Վաղ թե ուշ պատասխանատվություն են կրելու. Խաչատուրովի փաստաբանը՝ գաղտնալսումների գործով նոր զարգացումների մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցաքննելը քաղաքական որոշուման արդյունք է եղել, այլ ոչ թե գործի տրամաբանությունից բխող գործողություն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը։
Միհրան Պողոսյանը բացառեց, որ գաղտնալսումներով հարուցված՝ Հայաստանի Հանրապետությունում դատավորների գործունեությանը միջամտելու գործով, որում Փաշինյանը որպես տուժող է ճանաչվել, օբյեկտիվ քննություն կլինի. «Ունենք հստակ փաստ, երբ դատարանների դռներն են արգելափակվել, այդ պարագայում որեւէ իրավական հետեւանք դրան չի հետեւել։ Գաղտնալսման տարածման արդյունքում պարզվեց, որ ակնհայտ ճնշում ու միջամտություն է եղել արդարադատություն իրականացնելիս դատավորի նկատմամբ։ Մենք այս պարագայում պետք է հույս ունենա՞նք, որ, ՀՀ ներկա իշխանության պարագայում որեւէ քննչական մարմին իրեն թույլ կտա՞ արձանագրել ճնշման փաստը եւ դրա հետեւանքով իրավական գործընթացներ սկսե՞լ։ Ես բացառում եմ նման հնարավորությունը, սակայն վստահեցնում եմ ձեզ, որ այդ միջամտությունների հետ կապված յուրաքանչյուր մարդ, ով առնչություն է ունեցել եւ միջամտություն է ցուցաբերել, կլինի 2 թե 5 տարի հետո, կանգնելու է պատասխանատվության առաջ»։
Պողոսյանը շեշտեց, որ այդ քրեական գործով Յուրի Խաչատուրովը պետք է ճանաչվեր տուժող։
«Չեմ կարող ասել, թե ինչ ներքին պայմանավորվածություն է ձեռք բերվել, քրեական գործն ինչ ուղղությամբ է գնալու, ինչ քաղաքական որոշումներ են կայացվել։ Այդ գործողությունը կատարվել է քաղաքական որոշումների արդյունքում, այլ ոչ թե գործի տրամաբանությունից ելնելով է Փաշինյանը կանչվել հարցաքննության»։
Հարցին՝ արդյոք այս քրեական գործը կարո՞ղ է նպատակ ունենալ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին պատասխանատվության ենթարկելու և այդ ճանապարհով քաղաքական դաշտից հեռացնելու, Միհրան Պողոսյանն ասաց.
«Դա սահմանային կետն է, եթե մեղադրանք առաջադրվի։ Եթե միջամտություն եղել է, ապա պետք է արձանագրվի, որ անձն ի սկզբանե ապօրինի եղել է կալանքի տակ։ Այս գործով, կարծում եմ, իշխանությունն այդ քայլին չի գնա։ Այսինքն՝ Արթուր Վանեցյանին քաղաքական պայքարից այս գործով մեկուսացնելու պարագայում ստիպված են լինելու արձանագրել, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Յուրի Խաչատուրովի կալանքները եղել են անօրինական»։
Հիշեցնենք, որ հունվարի 15-ին, Նիկոլ Փաշինյանը կանչվել էր Քննչական կոմիտե հարցաքննության։ Նա հարցաքննվել էր ՀՀ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի եւ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների քրեական գործով։ Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել էր նշված գաղտնալսումների փաստով հարուցված 2 գործերով. Մեկում՝ որպես վկա, մյուսում՝ տուժող։
nsws.am