«Սկսվում է քաղաքական պայքարի նոր փուլ, և ես հաջողություն եմ մաղթում բոլորիս այդ պայքարում». Լևոն Քոչարյանն ընթերցեց հոր ուղերձը
Հասկանում եմ, թե յուրաքանչյուրդ ինչերի միջով եք անցնում, ինչպես են փորձում կոտրել ձեզ, բայց դուք ուժեղ եք, շարունակում եք ձեր պայքարը, ինչի համար շատ շնորհակալ եմ:
Այս մասին այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների հավաքի ժամանակ ասաց նրա որդին՝ Լևոն Քոչարյանը:
Նա ասաց, որ հայրը տեղեկացել է, որ այսօր հավաք կա, և ըստ այդմ ուղերձ է հղել:
«Հարգելի բարեկամներ, ողջունում եմ ձեզ ու այսօրվա միջոցառումը: Ուզում եմ նախ իմ երախտագիտությունը հայտնել ձեզ ձեր հստակ դիրքորոշման, քաջության ու պարզ բառով ասած՝ տղամարդկության համար: Շնորհակալ եմ ձեզ, դուք ու ձեզ նման մարդիկ են, որ կերտել են Հայաստանի ու Արցախի նորագույն ու հերոսական պատմությունը՝ իրենց քաջության ու սկզբունքայնության շնորհիվ:
Ընդամենը մեկ տարի առաջ հնարավոր չէր նույնիսկ պատկերացնել, որ մեր երկրում նորից քաղաքական իմաստ ու արդիականություն կստանա «միացիր» կոչը: Եթե երեք տասնամյակ առաջ այն կոչ էր հայ ժողովրդի երկու բաժանված հատվածների միացման, ապա այսօր այդ կոչը միավորում է ապազգայնության, իրավական բեսպրեդելի, պատմության նենգափոխման ու անձնիշխանության դեմ պայքարողներին: Ցավում եմ, որ այսպիսի զուգահեռ կա, սակայն դա է ճշմարտությունը»,-ասված էր Քոչարյանի ուղերձում:
Նա նաև շնորհակալություն էր հայտնել բոլոր նրանց, ովքեր ստորագրել էին հաջակցություն իրեն: