16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Արսեն Բաբայանը դիմել է դատախազին՝ Արման Բաբաջանյանի դեմ գործ հարուցելու հարցով

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, Ազգային հակակոռուպցիոն խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում  բաց նամակով դիմում է ՀՀ Գլխավոր դատախազին՝ առաջարկելով քննել ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառման մեջ հանցանքի առկայության հարցը: 

«Հարգելի պարոն Դավթյան,

Սույն բաց նամակով առաջարկում ենք քննարկել, թե արդյոք ստորև շարադրված հանգամանքներում առկա չէ հանցագործություն:

Այսպես, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը 2019 թվականի դեկտեմբերի 24-ին «Facebook» սոցիալական ցանցի իր էջում կատարել է հրապարակային հետևյալ գրառումը՝ «Հրայր Թովմասյանը ղեկավարած հանցագործների բանդան այսօր չափազանց կարևոր որոշում է կայացրել՝ Սահմանադրական դատարանն այսօր կայացրած որոշմամբ վերացրել է Բարձրագույն դատական խորհուրդ սահմանադրական մարմնի կարևոր գործառույթը։ Այսպիսի բան հնարավոր չէ պատկերացնել։ ՍԴ-ն իր այս որոշմամբ ԲԴԽ-ին փաստացի զրկեց դատավորի լիազորությունները դադարեցնելու կարևորագույն գործառույթից։ Շարունակեք ձեռք մեկնել հանցագործներին․․ Հ․Գ․ Նախագահն էլ չստորագրեց ձեր վաղ կենսաթոշակների օրինագիծը» (աղբյուրը՝ https://www.facebook.com/arman.babajanyan.92/posts/3110159799013130 , կցվում է նաև գրառման արտատպումը):

Պատգամավոր Արման Բաբաջանյանը նշված գրառմանը կից տեղադրել է նաև «news.am» լրատվական կայքի՝ «Օր առաջ Հայկ Հովհաննիսյանի լիազորությունները պետք է դադարեցվեն. ՍԴ-ն ԲԴԽ-ի որոշումը հակասահմանադրական է ճանաչել» վերտառությամբ հոդվածը, որը լրատվամիջոցում հրապարակվել է 24.12.2019թ., ժամը 17:31-ին (կցվում է):

Լրատվամիջոցի հրապարակած այդ հոդվածի վերտառությունը և բովանդակությունը վկայում են այն փաստի մասին, որ ՀՀ սահմանադրական դատարանում քննվել է կոնկրետ գործ, այսինքն՝ իրականացվել է արդարադատություն, այդ գործով ընդունվել է որոշում: Պատգամավոր Արման Բաբաջանյանը, իր հրապարակային հայտարարության մեջ հղում կատարելով նշված որոշմանը (դատական ակտին), ինչպես նաև՝ «որոշում է կայացրել» և «Սահմանադրական դատարանն այսօր կայացրած որոշմամբ…» արտահայտություններով հաստատելով, որ խոսքը վերաբերում է կոնկրետ գործը դատարանում քննելուն, քանի որ ՀՀ սահմանադրական դատարանում որոշումներն ընդունվում են գործերի կամ նյութերի քննության արդյունքներով, ՀՀ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանին և մի շարք դատավորների վերագրելով «հանցագործների բանդա ղեկավարելու» և «բանդայում մասնակցելու» գործողություններ, հրապարակային զրպարտել է կոնկրետ հանցագործության մեջ (ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդված):

Ելնելով վերոգրյալից, ինչպես նաև վերլուծելով պատգամավոր Արման Բաբաջանյանի հրապարակային հայտարարությունը` գտնում ենք, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի վերոհիշյալ արարքում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներ, մասնավորապես՝ Արման Բաբաջանյանը ՀՀ սահմանադրական դատարանի դատավորներին մեղադրել է ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու մեջ, այն է՝ անձանց կամ կազմակերպությունների վրա հարձակվելու նպատակով զինված խումբ (բանդա) ղեկավարելը և բանդայում մասնակցելը, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածով:

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Հրայր Թովմասյանի`ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ (դատավոր) լինելը հանրահայտ իրողություն է, գտնում ենք, որ դա լրացուցիչ հիմնավորման կամ ապացուցման անհրաժեշտություն չունի:

Անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի դիսպոզիցիայի «զրպարտելը» գործողության հասկացությանը, նշանակությանը և նկարագրությանը, ինչով էլ ապացուցված կհամարվի պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելը.

  1. «Զրպարտություն» հասկացությունը

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 3-րդ մասում «Զրպարտություն» հասկացությունը սահմանված է հետևյալ կերպ․

«Զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement օf fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը»:

Համաձայն ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/2293/02/10 գործով ընդունված որոշման՝ անհրաժեշտ է ցույց տալ չորս նախապայմանների առկայություն, որպեսզի արտահայտությունը համարվի զրպարտող։ Այդ նախապայմաններն են.

1) հայտարարությունը պետք է լինի փաստի մասին (փաստացի տվյալներ),

2) հայտարարությունը պետք է ներկայացված լինի հրապարակային եղանակով,

3) հայտարարությունը պետք է չհամապատասխանի իրականությանը,

4) հայտարարությունը պետք է լինի անձի պատիվը, արժանապատվությունը կամ

գործարար համբավն արատավորող։

5) Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը 15.11.2011թ. ՍԴՈ-997 որոշմամբ առանձնացրել է ևս մեկ հատկանիշ, այն է՝ հայտարարությունը պետք է անձին մեղադրի հանցանքի կամ զանցանքի մեջ, այսինքն` անձին վերագրվող արարքը պետք է արգելված լինի քրեական, մաքսային կամ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերով:

Այսպիսով, համադրելով ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հիշյալ հրապարակային հայտարարությունը «Զրպարտություն» հասկացության հետ՝ արձանագրում ենք․

1) Փաստի մասին հայտարարություն

Արման Բաբաջանյանի հրապարակային հայտարարությունը պարունակում է ՀՀ ՍԴ նախագահ (դատավոր) Հրայր Թովմասյանի և ՍԴ մի շարք այլ դատավորների մասին «փաստացի տվյալներ», ավելի ստույգ` Բաբաջանյանն իբրև հաստատված տեղեկություն, փաստ է ներկայացնում վերջիններիս` հանցավոր բանդայի մաս կազմելն ու այն փաստացի ղեկավարելը որն արտահայտվել է՝ «Հրայր Թովմասյանը ղեկավարած հանցագործների բանդան․․․» արտահայտությամբ, իսկ մյուս դատավորներին այդ բանդայում մասնակցելու մեջ մեղադրելը հաստատվում է՝ «Սահմանադրական դատարանն այսօր կայացրած որոշմամբ․․․»: ՀՀ սահմանադրական դատարանն այդ որոշումն ընդունել է կոլեգիալ կարգով, ձայների մեծամասնությամբ, հետևաբար դրան մասնակցած բոլոր դատավորները մեղադրվում են բանդայում մասնակցություն ունենալու մեջ:

2) Հրապարակային հայտարարություն

Հրապարակային է այն արտահայտությունը (կամ ներկայացված փաստերը), որը կատարվել է առնվազն երրորդ անձի ներկայությամբ, իսկ եթե հայտարարությունը կատարվել է ռադիոյի, հեռուստատեսության, համացանցի և կապի ու լրատվության այլ միջոցներով, ապա երրորդ անձին հաղորդակից դարձնելով (Վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/2293/02/10 գործով որոշում): Պատգամավոր Արման Բաբաջանյանը գրառումը կատարել է համացանցային տիրույթում, «Facebook» սոցիալական ցանցի իր էջում, բոլորին հասանելի եղանակով:

3) Իրականությանը չհամապատասխանող հայտարարություն

Այս պահանջը պետք է հասկանալ բառի սովորական իմաստով։ Ըստ Վճռաբեկ դատարանի՝ այդպիսին են սուտ, անհիմն կամ ոչ հավաստի տեղեկությունները: Պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից արված` քննարկվող հայտարարության մեջ ՀՀ ՍԴ նախագահ (դատավոր) Հրայր Թովմասյանի և ՍԴ մի շարք այլ դատավորների մասին արտահայտված մտքերը սուտ են, զուրկ են որևէ հիմքից և չեն պարունակում որևէ հավաստի տեղեկություն:

4) Արատավորող հայտարարություն

Քննարկվող հայտարարությունը ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլ նաև իր բնույթով արատավորող է։

Համաձայն Վճռաբեկ դատարանի թիվ ԼԴ/0749/02/10 որոշման՝ «Արատավորող կարող են լինել այնպիսի տվյալները, որոնք բովանդակում են ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից գործող օրենսդրության պահանջների խախտման, անարդարացի վարքագծի դրսևորման, անձնական, հասարակական կամ քաղաքական կյանքում էթիկայի պահանջներին հակասող վարքագծի դրսևորման, տնտեսական կամ ձեռնարկատիրական գործունեության ժամանակ անբարեխղճության, գործարար շրջանառության սովորույթների խախտման և այլ տեղեկություններ, որոնք չեն հիմնավորվում վերաբերելի և թույլատրելի ապացույցներով (իրական չեն), նվաստացնում, նսեմացնում են անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը»:

5) Վերագրվող արարքը պետք է արգելված լինի քրեական օրենսգրքով

Պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից հրապարակային զրպարտությունը վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածով նախատեսված արարքին: Պատգամավորը ՍԴ նախագահ (դատավոր) Հրայր Թովմասյանին և մի շարք այլ դատավորների մեղադրել է բանդիտիզմում, մասնավորապես՝ բանդա ղեկավարելու և բանդայում մասնակցություն ունենալու մեջ:

Այսպիսով՝ գտնում ենք, որ ամբողջությամբ առկա են առիթն ու հիմքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով քրեական գործ հարուցելու համար:

Միաժամանակ առաջարկում ենք նկատի ունենալ, որ սույն նամակում շարադրված հանգամանքները քննարկելիս, եթե գտնեք, որ առկա չէ հանցագործություն, ապա այդպիսով հնարավորություն կստեղծվի հետագայում նույն զրպարտությունները հնչեցնել դատախազների ու քննիչների հասցեին»:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ