24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հերթական նախկին բարձրաստիճան պաշտոնյայի մահը նոր Հայաստանում․ 168.am

168.am-ը գրում է․ «Երեկ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ 39-ամյա Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: Այս լուրը ժամը 15:00-ին հայտնել է Քննչական կոմիտեի խոսնակը՝ ֆեյսբուքյան իր էջի միջոցով՝ հետևյալ բովանդակությամբ. «Քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ այս պահին դեպքի վայր են մեկնում ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Վ.Մեսրոպյանը: Դեպքի վայրում աշխատում են ՀՀ ՔԿ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ քննչական բաժնի պետ Հ. Գևորգյանի գլխավորությամբ»: Այդքանը:

Մինչև երեկոյան ժամը 21:30-ը Քննչական կոմիտեի պաշտոնական կայքէջում ԱԱԾ նախկին պետի ողբերգական մահվան մասին որևէ տեղեկություն այդպես էլ չտեղադրվեց: Ոստիկանությունից և ԱԱԾ-ից ընդհանրապես որևէ տեղեկություն չփոխանցվեց հանրությանը, որը լուրից ցնցված՝ փորձում էր տեղեկություններ ստանալ դեպքի վայրում գտնվող լրատվամիջոցների ուղիղ հեռարձակումներից: Շրջանառության մեջ հայտնվեցին տարբեր վարկածներ՝ սպանություն, ինքնասպանություն:

Միայն ժամեր անց ՔԿ Հատուկ կարևորության գործերով քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում ասաց, որ, երբ եկել են դեպքի վայր, այնտեղ եղել են Գ. Կուտոյանի կինն ու հայրը: Նա տեղեկացրեց, որ տեղանքն ամբողջությամբ կահավորված է տեսախցիկներով, և իրենք աշխատում են, որպեսզի այդ ինֆորմացիան չկորչի, ապացույց չկորցնեն: Այլ հարցերի պատասխան նա չուներ, իսկ արդեն երեկոյան լրագրողների հետ զրույցում նա տեղեկացրել է, որ դեպքի վայրում հայտնաբերվել է նաև GLOCK ավստրիական տեսակի ատրճանակ:

«Տեղում պարզել ենք, օրինական պարգևատրման կարգով ստացած իր զենքն է եղել՝ Վրաստանի անվտանգության ծառայության կողմից տրված: Կան բազմաթիվ պարկուճներ և գնդակներ այն սենյակում, 40-ից ավելի պարկուճներ, որտեղ դին հայտնաբերվել է, պատերին կան վնասվածքներ»,- ասել է Ա. Մելիքյանը՝ հավելելով, որ դեպքի վայրում բոլոր գործողությունները կատարվել են Գ. Կուտոյանի կնոջ և հոր ներկայությամբ, բացի մասնագետներից ու քննիչներից, զննությանն այլ մարդ ներկա չի եղել: Նրա փոխանցմամբ՝ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելու համար: Արարքի համար օրենքով սահմանված է  ազատազրկում` առավելագույնը 3 տարի ժամկետով:

Նա միաժամանակ տեղեկացրել է, որ ՔՕ 110-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցվել է այս պահին եղած տվյալների հիման վրա, բայց առաջ են քաշվելու այլ վարկածներ, և հնարավոր է՝ քրեական գործ հարուցվի այլ հոդվածի հատկանիշներով: Այդ ամենը կպարզվի փորձաքննության ու նախատեսված այլ քննչական գործողությունների արդյունքում:

Հարցին, թե արդյո՞ք սենյակում եղած 40-ից ավելի պարկուճները արձակվել են այնտեղ հայտնաբերված GLOCK տեսակի ատրճանակից, ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետը չի կարողացել հստակ պատասխանել՝ ասելով, թե դա ցույց կտա ձգաբանական փորձաքննությունը: ՔԿ-ից նաև հստակ չպատասխանեցին մամուլում շրջանառվող լուրերին, թե Գեորգի Կուտոյանի դիակի կողքին հայտնաբերվել է  դատարկ կոնյակի շիշ: «Փորձաքննությամբ կպարզենք՝ արյան մեջ սպիրտի պարունակություն կա՞, թե՞ ոչ»,- ասել է Արթուր Մելիքյանը: Ըստ Մելիքյանի՝ Կուտոյանի դիմածնոտային հատվածում արտաքին զննությամբ հրազենային վնասվածքի նման վիրավորում չի հայտնաբերվել: Արտաքին զննությամբ  հրազենային մեկ նման վնասվածք է հայտնաբերվել քունքի շրջանում:

Երեկ այս աղմկահարույց դեպքի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որևէ խոսք չգրեց ֆեյսբուքյան իր էջում, չեղավ նաև ցավակցական որևէ հաղորդագրություն: Երեկ մինչև ուշ երեկո Փաշինյանի ֆեյսբուքյան վերջին գրառումը՝  «Էսօրվա ձյունը շնորհավորեցի»-ն էր՝ ձնագնդիի տեսանյութով, ուրիշ ոչինչ: Իսկ աշխատանքային այցով կրկին արտերկրում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանի ցավակցությունը տարածվեց ժամը 20:50-ին. «Աշխատանքային այցով գտնվելով արտերկրում՝ խոր ցավով տեղեկացա պետական գործիչ Գեորգի Կուտոյանի անժամանակ մահվան մասին: Կորստի այս ծանր պահին անկեղծորեն ցավակցում ու մխիթարության խոսքերս եմ ուղղում Գեորգի Կուտոյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին ու ընկերներին և կիսում նրանց վիշտը»:

Հիշեցնենք, որ 2019թ. սեպտեմբերի 24-ին Բջնիի իր առանձնատանը՝ կրկին գլխի շրջանում հրազենային վնասվածքով, հայտնաբերվել էր ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին:

Նշենք, որ երեկ իր ցավակցությունն է հայտնել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ում պաշտոնավարման վերջին շրջանում ԱԱԾ պետը եղել է Գ. Կուտոյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ