«Փաշինյանն այդ սպառազինության հետ ի՞նչ կապ ունի». Էդուարդ Շարմազանով
«Բազմիցս նշել ենք, որ Սերժ Սարգսյանն ապրիլյան պատերազմի և առհասարակ Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի հետ կապված թաքցնելու որևէ բան չունի։ Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանը և Արցախը հաղթել են ապրիլյան պատերազմում։ Մենք հանձնաժողովից որևէ թաքցնելու բան չունենք, մեր իշխանության օրոք հայ ժողովուրդը հաղթել է ապրիլյան պատերազմում: Ավելին, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարեց, որ Ապրիլյանի հանձնաժողովը կփարատի հասարակության բոլոր մտահոգությունները»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Սերժ Սարգսյանը պատրա՞ստ է խոսելու ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում։
Ըստ նրա, ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի անդամներն ավելի արդար կլինեին, եթե լսեին ընդդիմության և իր գործընկերների կոչերը՝ հանձնաժողով հրավիրեին Նիկոլ Փաշինյանին՝ պարզելու, թե որտեղի՞ց նրան տեղեկություն, որ ապրիլյան պատերազմը «պայմանավորված է եղել Ռուսաստանի հետ», որպեսզի Ադրբեջանը մտնի ԵԱՏՄ։
«Եթե այսօր էլ Նիկոլ Փաշինյանը շարունակում է մնալ այդ կարծիքին, արդյո՞ք, վերջերս, երբ Սանկտ Պետերբուրգում էր և հանդիպում էր իր գործընկերների հետ, այնտեղ այդ մասին ասել է»,- շեշտեց Էդուարդ Շարմազանովը։
Անդրադառնալով Զինված ուժերի ձեռք բերած նոր սպառազինությանը, որի մասին գրառում էր կատարել Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ Զինված ուժերը համալրվել են ռուսական արտադրության գերժամանակակից հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2ԿՄ համակարգերով, ինչն այս տարվա իրենց ամենակարևոր ձեռքբերումներից է, Էդուարդ Շարմազանովը տարակուսեց՝ հարցնելով՝ Փաշինյանն այդ սպառազինության հետ ի՞նչ կապ ունի:
«Այդ պայմանագիրը ստորագրվել է 2017 թվականի հոկտեմբերի 2-ին, երբ Հայաստանի նախագահը Սերժ Սարգսյանն էր։ Այն, որ Նիկոլ Փաշինյանը և իր գործընկերները խորհրդարանում քննադատում էին հայ-ռուսական համագործակցությունը, ՀԱՊԿ-ն, ԵԱՏՄ-ն, այն ժամանակ ՀՀԿ-ն կողմ էր քվեարկում և ստորագրում էր ռազմական վարկերը, որի դրական պտուղներն այսօր քաղում ու սելֆի է անում Նիկոլ Փաշինյանը»,- եզրափակեց Շարմազանովը։