23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Պողոսներ, ձայնը տվել եք, հանգիստ նստեք ձեր տեղը»

«Առավոտի» զրուցակիցն է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի  նախկին նախագահ Հովհաննես Սահակյանը Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններից մեկ տարի արդեն անցել է եւ կյանքը ցույց տվեց, որ հետհեղափոխական իշխանության փաստարկը, թե նախկին խորհրդարանն էր խանգարում, որպեսզի Հայաստանում ներդրումները ավելանան, տնտեսությունը զարգանա, քննություն չբռնեց: «Առավոտի» հետ զրույցում, ամփոփելով հետհեղափոխական Հայաստանի անցնող տարին, ասաց ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Սահակյանը: Մեր զրուցակիցը, սակայն մեկ այլի` ամենավտանգավորի մասին է ահազանգում`հասարակության երկփեղկվածությունն է մեծացել: Ինքը պետությունը դիտարկում է իբրեւ ընտանիքի ավելի մեծ մոդել եւ եթե մթնոլորտը պետություն-ընտանիքում անառողջ է, չկա փոխվստահություն, փոխադարձ հարգանք, ապա հաջողությունների սպասելը անիմաստ է: Այս համատեքստում, մեր զրուցակցին դուր չեն եկել կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելուն կողմ ստորագրած մշակույթի գործիչների դեմ սկսված համացանցային գրոհը, որը որ արձագանքներ ստացավ նաեւ մամուլում. «Այսինքն, երկրում ոչ ոչ իրավունք չունի՞ այլ կարծիք հայտնել: Այլապես, ոչ թե քաղաքակիրթ, հակափաստարկներով քննադատություն կլինի, այլ լկտի, փողոցային հայհոյանքներով պայքար, ընդհուպ մինչեւ ընտանիքներ մտնել: Սա ուղիղ այն բանի հայելին է, ինչը ներդրել է իշխանությունը: Էլ չեմ ասում, ՀՖՖ-ի շուրջ վերջին զարգացումները եւ Հենրիխ Մխիթարյանի անվան շահարկումները: Ես ֆուտբոլային ֆանատ չեմ, բայց Հենրիկ Մխիթարյանը` Հենրիկ Մխիթարյանն է, ում ամբողջ աշխարհն է ճանաչում, ով մեր ազգի պարծանքն է: Ստացվում է, որ մեզ համար չկա որեւէ չափանիշ, սկզբունք եւ սրբություն ու եթե ինչ-որ բան տվյալ իշխանության քիմքին հարմար չէ, ոտնատակ ենք տալիս: Սա անթույլատրեի է»: 2019-ը մեր զրուցակիցն առանձնացնում է դատարանները շրջափակելու եւ այդպիսով դատական իշխանության դեմ իրականացված աննախադեպ քայլով: Նկատում է, որ քաղաքակիրթ աշխարհում, ինչի մասին ներկայիս իշխանությունը շատ է սիրում խոսել, ժողովրդավարությունը եւ սահմանադրականությունը վերաբերվում է իշխանությունների տարանջատման սկզբունքին եւ սահմանադրական նորմերի գործողությանը. «Եթե ասում ենք երկրում սահմանադրական ճգնաճամ է, ուրեմն, սահմանադրության նորմերը, այն է` ժողովրդավարության ողնաշարը, իշխանությունների տարանջանտման սկզբունքը, հակակշիռների մեխանիզմը մեր երկրում չեն գործում: Ավելին, մենք չունենք նաեւ իշխանությունների տարանջատման սկզբունքը. գործադիրում մեկ անձ է գործում`վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Բոլոր ինստիտուտների, գերատեսչությունների, կառույցների փոխարեն, եթե կա հաջողություն, ինքն է առաջինը ներկայացնում «լայվի» միջոցով, գնահատում»: Դիտարկմանը` վարչապետն ասաց, որ պետական համակարգը խոչընդոտում է հեղափոխության ծրագրերի իրականացմանը, Հովհաննես Սահակյանը հակադարձեց, որ պետական ինստիտուտների ողնաշարը կոտրելը, դրանք հեղինակազրկելն ու իմաստազրկելը, իր կարծիքով, մեկ բան է փաստում` իրենց չարած գործերը թաքցնել եւ տպավորություն ստեղծել, որ ամբողջն ավերակ է ու իրենք պետք է փորձեն գործ անել: «Ես այս հարթությունում եմ դիտում վարչապետի հայտարարությունը եւ դա անթույլատրելի եմ համարում, որովհետեւ պետական ինստիտուտները դատական համակարգ չեն, որ երաշխավորված լինեն անձեռմխելիությամբ: Խոչընդոտողներ կա՞ն, ձեր ձեռքերը ազատ են, ոչ մեկին հաշվի չեք առնում, օրենքի տառը չեք կիրառում, ինչի՞ չեք ազատվում նրանցից: Մարդիկ տալիս են նախարարների անուններ: Անընդհատ հակահեղափոխականներ ասելը, անընդհատ նախկինի ստվերների հետ կռվելը ճիշտ չէ: Ի վերջո, քաղծառայության համակարգը ժամանակին ներդրվեց հենց այդ նկատառումից ելնելով, որ անկախ քաղաքական վայրիվերումներից, մասնագիտական խմբերը գործեն: Մասնագիտական խմբերի գործունեությունը, որոնք աշխատել են բոլոր իշխանությունների օրոք, այն էլ այդքան ցածր վարձատրության դիմաց`զրոյացնելը, անթույլատրելի է»: «Վնգստացող դատավորներ», «ՀՀ-ում չկա մեկ դատավոր ով վարչապետի ասածը չանի» եւ այլն, ըստ նախկին իշխանավորի, տոտալ ճնշում է դատական իշխանության նկատմամբ, ինչը եզրափակվեց ՍԴ-ի շուրջ տեղի ունեցողով. «Վիրավորում են ՍԴ անդամներին`ասելով`կոռումպացված եք, կեղտոտված եք, լավ մասնագետներ չեք, մենք ձեզ չենք վստահում, նրանց փող են առաջակում տուն գնալու դիմաց` ընդամենը ՍԴ-ն իրենց հարմարեցնելու համար»: Մեր զրուցակիցը հիշեցնում է ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի ելույթները խորհրդարանում այն մասին, որ վերահսկողական որեւէ կառույց պետք է տրվի ընդդիմությանը, որպեսզի իշխանությունը միշտ ավելի ճիշտ աշխատի: Ինքն առաջարկում է` ՍԴ-ն թողնել նույնությամբ, անգամ եթե այդ կազմին չեն վստահում եւ նրանց սխալ գործողությունների արդյունքում հետագայում քայլեր անել, եթե ՍԴ-ն որեւէ հակասահմանադրական որոշում կկայացնի: «Ոսկե ձեռք սեղմոցի», «վաղ թոշակ» անվանումները ստացած հայտնի քայլը ՍԴ-ի մասով, նա համարում իրավագիտական նոնսենս, որը տանում է տոտալիտար, միահեծան, միանձնյա կառավարման համակարգի: Հովհաննես Սահակյանը հիշեցնում է խորհրդարանում  ՍԴ անդամի ընտրության ժամանակ իշխանության նախընտրելի թեկնածու Վահե Գրիգորյանի արած քաղաքական հայտարարությունները, հղում է անում մամուլի հրապարակումներին, որ վերջինս չի մասնակցում ՍԴ-ի աշխատանքներին եւ վարձատրվում է ու եզրակացնում է`եթե իշխանությունն իր հետ կապված որոշումներ չի կայացնում, ուրեմն անկողմնակալ չեն, ազնիվ չեն: Ամեն դեպքում, ՍԴ-ի շուրջ զարգացումները իր համոզմամբ, առավելապես կապված են սահմանադրական փոփոխությունների հետ, որոնց մասին իշխանությունը դեռ հստակ չի խոսում, բայց հունվար ամսին, կարծում է, ավելի պարզորոշ կլինի, քանի որ աշխատանքայն խումբ է ստեղծվել:

Իշխանության կողմից երկակի ստանդարտների կիրառման համատեքստում, մեր զրուցակիցը հիշեցնում է հեղափոխական օրերը, երբ պետական համակարգում պարգեւավճարներ ստացող աշխատակիցներին դարձրել էին «ազգի դավաճան», մինչդեռ այսօր, պարգեւավճարները աստղաբաշխական թվերի են հասնում: «Պարգեւավճարները վատ բան չեն»,- ասում է մեր զրուցակիցը` հավելելով, որ ցածր աշխատավարձերի պարագայում դրանք փոխհատուցում են աշխատող մարդուն, բայց ակնկալում է, որ ներկայիս իշխանավորները բարոյականություն կունենան եւ ներողություն կխնդրեն`նախկինում իրենց արած հայտարարությունների համար: Նաեւ, պարգեւավճարները ծածուկ, գաղտնի հրամաններով չեն տրամադրի, այլ թափանցիկ, ինչպես խոստացել են աշխատել: Աշխատանքի թափանցիկության համատեքստում նա հիշեցնում է նաեւ Նիկոլ Փաշինյանի`ԱՄՆ կատարած այցի շուրջ աղմուկը եւ վարչապետի խոսնակի պարզաբանումը, թե այսուհետ այդպես են վարվելու`այցի արդյունավետությունից ելնելով: «Այսինքն, մենք ձեզ էլ հաշվի չե՞նք առնելու. պողոսներ ձայնը տվել եք, հանգիստ նստեք ձեր տեղը»: Հիշելով նաեւ 300 հազար աշխատելու ցանկություն չունեցող մարդկանց մասին վարչապետի հայտարարությունները, մեր զրուցակիցն ասում է`հասկանում է իրենց, որպես պետական հակարգում տարիներ շարունակ աշխատած մարդ. «Պետական մեքենան աշխատեցնելը բարդ է, բայց չէ՞ որ դուք հեղափոխություն էինք արել պոպուլիստական, էյֆորիկ կոչերով: Բա ո՞ւր են արագաչափերի տոտալ դեմոնտաժումը: Չէ՞ որ հեղափոխականներն էին արագաչափերը իրենց ներքնաշորերով փակում: Հիմա պարզվեց, որ արագաչափերը կարգավորո՞ւմ են, վթարներից խուսափելու համա՞ր են, որ արագաչափերից գանձված գումարներով դպրոցներ եւ մանկապարտեզնե՞ր են կառուցվում»: Հովհաննես Սահակյանը չի տեսնում ուղենիշը, որով Հայաստանը զարգանալու է`ներդրումների, կապիտալ շինարարության, բիզնեսի ընդլայնման եւ մնացյալ առումներով: Ասում է`ամեն ինչ տարերային է, մինչդեռ հեղափոխության օրերին խոսվում էր «դռան տակ հերթ կանգնած» ներդրողների մասին, բայց վեց ամիս պահանջվեց ճշտելու համար, որ նրանցից շատերի հաշվին որեւէ լումա չկա եւ իշխանությունը նրանց լուրջ չի վերաբերվում: Արձագանքելով հանրապետությունում ընթացող ճանապարհաշինության ծրագրերին էլ`ասում է`լավին`լավ: Բայց միեւնույն է, չի տեսնում, թե ի՞նչ համայնքային, պետական, միջպետական ծրագրեր կան, որոնք զուգահեռվելու են ճանապարհաշինական ծրագրերին: Հաջորդը`անպատասխանատու հայտարարություններն են, որոնց պակաս անցյալ տարի, ըստ մեր զրուցակցի, դարձյալ չենք ունեցել: Օրինակ, «Վետո» շարժման համակարգողի հայտարարությունը, որ X մարդը X գումար է ստացել`ազատագրված տարածքների վերադարձի համար հասարակությանը պատրաստելուն, որը որեւէ արձագանք չստացավ: Եզրակացնում է. «Եթե չեն արձագանքում, ուրեմն, ճիշտ է»: Ինքը դարձյալ պնդում է, որ վարչապետն ու իշխող թիմը ազնիվ չեն այն մարդկանց հետ, ովքեր իրենց իշխանության են բերել. «Խոսվում է խաղաղության, սահմաններում աննախադեպ հանդարտ իրավիճակի մասին: Զուգահեռ մենք տեսնում ենք, որ Տավուշում, Արցախի սահմանին զինվորներ են մահանում: Ոչ ոք չի խոսում դրա մասին: Վարչապետը Ալիեւի հետ ուղիղ կապ չի հաստատում, որ ասի`բա պայմանավորվել էինք ու հանրությանը տեղեկացնի, ինչպես խոստացել էր թափանցիկ լինել: Չէ՞ որ առաջին օրը, նույնիսկ կառավարական սենյակների սառնարաններն էին լայվով ցուցադրում: Դստեր համար նոր մեքենա գնելը, կառավարական առանձնատան թանկարժեք վերանորոգումը լայվի առիթ չէի՞ն, մինչեւ մամուլում բարձրացած աղմուկը»: Այս հիմքով, Հովհաննես Սահակյանը գալիք 2020-ից առանձնապես սպասելիքներ չունի, թեեւ լավ է հիշում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն ԱԺ ամբիոնից այն մասին, որ ունի կախարդական փայտիկ եւ անելու է: Ասում է`թող տնտեսական զարգացումն ու տնտեսական հեղափոխությունն էլ ամեն ընտանիք իր ընտանեկան բյուջեով չափի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

26.12.2019

aravot.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ