«5-րդ ալիքի» պատասխանը Արսեն Թորոսյանին
Հայաստանի առողջապահության նախարարությունը խիստ մտահոգված է, որ «5-րդ ալիքի» լրագրողն առանց դիմակի եւ գլխարկի ուղիղ եթերում ներկայացրել է «հատված Աչաջրի ծննդատան ծննդաբերության գործընթացից»: Անկեղծ ասած, ցուցադրել ենք մի դրվագ ԿՆՈՋ ծննդաբերության ընթացքից, ոչ թե «հատված՝ ԾՆՆԴԱՏԱՆ ծննդաբերության գործընթացից»: Մեր թղթակցի՝ Աչաջրում լինելն էլ պայմանավորված էր ոչ թե «ծննդատան ծննդաբերությամբ», այլ հանրապետության մի քանի ծննդատների՝ նախարարության հայտնած «մահվան» գույժով:
«5-րդ ալիքի» լրագրողը եւ օպերատորը ծննդաբերության ընթացքը լուսաբանելու համար ստացել են Աչաջրի առողջության կենտրոնի ղեկավարի թույլտվությունը եւ ծննդկանի գրավոր համաձայնությունը: Ուրախ ենք, որ առողջապահության նախարարությանը մտահոգում է «ներհիվանդանոցային վարակների առաջացման եւ տարածման ռիսկը». մեր լրագրողը եղել է առանց դիմակի եւ գլխարկի (նկարահանող խմբի բոլոր անդամները եղել են խալաթով եւ բախիլով):
Ընդունում ենք նախարարության մտահոգությունը եւ խոստանում այսուհետև ավելի ուշադիր լինել: Մեր հերթին հորդորում ենք ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչությանը վարույթ հարուցել՝ պարզելու՝ 2019թ.-ի մայիսի 8-ին նախարարության շենքում արդյոք ապահովվա՞ծ են եղել օրենսդրությամբ սահմանված պայմանները, երբ նախարար Արսեն Թորոսյանն իր մի խումբ աշխատակիցների հետ ուղիղ եթերում պատվաստվել է մարդու պապիլոմա վիրուսի դեմ:
Հույս ունենք՝ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչությունը տեղի չի տա նախարարի կանխարգելիչ հարվածներին եւ վարույթ կհարուցի այդ խիստ կարեւոր հարցի պատասխանը տալու համար: Ինչ վերաբերում է «քաղաքական դիվիդենտներ հավաքելու»՝ «5-րդ ալիքի» «անհագ ցանկությունը զսպելուն», առողջապահության նախարարությանը հորդորում ենք օգտագործել զուսպ բառապաշար (արդեն երկրորդ դեպքն է, որ առողջապահության նախարարությունը «5-րդ ալիքի» խմբագրական քաղաքականությանը միջամտելու անհագ ցանկություն է արտահայտում), չվերադառնալ լրագրողներին դասավանդելու վնասակար առաքելությանը (արդեն երկրորդ դեպքն է, որ առողջապահության նախարարությունն իրեն վերապահում է լրագրության մեծավարպետի դեր) եւ, նախեւառաջ, մտահոգվել ազգային անվտանգության տեսանկյունից չափազանց ռիսկային «առողջապահական» նախաձեռնությունների ճակատագրով: Առողջություն եւ արդյունավետ աշխատանք ենք մաղթում նախարարության մեր գործընկերներին եւ առողջ համագործակցության հույս հայտնում:
«5-րդ ալիք» հեռուստաընկերություն