24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Չի կարելի հապճեպ որոշումներ ընդունել ու միանգամից մտածել, թե Հրապարակի այսքան մասը բացենք, տեսնենք՝ տակն ինչ կա. ճարտարապետ

«Հուշարձաններին պետք է վերաբերվել ավելի զգույշ ու մտածված»,- այս մասին ասաց ճարտարապետ Հրաչ Պողոսյանը՝ ողջունելով Հանրապետության հրապարակի շատրվանների շրջակայքում գտնվող հին երևանյան շենքերի նկուղները որպես հուշարձան վերաբացելու մասին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի առաջարկը՝ միաժամանակ զգուշացնելով՝ բարդ է լինելու: Նա հիշեցնում է՝ ստորգետնյա ավտոկայանատեղի կառուցելու ծրագիր կար.

«Ես տեսել եմ այդ նախագիծը: Բնականաբար, եթե մեքենաների կայան են կառուցում, ապա  հուշարձանները վերանում են, կամ հուշարձանները պահում են և կայանատեղիները կառուցում են ազատ մնացած տեղերում, որը, ես կասկածում եմ, որ լինի»:

Ճարտարապետը պնդում է՝ պետք է մի կառույց ստեղծել, որն առավել համակարգված կզբաղվի Հայաստանի հուշարձաններով, քանի որ դրանք շատ են և պահպանման կարիք ունեն: Ուշադրությունը միայն մեկի վրա կենտրոնացնելը Հրաչ Պողոսյանը ճիշտ չի համարում.

«Այսօր ողբալի վիճակ է՝ մեր հուշարձանների հետ կապված, ունենք բազմաթիվ հուշարձաններ, որոնք ավերվում են, օրինակ՝ Ավանի եկեղեցին, որը ճարտարապետական մեր լավագույն գանձն է և աղբանոցի է վերածվել, ոչնչանում է, Պտղնին, որը ևս գանձ է, ու էլի ոչնչանում է, օդանավակայանը, «Ռոսիա» կինոթատրոնը, Հրազդան մարզադաշտը, որը  կանգնել է ուրվականի նման: Ասելիքս այն է, որ համակարգված, լուրջ մոտեցում է պետք ցուցաբերել, թե չէ՝ վարչապետը մի անգամ հիշում է, կամ իրեն հուշում են, որ մի նման հուշարձան կա, և դա դառնում է գործողության ծրագիր, միանգամից բացենք, փակենք ապակիով: Ո՞նց բացենք, ինչի՞ բացենք, չիմանա՞նք այդ բոլորը, հետո նոր բացենք: Մոտեցումը պետք է լինի այնպես, ինչպես մատենագրությանը, գիտական մոտեցում է պետք: Ոչ մի դեպքում այսօր չի կարելի հապճեպ որոշումներ ընդունել ու միանգամից մտածել, թե հրապարակի այսքան մասը բացենք, տեսնենք տակն ինչ կա»:

Հրապարակի տակ գտնվող այդ կառույցները 1679թ. երկրաշարժից ավերված  շենքերի նկուղային հարկեր են. պատմում է 2003թ. տեղանքում պեղումներ իրականացրած Ֆրինա Բաբայանը: Խոսքը 400 քմ տարածքի մասին է, ինքը ուսումնասիրել է Աբովյան փողոցից մինչև հրապարակի ժամացույցի տակ ընկած հատվածը: Ասում է՝ այն ժամանակ, երբ բացեցին այդ հատվածն ու իրենց կանչեցին ուսումնասիրություններ անելու, խնդրել են Կառավարությանը, որ չփակեն բացվածը, բայց այն, ամեն դեպքում, փակվել է:

«Ես, Աղավնի Ժամկոչյանը և մեր թիմը զբաղվում էինք պեղումներով: Ես բացեցի երեք իրար մեջ հաղորդակցվող նկուղային սենյակներ… այն, ինչ գտնվում է Հրապարակի տակ, շինարարական արվեստի գլուխգործոց է: Այս ընթացքում սկսեցին գրել, որ դրանք թուրքական, պարսկական տներ են, բայց դրանք միանշանակ հայ վարպետների տներ են, հայերի կառուցած: Մեր ուսումնասիրությունների ընթացքում տեսանք, որ աղյուսները ծանր են, պարզվեց, որ դրանք տուֆ քարեր են, այնպես են մշակել, կարող էին մեծ կտորներով կտրել ու արագ կառուցել, բայց որոշել են, որ ոճը ժամանակակից լինի»:

Ֆրինա Բաբայանը չի բացառում՝ բացելուց հետո կարող է  պարզվել, որ շինությունները վնասվել են: Նաև չի պատկերացնում, թե այդ տարածքն ինչպե՞ս կարելի է օգտագործել, պնդում է՝ դա կարելի է իմանալ միայն բացելուց հետո և ճարտարապետի խորհրդով.

«Ես շատ ուրախ եմ, որ բացում են, բայց նաև տխուր եմ, որ 16 տարի կորցրել ենք: Մենք այն ժամանակ արդեն բացել էինք, տանջալից աշխատանք էր, 4 մետր բարձրություն ունեն այդ նկուղային հարկաբաժինները, աստիճանը դնում էինք, դույլերով աղբը հանում էինք: Սրբել, ավլել,  մաքրել, հանձնել ենք կառավարությանը, և նրանք նորից հող են լցրել կամ շիբին»:

Ֆրինա Բաբայանը պնդում է, սա շատ զբոսաշրջիկների կգրավի, ճարտարապետ Հրաչ Պողոսյանն էլ առաջարկում է մեր հուշարձաններն առաջին հերթին պահպանել մեզ համար և հետո միայն մտածել, թե ինչքանո՞վ կհետաքրքրի զբոսաշրջիկներին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ