ՀՀ-ն ունի անկախ ՍԴ, որը չի կատարում իշխանության կամքը. Լուսինե Սահակյան․ Փաստինֆո
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հարցաքննությունը եւս իրականացվում է ՍԴ-ի նկատմամբ կատարվող գործընթացների շրջանակում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց փաստաբան Լուսինե Սահակյանը՝ անդրադառնալով մեր այն տեղեկությանը, համաձայն այսօր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հարցաքննվել է ՀՔԾ-ում։
«Ամեն ինչ արվում է, որպեսզի ձերբազատվեն ՍԴ այն դատավորներից, որոնք իրենց համար ցանկալի չեն եւ իրենց կամքը չեն կատարում։ Թե ինչպիսի գործողություններով են դրսեւորվում, արդեն էական չէ, որովհետեւ իշխանություններն արդեն իսկ այնպիսի գործողություններ են ձեռնարկել, որոնք անթույլատրելի են եղել եւ այս բոլոր քրեական հետապնդումները իրավական երկրի համար ուղղակի անթույլատրելի են »,- շեշտեց Լուսինե Սահակյանը։
Փաստաբանը ՍԴ նախագահի, ինչպես նաեւ դատավորների նկատմամբ կատարվող գործողությունները ապօրինի է համարում եւ գնահատում որպես խայտառակություն։
«Այն, որ այդ ճնշումները գնալով ավելի են խորանում, արդեն իսկ խոսում է այն մասին, որ իշխանությունը ոչ մի կերպ չի ցանկանում հետ կանգնել իր գործելաոճից»,- նկատում է մասնագետը։
Միեւնույն ժամանակ փաստաբանը շեշտեց՝ ցանկացած վատ զարգացման մեջ դրականն է փորձում տեսնել, իսկ այս դեպքում, ըստ փաստաբանի, դրականն այն է, որ այսօր արդեն իսկ հիմնավորվում է իրողությունը, որ Հայաստանն ունի անկախ ՍԴ, որը չի կատարում իշխանությունների կամքը եւ դա է պատճառը, որ իշխանություններն ամեն կերպ ցանկանում են ձերբակալվել ՍԴ գործող կազմից։
Փաստաբանը հուսով է, որ ՍԴ դատավորները մինչեւ վերջ հավատարիմ կմնան իրենց դիրքորոշմանը եւ տեղի չեն տա ճնշումներին . «Դրանով իսկ նրանք հիմնավորելու են , որ մինչեւ վերջ արժանի են ՍԴ դատավոր լինելուն։ Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող լուրերին, թե նրանց անձնական կյանքի վերաբերյալ ինֆորմացիա է հավաքագրվել, որը պատրաստվում են հրապարակել եւ այդկերպ ճնշում գործադրել ՍԴ դատավորների նկատմամբ՝ փաստաբանը նկատեց, որ սա էլ քայլ է, որը եւս հիմնավորում է՝ արդյո՞ք ՍԴ դատավորների ընտանիքները արժանի են ՀՀ նորմալ ՍԴ դատարանի դատավորի ընտանիք լինելուն, որովհետեւ նրանց ոչինչ չպետք է կաշկանդի եւ նրանց ընտանիքները պետք է ցույց տան, որ իրենք իրենց ընտանիքի անդամի կողքին են՝ անկախ ամեն ինչից եւ այս ծանր իրավիճակում առավել կայուն պետք է գտնվեն»։
Խոսելով քրեական հետապնդումների եւ մասնավորապես, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկի Նորայր Փանոսյանի գործի մասին, որը օրեր առաջ կրկին կալանավորվեց, փաստաբանն ասաց. «Մենք լսեցինք փաստաբանի հայտարարությունը, որ նրան առաջարկել են ցուցմունք տալ ՍԴ նախագահի դեմ եւ այդ ցուցմունքները չտալով է պայմանավորված այն փաստը, որ նա գտնվում է անազատության մեջ»։
Լուսինե Սահակյանը շեշտեց՝ իրավական պետություն դառնալու ճանապարհը հեշտ չէ որեւէ երկրի համար եւ տվյալ ճանապարհին նաեւ նման իրավիճակներ են լինում , ինչը պետք փորձեն հաղթահարել բոլորը, ովքեր ներքաշված են դրանում։
«Իրավական երկրի համար անթույլատրելի այն գործելաոճը, որը որդեգրել են ՀՀ իշխանությունները՝ անկախ նրանից , թե ինչպես կվերաբերվենք ՍԴ դատավորներին կամ մյուս դատավորներին։ Մենք պետք է հասկանանք, որ եթե գործադիր մարմնից ճնշում կա դատական իշխանության նկատմամբ եւ եթե դա հաջողի գործադիր մարմնին, ապա մենք երբեւէ չենք կարող ունենալ ժողովրդավարական եւ իրավական երկիր, ուստի անկախ նրանից, թե ինչպես ենք վերաբերվում դատարաններին, յուրաքանչյուրս մեր տեղում պետք է փորձենք կանգնել դատարանների կողքին»,-շեշտեց փաստաբանը։
Անդրադառնալով միջազգային հանրության հնարավոր արձագանքներին, Լուսինե Սահակյանն ասաց՝ պետք է հասկանալ, որ յուրաքանչյուրն իր քաղաքական շահերն ունի, որին համապատասխան էլ արձագանքներն են լինում։ «Շատ վատ է, որ մինչեւ օրս մենք չունենք շատ ավելի կոշտ դիրքորոշումներ, որոնք պետք է, որ լինեին, եթե այդպիսի քաղաքական շահերը չլինեին պատճառը։ Մենք պետք է հասկանանք, որ յուրաքանչյուր երկրում երկրի հասարակությունն ու քաղաքացիներն են, որ պետք է փորձեն իրենց երկրում փորձեն իրավիճակը կարգավորել եւ հասկանալ, թե որ իշխանությունը որտեղ պետք է լինի եւ որ սահմաններն անցնելու իրավունք չունի: