23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Դատարանում գործի քննությունը կարող է տարիներով ձգձգվել․ ՄԻՊ-ը դիմել է ՍԴ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով այն, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ Սահմանադրական օրենքով նախատեսված չէ դատարաններում գործերը ողջամիտ ժամկետում քննելու սահմանադրական պահանջի պատշաճ ապահովման ճկուն մեխանիզմ:

Խոսքը վերաբերում է Օրենսգրքի 9-րդ հոդվածին, որով միայն սահմանվել են դատարանում գործի քննության տեւողության ողջամտությունը որոշելիս հաշվի առնվող հանգամանքները: Նշված հոդվածով ամրագրված չէ ողջամիտ ժամկետում գործի դատական քննության խախտված իրավունքի վերականգնման օրենսդրական հնարավորությունը: Ստացվում է, որ օրենսդրական գործող կարգավորումների պայմաններում դատարանում գործի քննությունը կարող է տարիներով ձգձգվել եւ անհետեւանք մնալ դատարանի համար:

Մասնավորապես, Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի տարեկան հաղորդման համաձայն՝ միայն Երեւան քաղաքում առկա է 155 քրեական եւ 1628 քաղաքացիական գործ, որոնց քննությունը երկու եւ ավելի տարիներ ձգձգվում է (կան գործեր, որոնց քննությունը չի ավարտվում 10 եւ ավելի տարիներ): Միայն 7 դատավորների մոտ նման գործերի ընդհանուր թիվը հասնում է 1123-ի:

Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դատական ակտի բողոքարկումը, կամ ընթացիկ գործերով մեկ այլ դատարանի կողմից ողջամիտ ժամկետի հարցի քննարկումը եւ ոչ նյութական վնասի հատուցում պահանջելը, կամ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը եւ նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելն արդյունավետ կառուցակարգեր չեն առկա օրենսդրական բացի լրացման համար:

Միջազգային իրավական համակարգերում մեծ տարածում ունեն ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի խախտման կանխարգելիչ միջոցները, որոնք, սակայն, մեր ներպետական կարգավորումներում բացակայում են:

Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ՝ առկա օրենսդրական բացը չի ապահովում ողջամիտ ժամկետում գործի քննության սահմանադրական իրավունքի ամբողջական իրացման հնարավորությունը: Սա իր հերթին հանգեցնում է «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածով սահմանված իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների անհարկի սահմանափակման:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ