25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ռոբերտ Քոչարյանը շուտով կլինի ազատության մեջ․ Հրապարակ

 «Սա ցանկություն չէ, որ ունեն շատերը, որոնց այսօր խմբավորում են «ՀՀ երկրորդ նախագահի աջակիցներ» կամ ուղղակի՝ «Քոչարյանի աջակիցներ» անունների ներքո: Ռոբերտ Քոչարյանը ազատության մեջ կհայտնվի հենց այն պահից, երբ Փաշինյանի իշխանությունը և նրան ուղղորդող շրջանակները հասկանան, որ Հայաստանը ղեկավարում են ոչ թե իրենք, այլ մի X ուժ, որ տիրապետում է մեր իրականության մեջ եղած կոմպրոմատների ողջ փաթեթին: Փաշինյանի՝ այսպես կոչված  «իշխանությունը», պատկերացրեք, հօդս կցնդի հաշված րոպեների ընթացքում, եթե դա բխի Հայաստանի անվտանգության շահերից:

Կոմպրոմատների պատերազմը, կարելի է ասել, ամենակեղտոտն է բոլոր պատերազմներից: Իշխանությունները, որ երկրում էլ լինի, ամենաշատը վախենում են անցանկալի տեղեկատվական արտահոսքերից՝ լինեն դրանք դրսից, թե ներսից: Դիցուք՝ Հայաստանում, որտեղ կա սարքովի (խամաճիկ) իշխանություն, կոմպրոմատների պատերազմը կարող է իսկական ավերներ գործել: Ու դա է պատճառը, որ Քոչարյանի գործով ավելի առաջ գնալ «իշխանությունները» չեն համարձակվում: Ի վերջո հասկանալի է, որ մի գեղեցիկ օր էլ կարող է ընդվզել ՀՀ երկրորդ նախագահը և այնպիսի կոմպրոմատներ հրապարակել, որոնք Լևոն Տեր-Պետրոսյանից, Նիկոլ Փաշինյանից ու Սերժ Սարգսյանից ընդամենը թաց հետք կթողնեն: Չունի՞ Ռոբերտ Քոչարյանն այսպիսի կոմպրոմատներ: Ունի, իհարկե, բայց արժե՞ որ ՀՀ օրվա իշխանությունը բանը դրան հասցնի և խայտառակվի վերջնականապես: Սա է խնդիրը: Այնպես որ, Ռոբերտ Քոչարյանը, շատ սահուն կերպով, շուտով կլինի ազատության մեջ:

Իմ կարծիքով՝ մենք արդեն հասել ենք այն կրիտիկական կետին, որից այնկողմ չի կարելի անցնել, բայց խելացի գտնվելու պարագայում կկարողանանք վերջապես ոտք դնել քաղաքական պայքարի ուղին, որից հեռացել ենք մորեխի նման վրա հասած թավշյա հեղափոխության արդյունքում: Փաշինյանի իշխանությունն ու Ռոբերտ Քոչարյանի անազատությունն այլևս անհամատեղելի են: Մենք կամ կընկնենք կոմպրոմատների պատերազմի կործանարար հորձանուտը, կամ կգնանք հասարակության երկփեղկվածությունն աստիճանաբար հաղթահարելու քաղաքական ճանապարհով: Կարծում եմ՝ նախընտրելին երկրորդն է, և այդ ուղղությամբ առաջին քայլը պետք է անի իշխանությունը:

Ազատության մեջ Ռոբերտ Քոչարյանը, վստահաբար, կդառնա այս իշխանության ամենածանրակշիռ քաղաքական հակառակորդներից մեկը: Բայց միայն այդքանը: Իսկ եթե Փաշինյանին, այնուամենայնիվ, առավել հաճելի են էքստրեմալ իրավիճակները, ապա նա ստիպված կլինի հեռանալ հենց էքստրեմալ կարգով, այսինքն՝ ճիշտ այնպես, ինչպես բերվեց իշխանության: Ով-ով, բայց Ռոբերտ Քոչարյանն այն մարդը չէ, որին հնարավոր է համոզել, թե այսպես ու այսպես, Փաշինյանը Գյումրիից քայլելով հասավ Երևան և դարձավ վարչապետ: Այս գեղեցիկ հեքիաթը մտածել է նորանկախ Հայաստանի Հանրապետության բոլոր ժամանակների մեծագույն հումանիստ Սերժ Սարգսյանը, որ 2018թ. կարող էր հանգիստ հեռանալ, բայց որոշեց մնալ՝ քաջ գիտակցելով, որ ոչ Արևմուտքի և ոչ էլ Ռուսաստանի համար ընդունելի չէր այդ գաղափարը: Եվ եղավ այն, ինչ պետք է լիներ: Բեմականացվեց մի կլոունադա, որի մեսիջը հետևյալն էր՝ ոչ ձեզ, ոչ մյուսներին՝ Հայաստանում իշխանությունը փոխանցվում է ժողովրդին: Ընդամենը երկու տարի անց, սակայն պարզվեց, որ ամեն ինչ այնքան էլ այդպես չէ, որ Հայաստանում այնքան էլ իշխանափոխություն տեղի չի ունեցել և այնքան էլ ժողովուրդը չի որոշում, թե ինչպես պետք է ապրեն ու աշխատեն իշխանությունները: Այսօր թավշյա հեղափոխությունից նույնիսկ փոշին չի մնացել: Փոխվել են ընդամենը թալանի ձևերը և, չզարմանաք, ծավալները, որոնք աճել են անշեղորեն: Մենք պետություն ենք կորցնում, և լռելն այլևս լավագույն տարբերակը չէ Փաշինյանին և նրա դեմքով այս իշխանության տիկնիկավարներին կանգնեցնելու համար:

Կասկածից վեր է, որ այսպես շարունակելու դեպքում իշխանական այս թիմը մի գեղեցիկ օր մատնվելու է հոշոտման: Բայց դա մեր երկրի ու պետության շահերից չի բխում, որովհետև դա ավելի կթուլացնի մեզ թե որպես պետություն և թե որպես ազգային միավոր: Սա պետք է հասկանան բոլորը, այդ թվում և հանրությունը՝ հաղթահարելով հրապարակային կախաղանների ու մահվան տեսարանների իր ծարավը: Անճարակ իշխանությունն այսօր օգտվում է հանրության հենց այդ թուլությունից, բայց ամեն ինչ ունի մի սահման, որից այնկողմ Հայաստանի նման պետության և ոչ մի իշխանություն չի կարող և իրավունք էլ չունի անցնելու:

Արցախի նախագահների միջնորդությամբ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու դատարանի որոշումը լավագույն հնարավորությունն էր հասարակության մեջ հաշտեցում առաջ բերելու, երկրում քաղաքական օրակարգ հաստատելու համար: Բայց այդ առիթը միտումնավոր չօգտագործվեց իշխանության կողմից, որը, հավանաբար դեռ հույսեր էր տածում, որ կկարողանա ամեն գնով Քոչարյանից քրեական հանցագործ «ձևավորել»: Ժամանակի զուր վատնում է սա՝ ուրիշ ոչինչ:

Իշխանությունները պարտավոր են գործել Քոչարանից մեկ քայլ առաջ: Դա է հուշում նաև մեր տարածաշրջանում ժամ առ ժամ լարվող իրավիճակը: Մենք բոլորով պետք է հասկանաք, որ ժամանակն է շտկելու այս թափթփված իրավիճակն ու վերջ տալու անիմաստ հետապնդումներին, որոնք ամենևին էլ չեն ամրապնդում Հայաստանի դիրքերը միջազգային ասպարեզներում: Մենք այսպես չենք միավորվի, մինչդեռ հայտնի ճշմարտություն է, որ հակառակորդդ քեզ հարգում է, երբ դու մեկով ավելի ես և ոչ թե մեկով պակաս:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ