24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արհեստական քաշքշուկներ՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալիս. Սուրեն Պարսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը հաղորդագրություն է տարածել՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու գործընթացի վերաբերյալ.

«Վերջին շաբաթների ընթացքում իշխանության ներկայացուցիչներից հաճախ ենք լսում առաջին և երկրորդ երեխաների ծննդյան միանվագ նպաստների աճի մասին, մասնավորապես՝ 2020 թվականի հուլիսի 1-ից  առաջին երեխայի համար միանվագ նպաստը 50 000 ՀՀ դրամի փոխարեն կդառնա 300 000 ՀՀ դրամ, իսկ երկրորդ երեխայի համար 150 000 ՀՀ դրամի փոխարեն՝ 300 000 ՀՀ դրամ։ 300 000 ՀՀ դրամի սահմանման հիմքում ընկած է երեխայի ծննդյան ժամանակ անհրաժեշտ ապրանքների հանրագումարը՝ մահճակալ, շորեր և այլն։ Անշուշտ, ողջունելի է առաջին և երկրորդ երեխաների նպաստերի բարձրացումը, սակայն դա մեր ժողովրդագրական խնդիրը չի կարող  լուծել։ Մեր սոցիալական քաղաքականությունը պետք է ուղղված լինի երեք և ավելի երեխաների ծնունդների թվի աճին։

Խնդիր է նաև այս նպաստների վճարման գործընթացի չհամակարգված բնույթը:

2019 թվականի տարեվերջին լույս աշխարհ եկավ իմ առաջնեկը, և նրա ծննդյան վկայականը հանելիս միաժամանակ ստացա ծանուցում ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական ակտերի գրանցման գործակալության Շենգավիթի մասնաճյուղից (նախկին՝ ԶԱԳՍ), ըստ որի՝ 2020 թվականի հունվարի 13-ից հետո, իմ կողմից նախանշված բանկից կարող եմ ստանալ երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ ներկայացնելով անձնագիրս և երեխայի ծննդյան վկայականը։ Ի դեպ, Երեխայի ծննդյան վկայական ստանալիս ինձնից պահանջել են միայն անձնագիր։ 2020 թվականի հունվարի 14-ին գնացի բանկ, մոտ 1,5 ժամ հերթ կանգնելուց հետո՝ պահանջեցին անձնագիրս և ծանուցումը։ Անձնագրիս տվյալները մուտք անելուց հետո բանկի աշխատակցուհին տեղեկացրեց, որ իմ անունով բանկի տարանցիկ հաշվին գումար չկա։ Երևույթի օրինաչափության մասին է խոսում նաև այն, որ մեկ այլ ծնող, ով ուներ ծանուցում 2020 թվականի հունվարի 8-ից հետո գումար ստանալու մասին, նույնպես մերժվեց՝ նրա անունով ևս տարանցիկ հաշվին գումար չկար։ Կապվեցի ՀՀ աշխատանքի և սոցիալական նախարարության հետ, որտեղիցտեղեկացրին, որ երեխայի միանվագ նպաստը փոխանցվել է։

Հետո զանգահարեցի նույն նախարարության թեժ գիծ՝ 114, որտեղից ինձ փոխանցեցին, որ բանկից գումարը պետք է ստանամ նույնականացման քարտով։ Եվ այսօր՝ անձնագրովս անհաջող ստուգումից հետո նույնականացման քարտով հաստատվեց, որ իմ անունով գումարը փոխանցվել է։ Մեկ օր ծախսելով այս խառնաշփոթի մեջ՝ պարզ դարձավ, որ ՀՀ սոցապ նախարարությունը երեխայի ծննդյան միանվագ նպաստը փոխանցում է նույնականացման քարտի տվյալներով՝ անկախ նրանից, թե ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական ակտերի գրանցման գործակալության ծանուցման մեջ ինչ է գրված, իսկ բանկի աշխատակիցը շարժվում է ծանուցմամբ նշված փաստաթղթով՝ անձնագրով։ Անհասկանալի և անընդունելի է այս խառնաշփոթը, որն առաջացնում են ՀՀ սոցապ և արդադատության նախարարությունները։ Եթե ինքնաշխատ տեղեկատվական համակարգի առկայության պայմաններում ունենք նման խառնաշփոթ, ապա դա վկայում է այդ ոլորտի կառավարման ոչ համակարգված բնույթի մասին։ Հուսամ պատասխանատուները շատ արագ կվերանայեն իրենց աշխատելաոճը, յուրաքանչյուրն իր տեղում պատշաճ կիրականացնի իր գործառույթները և լրացուցիչ խնդիր չեն առաջացնի քաղաքացիների համար:

Մինչ այդ, առանց քաշքշուկների երեխայի ծննդյան միանվագ նպաստը ստանալու համար հազարավոր մեր քաղաքացիներին հորդորում եմ անձնագրից բացի բանկ ներկայացնել նաև իրենց նույնականացման քարտը»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ