ասացիք՝ ընկերներ եք եղել, վերջին շրջանում նրա հետ հանդիպե՞լ եք, զրուցե՞լ եք։

– Զրուցել եմ մոտ մեկ ամիս առաջ։

– Ինչպիսի՞ն էր նրա հոգեբանական վիճակը, ի՞նչ կարող եք ասել նրա հետ զրույցներից։

– Հիմնականում մասնագիտական հարցերի շուրջ ենք քննարկումներ ունեցել, որեւէ այլ բան ես չեմ ուզում քննարկման առարկա դարձնել։

– Ըստ Ձեզ՝ կարո՞ղ էր Կուտոյանի մահվան դեպքը կապ ունենալ Մարտի 1-ի գործի հետ, հատկապես, որ մի քանի ամիս առաջ էլ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին կասկածելի հանգամանքներում գտան մահացած, եւ դարձյալ վարկածներ շրջանառվեցին, որ պատճառը Մարտի 1-ի գործն է եղել։

– Ես, ինչպես արդեն ասացի, հետեւություններ դեռ չեմ ուզում անել, երբ որ որոշակի հանգամանքներ գործի նյութերից ինձ հայտնի կդառնան, ես իմ հետեւությունը կանեմ եւ, ինչպես արդեն ասացի, ցանկացած պարագայում ընդմիշտ հետեւողական եմ լինելու այս հարցին»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ